Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց տվեցի Սերժ Սարգսյանին, թե իր կարծիքով ի՞նչ նշանակություն ունի Գյումրու 102-րդ բազան, նաեւ ասաց՝ «կարեւորը այնտեղ փողփողացող ռուսական դրոշն է». Հակոբ Ավետիքյան. «Ազգ»

Հոկտեմբեր 02,2026 09:00 Share

Ով չի հասկանում այս ճշմարտությունը, չի հասկանա նաեւ այն, որ 102-րդ ռազմաբազան չի ստեղծվել պատահական, այսպես կոչված մեծապետական նկրտումների, ծավալապաշտական ծրագրերի համար: Այլ՝ որպես արդյունք կամ հետեւանք թուրքական, այժմ նաեւ ադրբեջանական, իսկ հեռանկարում՝ համաթուրանականության դեմ պատվարի, որը համապատասխանում է մեր ժողովրդի, մեր պետության շահերին, մեր ազգային պաշտպանության կարիքներին: Մեզ բոլորովին պետք չեն ռուսոֆոբիայով, ռուսաատելությամբ տառապողների խորհուրդները: Մենք դրանց ծանոթ ենք դեռեւս Կիլիկիայի հայերի բռնագաղթեցման ենթարկվելու օրերից, երբ «արդարամիտ» Ֆրանսիան թույլ չտվեց, որ ռամկավար նշանավոր գործիչ Միհրան Տամատյանը Կիլիկիայի մյուս ժողովուրդների հավանությամբ վարչապետ ընտրվի եւ Ադանայից զորագունդ ուղարկի 9 ամիս թուրքական պաշարման տակ գտնվող Հաճընի բնակչությանը օգնելու:

Բնավ չեմ կարող ասել, թե ռուսները, անցնող դարերի ընթացքում միշտ եղել են ու կան վստահելի դաշնակիցներ: Մոսկվան ճակատագրական որոշ պահերին եթե ոչ դավաճանել, այլ լքել է մեզ իր տարածաշրջանային շահերի, նպատակահարմարությունների համար, հաճախ օգտագործելով մեր իսկ պետական գործիչների սխալ գործողություններն ու հայտարարությունները, ինչպես եղավ Արցախի հայազրկման պարագայում: Արցախի հանձնմանը հանդուրժելու ռուսական դիրքորոշումը մի օր առաջին քննադատողը լինելու է նույնինքն ռուսական քաղաքական ու ռազմագիտական միտքը:

Սակայն, չսպասելով այդ օրվան՝ մենք այսօր իրավունք չունենք ընդունելու, էլ ո՜ւր մնաց սակարկելու 102-րդ ռազմախարիսխը քանդել-տեղափոխելու առաջարկը: Այն պետք է մնա, որովհետեւ նման հենակետի գոյությունը զսպիչ ուժ է ոչ միայն Գյումրու բնակչության գոյության, այլեւ՝ ամբողջ Հայաստանի համար: Զսպիչ ուժ: Մանավանդ եթե հիշենք Թուրքիայի նախկին նախագահներից Թորգուտ Օզալի խոսքը, սպառնալիքը Հայաստանը «անիծյալ սեպ» հայտարարելու, այդ «սեպը» մի քանի ռումբով ոչնչացնելու («Բիր քաչ բոմբա աթալըմ», «Մի քանի ռումբ գցենք» արտահայտությունը), որը ժամանակին արժանացավ ՌԴ 7-րդ բանակի գլխավոր հրամանատար, մարշալ Շապոշնիկովի ըմբերանիչ պատասխանին՝ «Ուզո՞ւմ եք 3-րդ համաշխարհային պատերազմ» սպառնալիքին, որը զսպեց թուրքական կողմին եւ զսպում է առայսօր:

Տարիներ առաջ, երբ առանձին խոսակցության ընթացքում հարց տվեցի մեր երկրի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե իր կարծիքով ի՞նչ նշանակություն ունի Գյումրու 102-րդ բազան, նաեւ ասաց՝ «կարեւորը այնտեղ փողփողացող ռուսական դրոշն է»: Իմաստալից բացատրություն:

Պետք է միշտ փողփողի ռուսական դրոշը այդ նույն տեղում: Դա ամբողջ Հայաստանի համար զսպիչ, նաեւ տարածաշրջանի համար կայունության երաշխիք է: Հեռո՛ւ վտանգավոր դարձվածքներից:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031