Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելի «Առավոտ» թերթի խմբագրություն

Հոկտեմբեր 23,2001 00:00

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հարգելի «Առավոտ» թերթի խմբագրություն Հոկտեմբերի 18-ին Ձեր թերթի 2-րդ էջում տպագրվել է «Ընդդիմադիրներն աշխատանքի իրավունք ՀՀ-ում չունեն» վերնագրով մի հոդված, որում հոդվածի հեղինակը Սուրեն Սուրենյանցի խոսքերը մեջբերելով փորձում է պարզ աշխատանքային խնդիրը քաղաքականացնել, իսկ ինքը՝ Սուրեն Սուրենյանցը, դրանից «հալածված քաղաքական գործչի» իմիջ ձեւավորել։ Նախ ուզում եմ տեղեկացնել, որ «Անդրադարձ» քաղաքական-վերլուծական ծրագիրը ոչ մի օր չի փակվել, ծրագրում շոշափվող ոչ մի թեմա չի արգելվել։ «Անդրադարձը» ոչ թե Սուրեն Սուրենյանցի հեղինակային ծրագիրն է, այլ Հայաստանի Ազգային ռադիոյի թիվ 1 վերլուծական ծրագիրը։ Հայաստանի Ազգային ռադիոյի դերը հանրության կարծիքն արտահայտելն է եւ իշխանություն-ժողովուրդ կապն ապահովելը, ինչը, կարծում եմ, պետք է անել, եւ արվում է՝ հանրության բոլոր շերտերի տեսակետները համամասնորեն ներկայացնելով։ Նպատակահարմար չեմ գտնում, որ Սուրեն Սուրենյանցը, հանդիսանալով «Հանրապետություն» կուսակցության լիդերներից, վարի Հայաստանի Ազգային ռադիոյի թիվ 1 քաղաքական-վերլուծական ծրագիրը, քանի որ նրա անձն արդեն կոնկրետ գաղափարախոսություն կրող է եւ չի կարող ճիշտ ընկալվել։ Իսկ ինչ վերաբերում է Սուրեն Սուրենյանցին կուսակցական լինելու պատճառով աշխատանքից հեռացնելուն, ապա դա նրա երեւակայությունն ու մեծ ցանկությունն է՝ իր անձը «հալածված քաղաքական գործիչ» ձեւակերպման տակ տեղավորելու համար։ Սուրեն Սուրենյանցն ի պաշտոնե քաղաքական-տնտեսական խմբագրության «Մամուլը ռադիոհաճախականությամբ» բաժնի վարիչն է եւ մինչ օրս շարունակում է մնալ որպես բաժնի վարիչ։ Սակայն շուրջ 2,5 ամիս նա աշխատանքի չի ներկայանում՝ առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության։ Իսկ իմ որոշումների օրինականության վերաբերյալ կարող եմ ասել, որ ես բացարձակ ազատ եմ եւ ինքս եմ որոշում, թե որ լրագրողը ինչ հաղորդաշար պետք է պատրաստի կամ վարի։ Եվ իմ՝ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն նշանակվել կամ չնշանակվելը որեւէ կերպ չի կարող ազդել իմ, հետեւաբար եւ այսօրվա ռադիոյի քաղաքական դիրքորոշումներին եւ տեսակետներին, դրանք մեկն են՝ ՀՀ քաղաքացուն տեղեկացնել ներքին եւ արտաքին քաղաքական, տնտեսական տեղաշարժերը եւ հնչեցնել հանրության գնահատականը այդ երեւույթների վերաբերյալ։ Հարգանքներով՝ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ Հ. Գ. Ես եւ արհմիության նախագահը Ս. Սուրենյանցին ժամանակ ենք տվել կողմնորոշվել «Մամուլը ռադիոհաճախականությամբ» ծրագրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը շարունակելու առնչությամբ։ Այլապես 2,5 ամիս անհարգելի բացակայությունների պատճառով բոլոր իրավական հիմքերը կան նրան աշխատանքից ազատելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել