Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային

Հոկտեմբեր 18,2001 00:00

ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է Օպերային թատրոնի բեմահարթակում շարունակվում է շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը։ Մինչեւ հինգերորդ տուրը իրադարձությունները զարգանում էին հօգուտ Հայաստանի հավաքականի։ Չորրորդ տուրում մեր տղաներին մեկօրյա ընդմիջումից հետո անչափ լուրջ փորձություն էր սպասում. նրանց մրցակիցը Ռուսաստանի հավաքականն էր։ Բայց մեր քառյակը հանդես եկավ մեծ վերելքով եւ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ Առաջին խաղատախտակի վրա հանդիպեցին թիմերի առաջատարները, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Պյոտր Սվիդլերը։ Սակայն նրանց միջեւ պայքարը շատ չձգձգվեց։ Կարճ ժամանակում Վլադիմիրն իր միահեծան իշխանությունը հաստատեց խաղատախտակի վրա եւ մրցակիցը 29-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց։ Հիանալի հանդես եկավ նաեւ Սմբատ Լպուտյանը, որից մի փոքր ավելի ջանքեր պահանջվեցին «հասկացնելու» Կոնստանտին Սակաեւին, որ պայքարը շարունակելն այլեւս անիմաստ է։ Սակաեւը 35-րդ քայլում անձնատուր եղավ։ Ռաֆայել Վահանյան-Ալեքսանդր Գրիշչուկ համառ մրցակցությունում գրոսմայստերներն, ի վերջո, համաձայնեցին ոչ-ոքիի։ Առաջնությունում իր անդրանիկ փորձությունից պատվով դուրս եկավ նաեւ երիտասարդ գրոսմայստեր Կարեն Ասրյանը, որը միավորը բաժանեց Ալեքսանդր Մոտիլյովի հետ։ 4-րդ տուրի մյուս հանդիպումներն ավարտվեցին այսպիսի արդյունքներով. Իրան-Կուբա՝ 1,5։2,5, Հունգարիա-Ուզբեկստան՝ 2։2, Մակեդոնիա-Գերմանիա՝ 0,5։3,5։ Այս տուրում Ուկրաինան հանգստանում էր։ Հայաստանի հավաքականի հաղթարշավը հինգերորդ տուրում կասեցրին գերմանացիները՝ հաղթելով 3։1 հաշվով։ Հակոբյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց Արթուր Յուսուպովի հետ։ Թոմաս Լյութեր-Արտաշես Մինասյան պարտիայում նույնպես գրանցվեց ոչ-ոքի։ Իսկ ահա Լպուտյանն ու Անաստասյանը տանուլ տվեցին համապատասխանաբար Քրիստոֆեր Լուտցին եւ Ալեքսանդր Գրաֆին։ Կուբան հաղթեց Մակեդոնիային՝ 3։1, Ուզբեկստանը՝ Իրանին՝ 3,5։0,5, Ուկրաինան՝ Հունգարիային՝ 2,5։1,5։ Ռուսաստանն ազատ էր պայքարից։ Երեկ կայացավ 6-րդ տուրը։ Հայաստանը 3։1 հաշվով առավելության հասավ Ամերիկայի չեմպիոն Կուբայի նկատմամբ։ Հակոբյան-Դոմինգես, Ասրյան-Դելգադո պարտիաներում մրցակիցները միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղությամբ։ Վահանյանը եւ Լպուտյանը համապատասխանաբար հաղթեցին Վերային եւ Արենչիբիային։ Այսպիսով, Հայաստանը հինգ տուրից հետո 15,0 միավորով կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Ռուսաստանը 3,5։0,5 հաշվով հաղթեց Գերմանիային, նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ Ուկրաինա-Իրան մրցամարտում, իսկ Ուզբեկստանը 1,5։2,5 հաշվով զիջեց Մակեդոնիային։ Այսպիսով, 6 տուրից հետո թիմերը դասավորվել են հետեւյալ հերթականությամբ. 1. Հայաստան՝ 15,0, 2. Ռուսաստան՝ 14,5, 3. Ուկրաինա՝ 14,5 (բոլորն էլ՝ հինգ տուրից), 4. Գերմանիա՝ 14,0, 5. Կուբա՝ 11,5, 6. Ուզբեկստան՝ 10,0 (բոլորն էլ՝ վեց տուրից), 7. Հունգարիա՝ 8,0, 8. Մակեդոնիա՝ 4,5, 9. Իրան՝ 4,0։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել