Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴԸ»

Դեկտեմբեր 01,2001 00:00

ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ Վերջերս «Ազատություն» ռ/կ-ն ներկայացրեց մի սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Հարցումն անցկացրել է Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը (ղեկավար՝ Գեւորգ Պողոսյան)։ Հայաստանի չորս քաղաքներում (Երեւան, Գյումրի, Վանաձոր, Գորիս) անցկացված հարցման արդյունքներում պարզվել է, որ եթե մոտ ժամանակներս (ասենք՝ առաջիկա կիրակի) նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա հարցվողների 57 տոկոսը պատրաստ է մասնակցել, իսկ 36,3 տոկոսը՝ ոչ։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի ներկայացրած հարցման արդյունքների, 30 տոկոսը դժվարացել է պատասխանել, թե ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկի, սակայն 26 տոկոսը (հարցման ենթարկված 1000 քաղաքացուց 148-ը) պատրաստ է ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին։ 173 մարդ դժվարացել է կողմնորոշվել, իսկ 57-ը ավելի կտրուկ պատասխանել է, որ ոչ մի թեկնածուի օգտին չի քվեարկի։ Երկրի նախագահի վարած քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել 1000 հարցվածներից 386-ը, շատ վատ՝ 282-ը, իսկ նախագահի աշխատանքը շատ լավ է գնահատել 16 մարդ։ Հարցվողներից 334-ը նախորդ նախագահական ընտրություններում քվեարկել էր Կարեն Դեմիրճյանի օգտին։ Ռ. Քոչարյանի օգտին քվեարկել է 314 մարդ։ «Ազատություն» ռ/կ-ի ներկայացրած տվյալների համաձայն, 1000 հարցվողներից 423-ի կարծիքով, ՀՀ հաջորդ նախագահը դառնալու առավել շանսեր ունի Ռոբերտ Քոչարյանը, 93 մարդ այն կարծիքին է, որ առավել շանսեր ունի Արտաշես Գեղամյանը, իսկ 67-ի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը։ Խորհրդարանական հնարավոր առաջիկա ընտրությունների ժամանակ հարցման մասնակիցների 7,8 տոկոսը պատրաստ է ձայնը տալ հօգուտ ՀԺԿ-ի, 14,5 տոկոսը՝ ՀԿԿ-ին, 1,7 տոկոսը միայն՝ «Ազգային միաբանության» օգտին։ 1000 հարցվողներից 350-ը գործազուրկներ են, 34-ը՝ գործարարներ, 155-ը՝ թոշակառու, 25-ը՝ մտավորական, 102-ը՝ բանվոր, 48-ը՝ ուսանող։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի ներկայացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների՝ Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական դեմքը Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ տեղում է Սերժ Սարգսյանը։ Հարցվողների մեծ մասը հարցերին հիմնականում կամ դժվարացել է պատասխանել, կամ՝ հրաժարվել է։ Թերեւս այս վերջինը առավել տիպական է մեր հասարակության համար։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ … ԵՎ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴԸ» «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Օսամա բեն Լադենի լուսանկարը մոտակա մի քանի շաբաթում կարող է հայտնվել ամերիկյան հայտնի TIME թերթի շապիկին՝ որպես «2001 թ. տարվա մարդը»: «Տարվա մարդը» կոչումը շնորհվում է նրան, ով տարվա ընթացքում ամենաշատ ազդեցությունն է ունեցել համաշխարհային պատմական գործընթացի վրա՝ անկախ դրա դրական կամ բացասական լինելուց: Հիմնական «բայցը» Օսամա բեն Լադենի թեկնածությանը գերապատվություն տալու հարցում այն է, որ շատերի համար ահաբեկչին այդպիսի կոչման արժանացնելը կարող է «պարգեւ» թվալ: Այդ պատճառով առաջարկվել է բեն Լադենին շնորհել ավելի չեզոք տիտղոս՝ «Տարվա նյուսմեյքրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել