Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հարցը հետաքրքրում էր «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին, որին եւս, ինչպես

Հոկտեմբեր 12,2001 00:00

«ՁԵԶ ՄԻԱՅՆ Ա՞ՅԴ ՀԱՐՑՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, Երկրի, ժողովրդի վիճակը չի՞ հետաքրքրում» Այս հարցը հետաքրքրում էր «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին, որին եւս, ինչպես եւ ճեպազրույցների այլ մասնակիցների՝ լրագրողների ուղղած հարցերի առյուծի բաժինը վերաբերում էր Վանո Սիրադեղյանի մանդատին։ Կարծես թե այսօր ամենակարեւոր խնդիրն այդ է՝ մնացած բոլորը լուծված են։ Րոպեավճար, ԲԷՑ-եր եւ այլն՝ պակաս կարեւոր են։ Անցած եռօրյայի ընթացքում այդ երկու հարցերի նկատմամբ պատգամավորների դրսեւորած թուլամորթ պահվածքը՝ քվեարկությունից փախչելը, ստորագրել-հետ վերցնելը կամ սեփական ստորագրությունները չվերահաստատելը վարկաբեկիչ չէ, իսկ այ, Վանո Սիրադեղյանի բացակայություններն այս անգամ անհարգելի չճանաչելը վարկաբեկեց խորհրդարանը, հրատապ դարձրեց անհապա՛ղ լուծարման անհրաժեշտությունը։ Թե՞, իրոք, որոշ դաշնակցական պատգամավորներ լրջորեն են համոզված, որ «ժողովրդի մեծամասնության տեսակետն» արտահայտելու լավագույն ապացույցը Սիրադեղյանին մանդատից զրկելն է։ Եվ ժողովրդի մեծամասնությունը տեսակետ չունի ԲԷՑ-երի վաճառքի, այդ գործընթացում ՀՅԴ-ի տված խաղերի ու նաեւ նրա վերաբերյալ, թե դրանք հետագայում ինչպես կանդրադառնան նույն ժողովրդի վրա։ Վանո Սիրադեղյանի «ամենաոխերիմ բարեկամ» Արտաշես Գեղամյանն անգամ երեկ նշեց, որ այս մանդատի հարցը հիմա մեջտեղ բերելն այլ նպատակ է հետապնդում. «Խնդիր է դրված՝ ժողովրդի ուշադրությունը շեղել մայր՝ բուն հարցերից։ Խնդիր է դրված բարձրացնել սեփական վարկանիշը՝ հետապնդումների ենթարկելով մարդկանց, ում հանդեպ հասարակության որոշակի մասի մոտ արդեն իսկ կազմավորված կարծիք եւ տպավորություն կա։ Դրա հետ մեկտեղ՝ բնականաբար, պետք էր հերթական անգամ Ազգային ժողովը հանրությանը ներկայացնել այն տեսքով, որով նա արդեն հանդես է գալիս երկու տարուց ավելի»։ Քիչ անց պրն Գեղամյանը պարզաբանեց, թե ինչու է հեգնանքով խոսում այս ամենի մասին. «Դա պայմանավորված է այն մեծագույն հոգեկան ապրումներով, որոնք ես ունեցա, երբ կարդացի հետեւյալ տողերը. «Եթե այդ մարդը մահացած չլիներ՝ ես նաեւ այդ առումով շատ բան կունենայի ասելու։ Ուղղակի հիմա չեմ կարող ասել»։ Աղասի Արշակյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոսքն «Առագաստում» տեղի ունեցած փոքրիկ (Քոչարյանի բնորոշումն է) «քաշքշուկի» մասի՞ն է։ Հաստատական պատասխանից հետո Գեղամյանը շարունակեց. «Այսպես վախի ու սարսափի մթնոլորտ են սփռում։ Եվ Վանո Սիրադեղյանի հետ կապված այս պատմությունները միայն եւ միայն գալիս են ապացուցելու դա։ Մինչդեռ դա հերթական խաղն է»։ Ի դեպ, հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնք շտապեցին աղաղակել, թե իր այս քվեարկությամբ խորհրդարանը հովանավորեց հանցագործին, ծպտուն անգամ չեն հանում այն մասին, թե այդ ո՞ւմ հովանավորության շնորհիվ է, որ Պողոս Պողոսյանի դիտավորյալ սպանության գործով մինչ այժմ եւ ոչ մեկը չի կալանավորվել։ «Եվ այս կեղտոտ խարդավանքի մեջ հանրապետության նախագահն ուզում է ամբողջ քաղաքական էլիտան ներքաշել՝ վարկաբեկելով ոչ թե նրանց, այլ քաղաքական ամբողջ հասարակարգը։ Եվ պետք չէ, որ որեւէ մեկն իրեն միամիտի տեղ դնի եւ հարցը տեղափոխի այլ հարթություն»,- ասում էր Արտաշես Գեղամյանը։ Երեկ եղան հարցն իրոք այլ հարթություն տեղափոխողներ։ Խոսում էին, ասենք, օրինականությունը պահպանելու անհրաժեշտության մասին, երբ ակնհայտ է, որ մանդատից զրկելն օրենքի ներկա սահմաններում լուծելն օրինական չէր լինի։ Խնդրի էությունը շատ լավ է ձեւակերպել Ալեքսանդր Արզումանյանը. «Կա ԱԺ կանոնակարգ, ըստ որի՝ պատգամավորը պետք է տեղյակ պահվի իր հարցի քննարկման մասին։ Նրան տեղյակ չեն պահել, այդ մասին տեղյակ են պահել ինձ, իսկ ես Վանո Սիրադեղյանը չեմ։ Տեղյակ է պահվել իր կինը, որը նույնպես Վանո Սիրադեղյանը չէ, նրա անունը Ռուզան է»։ Թվում է, օրենսդիր մարմնի ներկայացուցիչների համար ինչ մի դժվար է կանոնակարգ փոխել, հստակեցնել այդ դրույթը։ Բայց չէ՝ պատգամավոր, ընդ որում՝ իրավաբան Ֆրունզե Խառատյանը երեկ պնդում էր, թե «պարտադիր չէ կանոնակարգից ելնել», «ամեն ինչ չէ, որ օրենքը պիտի կարգավորի», «կանոնակարգում հնարավոր չէ ամեն ինչ նախատեսել» եւ այլն։ Եթե ոչ օրենքով՝ ուրեմն, էլ ինչպե՞ս պիտի լուծվի այս խնդիրը։ Կարելի է, իհարկե, հարցը կարգավորել, ասենք, նախադեպի սկզբունքով, որն ընդունված է մի շարք երկրներում։ Այդ պարագայում ներկա խորհրդարանն էլ պիտի շարունակի նույնքան հանդուրժող գտնվել, որքան 1997-ին նախորդ ԱԺ-ն գտնվեց ընդդիմության նկատմամբ։ Կարող են, իհարկե, առարկել, թե զուգահեռը տեղին չէ, քանի որ այն ժամանակ դա քաղաքական բոյկոտ էր, եւ այդ գործիչները հանցագործության կազմակերպման մեջ չէին կասկածվում։ Բայց հիշեցնեմ, որ «քաղաքական բոյկոտ» հասկացություն սահմանված չէ ԱԺ կանոնակարգում՝ այնտեղ կա միայն «բացակայություն» հասկացությունը։ Եվ եթե Վանո Սիրադեղյանը կասկածվում է «անձի կյանքի» դեմ ուղղված հանցագործության մեջ, ապա այդ ընդդիմադիր գործիչներից շատերը մեղադրվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, որն արդեն պետական հանցագործություն է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031