Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉ ՈՒՆԵՆ

Հոկտեմբեր 20,2001 00:00

ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉ ՈՒՆԵՆ Գառնիկ Անանյանի ղեկավարած ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պատրաստած կադրերի մասին պատկերացում կարելի է կազմել նաեւ ֆակուլտետի «Ժուռնալիստ» ուսումնական թերթից, որտեղ հրապարակվում են ուսանողների ստեղծագործությունները, որոնք հոդված կարելի է անվանել որոշակի վերապահումով։ Դրանք ավելի շատ գեղարվեստական մտորումներ են, որ շատ քիչ կապ ունեն լրագրության հետ։ Սակավ բացառությամբ, հենց նման նյութեր են սովորաբար բերում խմբագրություն այդ ֆակուլտետի ուսանողները։ Ու սովորաբար դրանք լինում են մուրացկանության, գործազրկության եւ այլ «ծեծված» թեմաներով։ «Ժուռնալիստի» միայն մեկ՝ սեպտեմբերյան համարին մեր ծանոթությունը այս առումով ինչ-որ լավատեսության տեղիք չտվեց։ Հիմնականում «շաբլոն» ու հուզախառն արտահայտություններով լեցուն, որեւէ տեղեկություն, լուր կամ նորություն չպարունակող հրապարակումներ են։ Ու հատկապես այս ֆոնի վրա, 2-րդ կուրսի ուսանողուհու համար գովելի «լրջությամբ» ու բարոյական արժեքների համար պայքարելու բուռն ոգեւորությամբ առանձնանում է «Հանճարեղ» ստեղծագործություններ «Գարուն» ամսագրում» հրապարակումը։ Այն ուղղված է «Գարուն» ամսագրի խմբագիր Լեւոն Անանյանի դեմ, որն, ինչպես հայտնի է, այժմ Գրողների միության նախագահն է եւ ոչ վաղ անցյալում՝ Գառնիկ Անանյանի մրցակիցը։ Վերջինս, հիշեցնենք, բուռն ցանկություն ուներ զբաղեցնել այդ պաշտոնը։ «Գարունը» միշտ էլ աչքի է ընկել իր պարկեշտ ոճով, ինքնատիպ նյութերով, տարբերվել է մյուս ամսագրերից։ Վերջին տարիներին, սակայն, գլխավոր խմբագիր Լեւոն Անանյանը, փորձելով ամսագիրը դարձնել էլ ավելի ժամանակակից, սկսեց տպագրել իր «խենթ» հեղինակների ամենալպիրշ «գիշերային» մտորումները։ Նպատակն այն էր, որ ամսագիրը նոր սերնդի ներկայացուցիչներին ավելի հասու եւ հետաքրքիր լինի։ Բայց սխալ է խմբագրի այն կարծիքը, որ նոր սերունդը այսքան ցածր մակարդակ ու ճաշակ ունի, իր տպագրվող հեղինակների չափ այլասերված ու անամոթ է»,- վրդովված գրում է ամոթով հայ աղջիկը։ Մնացյալը ճիշտ այս ոգով ու ոճով է։ Զարմանալու ոչինչ չկա. Գառնիկ Անանյանն էլ իր գրած ուսումնական ձեռնարկներն է օգտագործում իր «սիրելի» թերթերին, լրագրողներին ու քաղաքական ուժերին լավ-լավ խոսքեր ասելու համար։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել