Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Դեկտեմբեր 12,2001 00:00

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ Երեկ «Փաստաբանների միջազգային միության» ներկայացուցիչ, փաստաբան Վաչիկ Քոսյանը «Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի ապահովումը Հայաստանում» թեմայով սեմինարի հիմնական զեկուցողն էր: Նա հակված էր քննարկման առարկա հիմնախնդիրը ներկայացնել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», մասնավորապես՝ 8-րդ հոդվածի եւ ՀՀ գործող Սահմանադրության հոդված 38-ի, նաեւ՝ ՀՀ Քրդատօրենսգրքի հոդվածներ 62, 63-ի պահանջների համեմատության համատեքստում: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ ՀՀ գործող Սահմանադրությունն ու մյուս օրենքները հաճախ չեն բխում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից» եւ կրում են, ըստ էության, ձեւական բնույթ՝ թերեւս, այն պատճառով, որ Հայաստանը սահմանադրական բարեփոխումների գործընթաց է ապրում: Ըստ էության, ստացվում է, որ 95-ին ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունելուց հետո էլ Հայաստանի քաղաքացին իր իրավունքները չի կարողանում պաշտպանել, որովհետեւ, թերեւս, ի սկզբանե գործող Սահմանադրությունը ոչ թե հիմնական օրենք, այլ՝ անցումային փաստաթուղթ է դիտարկվել: Փաստաբանն իր այդ տեսակետը փաստարկելու համար հարկ համարեց համեմատել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն» ու ՀՀ Սահմանադրությունը՝ եզրակացնելով, որ վերջինս միջազգային հիշյալ փաստաթղթի համեմատությամբ նահանջ է մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից: Ավելին, փաստաբանը նկատեց՝ «Ի տարբերություն Հռչակագրի, ՀՀ Սահմանադրությունը տեր չի կանգնում Մարդու իրավունքներին եւ ազատություններին, այլ՝ թողնում է մեծ հնարավորության իրացում՝ «օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանվելու» համար՝ մարդու իրավունքների պաշտպանության իր պատասխանատվությունն օտարելով եւ այն թողնելով քաղաքացու վրա»: Պարոն Քոսյանը Հռչակագրում եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին հոդվածների համեմատությունը եզրափակեց նրանով, թե՝ մեր երկրի հիմնական օրենքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող դրույթները չեն բխում մի կողմից՝ հասարակության եւ պետության շահերից, մյուս կողմից՝ հասարակության աչքում վարկաբեկում են պետությունը: «Այսօր մեզ համար ակնհայտ են հարմարվողականության, թունավոր քննադատության կամ քծնող գովասանքի արդյունքները, եւ առաջարկում ենք երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումներին մոտենալ կառուցողական, որպեսզի արդյունքում նորից չունենանք 1995թ. նման՝ հանրաքվեի արդյունքների կեղծումով մեր վզին փաթաթված, Սահմանադրություն»: Փաստաբանի այդ վերջին եզրակացությունը, թերեւս, չվիրավորեր քննարկմանը ներկա նախկին իշխանությունների ինքնասիրությունը, եթե զեկուցումը կառուցված լիներ ոչ թե «Համընդհանուր հռչակագրի» ու գործող Սահմանադրության հակադրության վրա, այլ՝ ավելի գործնական օրինակներով վեր հաներ այն բազմաթիվ փաստերը, որոնք վկայում են, որ Հայաստանում Սահմանադրության՝ անկախ իր լեգիտիմության աստիճանից, նաեւ լավ կամ վատ օրենքների, ոտնահարումների մասին: Սակայն Սահմանադրությունը հերթական անգամ ոչ լեգիտիմ որակելու փաստաբանի փորձը հունից հանեց դրա գաղափարախոսներին: Վերջիններս, որ այսօր էլ վստահ են ՀՀ Սահմանադրության կատարելության եւ միանշանակորեն ընդունված լինելու մեջ, անկասկած, փորձելու էին պաշտպանվել: Չէ՞ որ, ի վերջո, նրանց հերթական անգամ անուղղակի մեղադրանք էր առաջադրվում Սահմանադրության ընդունումը կեղծելու մեջ՝ ինչը նրանք շարունակում են ժխտել: Չուշացավ նաեւ Սահմանադրության «բարեփոխված» տարբերակն ընդունելու՝ փաստաբանի արած կոչի պատասխանը: Կարծիքներ եղան, թե այսօր գործող ոչ լեգիտիմ նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունները չեն կարող ընդունելի եւ օրինական համարվել հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից: Ուստի նրանք առաջին պլան մղեցին նախ օրինական իշխանությունների ձեւավորման եւ նախագահի՝ իրապես ընտրված լինելու անհրաժեշտությունը: Կարեւորվեց եւս մեկ հանգամանք: Ըստ ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանի՝ «Եթե ինքը՝ հասարակությունը, անտարբեր է իր իրավունքների պաշտպանության հարցում եւ տեր չի կանգնում ժողովրդավարական իրական արժեքներին, մի օր փաստաբանական համակարգը, որ կոչված է իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունը, կտա կարիերիստների նոր խմբաքանակ, ովքեր կլինեն հարմարվողական, իշխանամետ եւ այլն»: Նա նկատեց, որ այսօր հասարակությունն իր իրավունքների պաշտպանությանը նախանձախնդիր լինելու փոխարեն՝ գերադասում է դժգոհել ու տրտնջալ իր իրավունքների ոտնահարումներից, ինչն անընդունելի է: «Մենք չունենք ինքնակազմակերպված հասարակություն»,- եզրակացրեց նա՝ նկատելով, որ ՀՀ քաղաքացու անպաշտպան լինելու փաստը պայմանավորված է մեծամասամբ նաեւ այդ հանգամանքով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել