Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 13,2001 00:00

ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ Հայաստանի հավաքականի փայլուն մեկնարկը Եվ այսպես, երեկ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում մեկնարկեց շախմատի աշխարհի հինգերորդ թիմային առաջնությունը։ Ժամը 11-ին բացման հանդիսավոր արարողության ժամանակ առաջնության գլխավոր մրցավար հոլանդացի Գիյսեն Գերտը կատարեց վիճակահանությունը։ Մինչ այդ, նա տեղեկացրեց, որ Երեւան չի ժամանել Աֆրիկայի հավաքականը։ Եվ այդ պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել որոշակի շտկումներ կատարել մրցակարգում։ Ըստ այդմ, ամեն տուրում մեկ հավաքական կհանգստանա։ Այնուհետեւ հավաքականների ներկայացուցիչները ինը պատանիների եւ աղջնակների ձեռքից վերցրին իրենց համարը, որից հետո Գերտը հայտարարեց առաջին տուրի զույգերը։ Հայաստանի մրցակիցը Իրանի հավաքականն էր, Ռուսաստանը ուժերը պետք է չափեր Հունգարիայի, Գերմանիան՝ Ուկրաինայի, Կուբան՝ Ուզբեկստանի հետ։ Երեկ Մակեդոնիայի թիմը հանգստանում էր։ Նախորդ համարում տպագրել էինք հավաքականների նախնական կազմերը։ Սակայն, երեկ տեղեկացանք, որ որոշ թիմերի կազմերում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Օրինակ, Ռուսաստանը եւ Ուզբեկստանը մրցավայր էին ժամանել երեկ առավոտյան եւ, կարծես, նոր շախմատիստների անուններ են ներկայացրել, որոնց վերջնական ցուցակը լրագրողներին տրամադրել հնարավոր էր ուշ երեկոյան կամ այսօր առավոտյան։ Առաջին տուրն սկսվեց 20-25 րոպե ուշացումով։ Պատճառը՝ բեմի, որտեղ դրված են խաղասեղանները, տանիքից ավազ էր թափվում։ Օպերայի թատրոնի աշխատակիցները շուտով վերացրին դա եւ գլխավոր մրցավար Գիյսեն Գերտի հրահանգով մրցավարները գործի դրեցին ժամացույցները։ Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանն առաջին տուրում հայտավորել էր (ըստ խաղատախտակների) Վլադիմիր Հակոբյանին, Սմբատ Լպուտյանին, Աշոտ Անաստասյանին եւ Արտաշես Մինասյանին։ Երբ նրանից հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ Ռաֆայել Վահանյանը չի խաղում, ասաց, որ հայ գրոսմայստերի համար երեկ արտասովոր օր էր. ծննդյան 50-ամյակի եւ շախմատի հայկական դպրոցին մատուցած մեծ ծառայությունների համար պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Սակայն Ռաֆայելը եւ մեր թիմի ամենակրտսեր անդամը՝ Կարեն Ասրյանը դահլիճում էին եւ իրենց ներկայությամբ ոգեւորում էին թիմակիցներին։ Ուրախությամբ հարկ է արձանագրել, որ մեր գրոսմայստերական թիմը երեկ, պարզապես, հիացրեց դահլիճում տեղ զբաղեցրած իր հարյուրավոր երկրպագուներին։ Վլադիմիր Հակոբյանն առաջին խաղատախտակի վրա սպիտակներով առավելության հասավ Իրանի հավաքականի ներկայացուցիչ Ղաեմ Մաղամի Էհսանի նկատմամբ։ Լպուտյանը սեւ խաղաքարերով համառ պայքարում պարտության մատնեց Մոհջաբ Զարդաստին, Աշոտ Անաստասյանը հարկադրեց անձնատուր լինել Մոհսեն Ղորբանիին, իսկ Արտաշես Մինասյանը գեղեցիկ ոճով հաղթեց Մորթեզա Դարբանին։ Անչափ մեծ հետաքրքրություն էր առաջացրել Ռուսաստան-Հունգարիա մրցամարտը, հատկապես այս երկու երկրների առաջատարների՝ Պյոտր Սվիդլերի եւ Պետեր Լեկոյի պայքարը։ Երիտասարդ, բայց եւ փորձառու գրոսմայստերների պայքարում հաջողությունն ուղեկցեց Սվիդլերին, որը բարդ իրադրությունում ավելի հստակ կողմնորոշվեց եւ արժանի հաղթանակ տարավ։ Իր թիմին մեկ հաղթական միավոր բերեց նաեւ Սերգեյ Ռուբլեւսկին, որին անձնատուր եղավ Զոլթան Վարգան։ Ալեքսեյ Դրեեւ-Զոլթան Գիմեշի, Ալեքսանդր Մոտիլյով-Պետեր Աքս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ Օրվա կենտրոնական հակամարտություններից էր նաեւ Գերմանիա-Ուկրաինա մրցապայքարը։ Մինչեւ վերջին պահը հաշիվը գլխավորում էր Գերմանիայի ընտրանին՝ Արթուր Յուսուպովի գլխավորությամբ, որն, ի դեպ, միավորը բաժանեց Վասիլի Իվանչուկի հետ։ Խաղաղությամբ միմյանց հրաժեշտ տվեցին նաեւ Թոմաս Լութերն ու Օլեգ Ռոմանիշինը։ Ալեքսանդր Գրաֆն առավելության հասավ Վլադիմիր Բակլանի նկատմամբ։ Այնպես որ, մրցամարտի վերջնական արդյունքը կախված էր Քրիստոֆեր Լուտց-Ռուսլան Պոնոմարյով հանդիպման ելքից։ Չափազանց համառ պայքարում, որն, ի դեպ, երեկ վերջինն ավարտվեց, Պոնոմարյովին, ի վերջո, հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը։ Ուզբեկստան-Կուբա հակամարտությունում միակ հաղթանակը տոնեց Ռուստամ Կասիմջանովը, որի առջեւ զենքերը վայր դրեց Լեյնիեր Դոմինգեսը։ Շուքրատ Սաֆին-Ռեյնալդո Վերա, Սայդալի Յուլդաշեւ-Վալտեր Արենչիբիա եւ Վլադիմիր Եգին-Արյամ Աբրեու պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյուքներ։ Այսպիսով, առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորեց Հայաստանի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակ 1. Հայաստան 4,0 2. Ռուսաստան 3,0 3. Ուզբեկստան 2,5 4-5. Ուկրաինա 2,0 4-5. Գերմանիա 2,0 6. Կուբա 1,5 7. Հունգարիա 1,0 8. Իրան 0,0 Այսօր երկրորդ տուրում հանգստանում է Ուզբեկստանի հավաքականը։ Խաղատախտակների առջեւ կհանդիպեն Ուկրաինա-Կուբա, Հունգարիա-Գերմանիա, Իրան-Ռուսաստան, Մակեդոնիա-Հայաստան հավաքականները։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել