«Թող նորմալ կարողանային վերահսկել իրենց մեծ ֆեյքին։ Հակառակ դեպքում ստացվում է այս իրավիճակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքին։
Նրա խոսքով՝ կոնկրետ այս իրավիճակը կապված է հիմնական ֆեյքի հետ։
«Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է ԱԺ։ Իրեն շարունակում է պահել այնպես, ինչպես ֆեյք աշխատացնողը։ Իր խմբակցության ղեկավարը պետք է պատասխան տա՝ պատրաստվո՞ւմ են վերահսկել իր պատգամավորի վարքագիծը, թե՞ ոչ։ Եթե չեն վերահսկելու, այսպիսի գործընթացները մշտապես լինելու են։ Ռուբինյանն այս ամբողջ ընթացքը միայն խրախուսել է։ Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան նույնիսկ Ալեն Սիմոնյանը»։
Կարդացեք նաև
Գրիգորյանը նկատեց, որ նիստը չընդմիջվեց՝ ակնհայտորեն տեսնելով, որ լարված իրավիճակ է։
«Բայց եթե նկատեցիք, ուղիղ նույնիսկ ասաց՝ ես ընդմիջում չեմ հայտարարում, ուզում եք՝ կռվեք, կռվեք։ Կարելի է ասել՝ միգուցե նախապես պլանավորված սցենարով են աշխատել»։
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է՝ սա ընդդիմությունը փոխելու ծրագրի մի մասն էր, Գրիգորյանն այսպես արձագանքեց.
«Իրենք ո՞վ են, որ ընդդիմության փոփոխության մասին խոսեն։ Ընդդիմությանը ընտրում է ժողովուրդը։ Եթե ուզում են ասել, որ թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, թող այդպես ասեն, թե չէ՝ իրենք ո՞վ են, որ մտածեն, թե իրենց այս ընդդիմությունն է պետք, թե այն ընդդիմությունը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































