Սկիզբը՝ «Առավոտի» հոկտեմբերի 21-ի համարում
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՐԱ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ՝ ԱՇԽԱՐՀԻ 38 ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՇՔԵՐԹՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱ, ԳԵԲԶԵ, ՔՈՋԱԵԼԻ
Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնության պարա լողի մրցաշարին մասնակցությունն առաջինը հենց Թուրքիան էլ ողջունել էր իրենց Պարալիմպիկի էջում, հաստատելով և ներկայացնելով իր ողջույնի խոսքում, որ Հայաստանի մասնակցությունն առաջին անգամ է, որ ևս մի դրոշ ավելացավ Եվրոպական ընտանիքին և որ իրենք սիրով սպաում են մեզ՝ ՀՀ պարա լողորդ Գարիկ Միքայելյանին
Կարդացեք նաև
Գեբզեի օլիմպիական փակ լողավազանը կարողացավ հավուր պատշաճի ընդունել աշխարհի տարբեր երկրներից եկած մարզիկներին, որոնց մեջ պարա լողի լեգենդների պակաս չէր զգացվում։ Եկել էին ուժեղագույնները, նմանների հետ մրցույթն ինքնին պատվաբեր է, ուսուցանող, մեծ փորձառություն, որ ուրիշ ոչ մի տեղ չես ունենա։
Մենք միակն էինք, ում հանդերձարանը պիտի լիներ առանձին, քանի որ որպես մարզիչ, օգնական, ամեն ինչ ունեին մնացած բոլոր մարզիկները՝ այդ բոլոր գործառույթները դրված են իմ ուսերին, դժվարություն էր իհարկե մարզասրահի առաջին հարկի դոպինգ ստուգման սրահներից վազքով ու ժամանակին հասնել լողավազան, բայց մենք դա անում էինք ինչպես հարկն է։ Առաջին երեք մարզումների օրերին լողավազանից հանված էր աստիճանը, որն այդպես էլ զգուշացնելուց ու դիմելուց հետո չտեղադրվեց, մինչ մրցաշարի օրը։ Առանց ձեռքերի մարզիկի համար գրեթե անհնար էր ինքնուրույն դուրս գալ լողավազանից, բայց ոչ Գարիկի, ով հնարամտորեն իրեն դուրս էր նետում ափ, միայն պետք էր, որ ես մի փոքր ուժ գործադրեի և վզից ջրից դուրս քաշեի իրեն, առաջին փորձն իհարկե վնասվածքով ավարտվեց, ուսատակի, հին վերքերի, բժշկական կարերի հատվածից պատռվածք ստանալով, որը լողավազանի բժիշկ Մուրադի կողմից արագ ապաքինվեց։
Առաջին օրվա մեր նախաճաշը չէր մտնում հյուրանոցի ժամային գրաֆիկով պայմանավորված վարձակալության մեջ, ճանապարհից հոգնած որոշեցինք հյուրատան խոհանոցի տնօրենին վճարել ու նախաճաշել տեղում։ Ծանոթացանք, չնայած մարզահագուստը, որ կրում էինք, ամբողջովին զարդարված էր հայկական գերբով, դրոշով և «Armenia» լոգոներով, մեր սպորտային ուսապարկերը նույն էպիկիրովկայով ասում էին, թե ովքեր ենք։ Հայեր, օ՜, հաճելի է շատ, համեցեք, համեցեք, շատ աշխույժ ու բարեհամբույր, ուրախ ժպիտով Գուգլ թարգմանչական ծրագրից ճարպկորեն օգտվելով՝ ասաց մեզ խոհանոցի տնօրեն Սինանը։ Վճարի մասին լսել անգամ չցանկացավ, հակառակ մեր պնդումներին, խնդրեց, որ ընդունենք իր առաջարկը, դուք այս հյուրանոցի հյուրերն եք, ոչինչ պետք չէ վճարել… Համոզել չկարողացանք, չնայած հետագա օրերին փորձեցինք փոխհատուցել նրան իր վերաբերմունքի համար՝ սիգարետ և այլ բաներ հրամցնելով… Սինանը դեռ զարմացնելու էր ինձ… Ճաշասրահում գրադարակ կար, որտեղ գրքերից մեկի շապիկին թուրքական աշխարհի երևելիների դեմքերն էին… Մոտեցա, Սինանը գրքասեր էր երևի, ինքն էլ մոտեցավ, ցույց տալով Սուլթան Սուլեյմանի նկարը՝ ասացի անունը, Սինանը ոգևորվեց… Ձեր քերականության համար պարտական եք հայերին, պակաս չոգևորվեցի նաև ես, Սինանը զարմացած ու հետաքրքրված կլորացրեց աչքերը, այո, այո, Հակոբ Տիլաչարի մասին է խոսքս, նա Աթաթուրքի սիրելին էր, ով ստեղծեց քերականություն ժամանակակից թուրքերենի համար, նրա շնորհիվ սկսեցիք կրել նաև ազգանուններ։ Սինանը անկեղծորեն ասաց, որ առաջին անգամ է լսում Տիլաչարի՝ Հակոբ Մարդայանի մասին։ Քո անունով ճարտարապետների հայտնի տոհմ կա, Սինանյաններ, ովքեր Պալյանների հետ միասին կառուցել են Թուրքիայի հայտնի կառույցները, կամուրջները, Այա Սոֆյան ու Դոլմաբահչեն դրանցից ամենահայտնիներն են թերևս… Այս պարզ ու բարեկիրթ թուրքը ինձ զարմացրեց իր հոգատարությամբ ու մարդասիրությամբ։ Հաջորդ առավոտյան, նախաճաշի ժամանակ, երբ նա ծանր բազկաթոռը մոտեցրեց մեր սեղանին և առաջարկեց, որ ինքը կերակրի ամուսնուս, իսկ ես հանգիստ նախաճաշեմ, ինձ ամենևին դժվար չէ, ասաց նա իմ անակնկալի գալը նկատելով, ես հուզված և շփոթված շնորհակալությամբ հրաժարվեցի նրա մարդասիրական այդ ժեստից, որն անկեղծ էր ու մարդկային. դեռ չէր եղել նման դեպք, որ մեկն այդչափ նրբանկատ գտնվեր և նման առաջարկ աներ, ամենուր էլ, բոլորին ի տես ես եմ կերակրել զինհաշմանդամ ամուսնուս, չմտածելով անգամ, որևէ մեկի նեղություն տալ։ Սինանի հայացքն ավելի հետաքրքրասեր ու զարմացած էր դառնում։ Պատմական կարճ ակնարկներով հասանք Սուլթան Համիդին, արյունոտ սուլթանի դեմ հայ լուսավորյալ մտավորականության ու երիտթուրքերի միասնական հեղափոխության մասին, եղբայրություն, հավասարություն լոզունգների մասին, որոնք արագ մոռացվեցին, երբ նաև այլ երկրների դրդմամբ ու աջակցությանբ կազմակերպվեց հայերի ցեղասպանությունը… Սինանի դեմքի արտահայտությունը խոսում էր նրա փոխարեն, ասաց, որ այդքան մանրամասն տեղյակ չէ, թե ինչ է եղել, գիտի, որ հայերն ու թուրքերը իր բառերով՝ եղել են քույր-եղբայրների պես։ Ցավում եմ, ամաչելով ասաց նա, աշխարհը քաղաքական գործիչների ձեռքով սարսափելի իրողությունների է բախվում, գոնե հասարակ մարդիկ միմյանց հանդեպ լինեն բարյացակամ ու մարդկային, այսպիսով հակակաշռել այն չարին, որն այսօր էլ կա ու ամեն օր ենք տեսնում աշխարհի տարբեր երկրների օրինակով… Սինանը մեր այդ հյուրանոցում եղած հինգ օրերի ընթացքում այնքան սիրալիր ու հարգալից էր մեզ ընդունում և ճանապարհում, ձեռքը կրծքին դրած գլուխ խոնարհելով բարևում և ճանապարհում առանձնակի ուշադրությամբ։
Պատմեցի նրան Հայոց ցեղասպանության մասին, ասելով, այն լոզունգները, որով երիտթուրքերը ելան ցույցերի հայերի հետ միասին սուլթանի դեմ, շատ շուտ մոռացվեցին եղբայրություն, հավասարություն լոզունգները, Ջեմալ, Էնվեր, Թալեաթ փաշաները Հայոց ցեղասպանության իրագործողներն էին, որոնց հետագայում դատապարտեցին Աթաթուրքի իշխանության ժամանակ և հետախուզում հայտարարեցին, բայց նրանց բոլորին գտան հայ վրիժառուներն ու լուծեցին մեկ ու կես միլիոն ցեղասպանված հայ ժողովրդի վրեժը… Սա իրողություն է, մի բան, որը դեռ չի ընդունել Թուրքիան։ Սինանի դեմքը կարմրել էր, աչքերը խոնավ էին, ասում էր, որ չի լսել այդ պատմությունները, որ տեղյակ չէ, թե ինչպես են տեղի ունեցել այդ ցավալի իրողությունները, հավանաբար առաջին համաշխարհայինի տարիների հետևանքն է, բայց հավատում է, որ Աստված մեկն է, մարդիկ պետք է միմյանց հանդեպ բարի լինեն։ Սինանը անկեղծ էր, անզոր ու զարմացած, նա ոչինչ չգիտեր այն մասին, թե ինչեր էին եղել, նա հայերի դերի մասին իր պետության մեջ ոչինչ չգիտեր… Պարզ ու բարի վերաբերմունքով այդ թուրքը պատասխանատու էր իր արարքների համար, փորձում էր հնարավորինս բաց ցույց տալ իր վերաբերմունքը, նա առերեսվել էր մի բանի հետ, որի մասին նրան ոչ ոք գուցե մինչ այդ չէր պատմել։ Փորձեց հայերեն մի քանի բառ սովորել, այո, բարև, շնորհակալություն բառերը, վերջինս հաջողվեց մի քանի դժվար փորձից հետո։ Բարդ է, ասում է ժպտալով, ասացի, որ ավելի դժվարներն էլ ունենք, երախտապարտ եմ, օրինակ… Կրկնել այդ մեկը չկարողացավ, բայց ձեռքը սրտին դրած խոնարհվելով «թեշեքքյուր էդերիմ»՝ այն է շնորհակալություն ասելով մեզ ժամանակավորապես լքեց խոհանոցի իր պարտականություններին անցնելու համար։ Ես անվերջ մտածում էի, ի՞նչ կաներ Սինանը, եթե իր երկիրը հրամայեր, որ հայերը պետք է մեռնեն, կենթարկվե՞ր այդ հայրենասեր թուրքը նման հրամանի, թե՞ կհաղթեր մարդասիրությունը, ինչպես Լիճքի գավառապետ Հուսեյին Նեսիմին, ով չենթարկվելով նահանգապետի հրամանին, հակառակ նրան՝ փրկեց տեղի հայությանը կոտորածից, ինքն էլ սպանվելով Դիարբեքիրի ճանապարհին՝ մերժելու համար արյունոտ հրամանը, ո՞ր մեկը կընտրեր Սինանը, անկեղծ՝ չգիտեմ, սա երևի դարից ավելի ձգվող չընդունված մեղքի, փոխադարձ վստահության ճգնաժամն է… Ամենուր, Գեբզեի փողոցներում պաստառներ էին թուրքական բանակի ապրիլի քսանվեցի հաղթանակի անցյալի հերոսների նկարներով, նոր քաղաքական դեմքերի ու վարչական ղեկավարների սրտիկ ցույց տվող ժպտերես նկարներով, որոնք անգամ շինհրապարակների նորակառույցների վրա էին փակցված։ Առավոտյան, Սինանը մի մեծ ափսե լի բարիքներով մեր սենյակ ուղարկեց՝ Գարիկի համար է, ասելով, վաղվա մրցաշարից առաջ պետք է ուտի, որ ուժեղ լինի ու հաղթի… Նա մեզ հաղթանակ էր մաղթում, ամեն դեպքում անում էր դա մեծ հարգանք ցույց տալով։ Այդ սովորական թուրքը փայլում էր իր հայրենասիրությամբ, ես նախանձով էի նայում այդ երևույթին, նրան ոչ ոք չէր արգելում դա անել, նրա պետությունում նրան մատուցված պատմության մեջ նա ուներ իր սիրելի հերոսները, Սուլթան Սուլեյմանից մինչև Աթաթուրք և գուցե էլի շատերը, որոնց մասին իմ պատմածներից հետո չխոսեց իհարկե։ Այդ բարեկիրթ ու բարեհոգի մարդը ինձ վրա տպավորություն թողեց, մարդ, որ սովորական միջին վիճակագրական թուրք էր, որի մոտ շատ ու շատ իմ հայրենակիցներ պարտված են հենց այդ ունակությունների բացակայության շնորհիվ, որը ահավոր ցավ է ու ամոթ ազգային ամեն ինչը կյանքում ամեն ինչից վեր դասող հայ մարդու համար։ Մի՞թե Եռաբլուրի դրոշների հավերժական ալեկոծումը մեզ չսովորեցրեց սիրել ու միասնական լինել, աներևակայելի մեծ, ահռելի այդ զոհաբերությունը իր անմարելի ցավով ինչպե՞ս չմիավորեց ու չբռունցքեց քեզ հայ, քո այդ բնազդը ի՞նչ եղավ, երբ Արցախ կորցրեցիր ու այս լուսավոր դարում հայ ազգ օրգանիզմը տեսավ ու ապրեց ևս մի գաղթ, դու այսօրվա իրականությանդ մեջ սիրո՞ւմ ես մերձավորիդ, դու պատմությունդ ու հերոսիդ սիրո՞ւմ ես։ Իսկ սերը արարք է ամենից առաջ…
Սպասարկման ոլորտում՝ սրճարան, թե ցանկացած ճաշելու համար նախատեսված վայրում հարգալից էր վերաբերմունքը հաճախորդի հանդեպ, սիրալիր էին, անշուշտ գիտեին՝ ովքեր ենք, որովհետև շրջում էինք մեր մարզահագուստներով, գլխարկով, որի վրա «Armenia»» լոգոն էր, գերբը, Հայաստանի եռագույնը, «VETERANS OF ARMENIA»–ի շապիկը, դեռ Ֆրանսիայի մրցաշարից նվեր ստացած, մեր փոխարեն ասում էին մեր մասին, զարմացած հայացքներ էլ ենք տեսել, կարծես մտածում էին, կարո՞ղ է ինչ-որ բան է փոխվել, մեր ինքնավստահ, ձիգ և սովորական պահվածքը իսկապես զարմացնող էր…Պակաս զարմանալի չէր նաև մեզ համար, երբ կոշիկի խանութի տերը ներս է հրավիրում իր խանութ ու զրույց բացում, կարդալով «Արմենիա» անվանումը ամուսնուս մարզաշապիկին… Հասանը Ղարսի թուրք էր, շատ լավ գիտեր հայերին ու մեր պատմությունը, լավ գիտեր իրողությունները, որոնք եղել էին և չխուսափեց ինքը այդ մասին խոսել, ասելով՝ ես սիրում եմ հայերին, նրանք իմ եղբայրներն են, խնդրում եմ հյուր եղեք ինձ, մի փոքր զրուցենք, ասաց նա։ Ես գիտեմ, որ Ղարսում շատ հայեր կային, որոնք այդ ցավալի դեպքերից հետո գնացին։ Գարիկը հակադարձեց. ցավոք, նրանք չգնացին, նրանք Դեր Զորի անապատներում մնացին, կամ սպանվեցին, սա եղել է… Հասանը չհակաճառեց, հակառակը, ասաց, որ շատ ցավում է այդ ամենի համար, որ գիտի, թե ինչ է եղել, բայց մտածում է, որ պետք է հին բարեկամությունը վերականգնել, մենք եղել ենք շատ սիրով միմյանց հետ որպես ազգեր, շատ պատմություններով ենք իրար միահյուսված… Բայց ձեր պետությունը չի ճանաչում ցեղասպանությունը, շարունակեցինք մենք արդեն երեքով… Հասանը կարմրեց, մեղավոր ժպիտ տալով դեմքին, ասաց, որ ճանաչում է Ալլահին, որ նրա մոտ բոլոր ազգերը հավասար են ու նա ամեն բան տեսնում է… Խնդրեց չհրաժարվել իր հյուրասիրությունից, վազեց մի քանի խանութ այն կողմ գտնվող «Չայխանա» թեյարանը ու մեզ համար մատուցարանով թեյ ու շաքար բերեց։ Հետո սկսեց խոսել իր հայասիրությունից, ասացի, գուցե հայի արյան մասնի՞կ ունեք, նա ձեռքը սրտին դրած ասաց, որ անկեղծորեն ոչ, ոչ մի կաթիլ հայի արյուն չունեմ, բայց եթե ունենայի, ապա դրանից միայն ուրախ կլինեի… Հասանին որոշեցինք պարգևատրել ու գնում կատարել իր խանութից, առանց ձեռքերի օգնության հեշտ հագնվող, լավորակ կաշվից մի սոլիդ կոշիկ գնելով… Հասանը ոգևորված խոսում էր, թե շատ գեղեցիկ պատմություններ ու միայն լավն է լսել հայերի մասին իր մեծերից, ասում էր, որ պատրաստ է մեզ օգտակար գտնվել ինչով կարող է, միայն թե ասենք և նա որպես ընկեր ու բարեկամ դա կանի մեզ համար։ Խանութի ներսում աշխատում էր մի տարիքով կոշկակար, բոլոր կոշիկները ձեռագործ էին, նա չգիտեր, որ ձեռքիս հեռախոսի վրա միացված թարգմանիչն ավտոմատ թարգմանում էր մեր բոլորի խոսակցությունը…
Շարունակել
Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
արվեստաբան
«Առավոտ» օրաթերթ
28.10.2026























































