Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՎԱԳՈՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 12,2001 00:00 Share

ԵՐԿՈՒ ՎԱԳՈՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վրաստանի խորհրդարանականներից Հայաստանի խորհրդարանականները, պարզվեց, շատ բան ունեն սովորելու։ Մինչ մերոնք լյուքս ինքնաթիռներով օրումեջ դես ու դեն են թռչում, Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը Հայաստան է այցելում գնացքով՝ զբաղեցնելով երկու վագոն, ի տարբերություն ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի «լյուքս» «ախորժակին»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն եւս առաջին անգամ Հայաստան այցելեց գնացքով։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, երբ Արմեն Խաչատրյանին առաջարկվեր գնացքով որեւէ տեղ գործուղման մեկնել։ Վերջինս ոչ միայն չէր մեկնի, այլեւ մեծ աղմուկ կբարձրացներ, թե դա իր նման ԱԺ նախագհին պատիվ չի բերում կամ թե այլ երկրներում ի՞նչ կմտածեն Հայաստանի մասին։ Կարծում ենք, սա եւս արժե փորձել, գուցե դրանով ոչ միայն ԱԺ նախագահի ճոխ գործուղումները կրճատվեն, այլեւ՝ պատգամավորների… Պատվիրակության մեջ էին նաեւ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները։ Պատգամավոր Համլետ Մովսիսյանի կարծիքով, այս հանդիպումը դրական ազդեցություն կունենա երկու խորհրդարանների հետագա համագործակցության համար։ Վերջինիս գնահատմամբ, Ջավախքում, Վրաստանի մյուս շրջաններում սոցիալ-տնտեսական պրոբլեմները յուրահատուկ են. «Ինձ թվում է, նման պրոբլեմներ նաեւ ՀՀ շրջաններում կան»,- ասաց Հ. Մովսիսյանը, ավելացնելով, որ սոցիալ- տնտեսական խնդիրները նաեւ քաղաքական խնդիրներ են միշտ ծնում։ Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ Անդրկովկասում Վրաստանն առաջին երկիրը դարձավ, որի ԱԺ նախագահը կին ընտրվեց, Հ. Մովսիսյանը պատասխանեց. «Այս իրավիճակում Վրաստանի համար երեւի ամենահարմար թեկնածուն, թեկուզ՝ որպես մարդ, կիրթ եւ քաղաքական հասունություն ունեցող անձնավորություն ես համարում, որ Նինո Բուրջանաձեն էր, եւ մեր հայ պատգամավորները մեր ձայնը տվել են նրա օգտին»։ Ըստ Հ. Մովսիսյանի, Ն. Բուրջանաձեն ունի իր դիրքորոշումը եւ, եթե երկրում նախագահը եւ ԱԺ նախագահը համատեղ չեն աշխատում, այդ երկրի վիճակն ավելի ծանր է լինում։ Լ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել