Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան (տղաներ եւ աղջիկներ) առաջնությունը՝ տարբեր տարի

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՈՒՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ Իսպանիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան (տղաներ եւ աղջիկներ) առաջնությունը՝ տարբեր տարիքային խմբերում։ 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները հանդիպեցին հերթական մրցակիցների հետ։ 10 տարեկան աղջնակների պայքարում նախորդ տուրում կրած պարտությունը չընկճեց Հայկուհի Ալեքսանյանին։ Այս անգամ նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց Նատաշա Լաուդերին (Ավստրիա) եւ 2,5 միավորով այժմ 36-րդ տեղում է։ Աննա Հայրապետյան- Փոփի Աարոնս (Անգլիա) մրցակցությունը 12 տարեկանների պայքարում խաղաղ ելք ունեցավ։ Աննան նույնպես իր անվան դիմաց գրանցեց 2,5 միավոր, սակայն նա առայժմ 42-րդն է։ Ցավոք, իր մրցաշարային դրությունը բավականաչափ լավացնելու հնարավորությունը ձեռքից բաց թողեց Լիանա Աղաբեկյանը, որը սպիտակներով տանուլ տվեց Ալինա Մոտոսին (Ռումինիա) եւ 3,0 միավորով նահանջեց 27-րդ հորիզոնական։ Աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրն ընդհանուր առմամբ անհաջող ընթացավ մեր տղաների համար։ Այսպես, 12 տարեկանների խմբում հանդես եկող Զավեն Անդրիասյանը անձնատուր եղավ Ռոբին Սվինկելսին (Նիդեռլանդներ) ու առայժմ 52-րդ տեղում է (2,5 միավորով)։ Ալեքսանդր Կովչանի (Ուկրաինա) հետ խաղում անհաջողության մատնվեց նաեւ Տիգրան Գեղամյանը (18 տարեկաններ), որի վաստակած միավորների գումարը՝ 3,5, մնաց անփոփոխ։ Դրա հետեւանքով Տիգրանը եւս մրցաշարային աղյուսակում մի քանի աստիճան տեղի տվեց՝ իջնելով 12-րդ հորիզոնական։ 10 տարեկանների խմբում ընդգրկված Հրայր Սիմոնյանը միավորը բաժանեց ուկրաինացի Պետրո Լիչմանի հետ եւ պահպանեց դիրքերն առաջատարների մեջ։ Նա 4,0 միավորով 5-րդն է։ Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող Արգամ Ալավերդյանը սպիտակներով տանուլ տվեց ղազախ Յերշան Սապենովին եւ 2,0 միավորով 52-րդ տեղում է։ Մեր շախմատիստներից միակ հաղթանակն այս տուրում, այն էլ սեւերով, տոնեց Վարդան Մովսիսյանը (14 տարեկաններ)։ Նրան անձնատուր եղավ Իսպանիայի ներկայացուցիչ Մարկոս Ֆոնտեշան։ Վարդանը 3,0 միավորով 41-րդ հորիզոնականում է։ Երեկ 6-րդ տուրի օրն էր։ Հայ շախմատիստների մրցակիցներն էին. աղջիկներ Հայկուհի Ալեքսանյան-Կատրինա Սկինկե (Լատվիա) Աննա Հայրապետյան-Մադոնա Բոկուչավա (Վրաստան) Բելլա Իգլա (Իսրայել)-Լիանա Աղաբեկյան։ տղաներ Սաբա Վարգա (Հունգարիա)-Հրայր Սիմոնյան Զավեն Անդրիասյան-Հենրի Ռոբերտ Սթիլ Վարդան Մովսիսյան-Ջակոբ Գլուդ (Դանիա) Մերաբ Գագունաշվիլի (Վրաստան)- Տիգրան Գարամյան Ժոզե Պաբլո Հիմենես Մորա-Արգամ Ալավերդյան (Չեխիա)։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել