Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի

Դեկտեմբեր 13,2001 00:00

ՌՈՒՍՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց աշխարհի հերթական անհատական առաջնությունները, որոնք առաջին անգամ են անցկացվում համատեղ, մոտենում են ավարտին։ Կանանց մրցաշարի եզրափակիչ փուլում չեմպիոնուհու կոչումը վիճարկում են այս առաջնության հայտնությունը՝ ռուսաստանցի 17-ամյա Ալեքսանդրա Կոստենյուկն ու չինուհի Չժու Չենը, որոնք բավականաչափ մարտականորեն են տրամադրված։ Այդ է վկայում, որ արդեն կայացած երեք մենամարտերն էլ արդյունավետ են ավարտվել։ Սկիզբը խոստումնալից էր Կոստենյուկի համար, որը հենց առաջին պարտիայում սպիտակներով առավելության հասավ ահեղ մրցակցի նկատմամբ եւ գլխավորեց հաշիվը։ Թվում էր, թե Ալեքսանդրան, որի մինչեւ եզրափակիչ հասնելն արդեն իսկ հաճելի անակնկալ է մասնագետների համար, հերթական սենսացիան է մատուցելու։ Սակայն, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, Չենը միանգամայն հակառակն է մտածում։ Մեկօրյա հանգիստը նա եւ իր մարտավկաներն ու մարզիչները, ամենայն հավանականությամբ, նվիրաբերել էին սկզբնախաղում Կոստենյուկի դիրքերում խոցելի տեղեր գտնելուն։ Ու դա նրանց հաջողվել էր։ Երկրորդ պարտիայում չինուհի շախմատիսը անկասելի գրոհներով վերականգնեց հավասարակշռությունը՝ 1։1։ Պայքարի երրորդ օրը Չենը, որ խաղում էր սեւ խաղաքարերով, սկզբնախաղում ընտրեց սիցիլիական պաշտպանության Նայդորֆի տարբերակը։ Շատ ժամանակ չանցած, սպիտակները զինվորի կորուստ ունեցան եւ Չենի ֆիգուրները սկսեցին ճնշել Ալեքսանդրայի շախմատային արքային։ Սակայն ռուսաստանցին, որ տրամադրված էր միայն հաղթանակի, այն աստիճան էր տարվել հակագրոհներով, որ ի վիճակի չեղավ խաղատախտակի վրա կազմակերպել թիկունքի ապահովումը, եւ 37-րդ քայլում մատի իրական սպառնալիքի տակ ճանաչեց իր պարտությունը։ Չորրորդ եւ եզրափակիչում նախատեսված վերջին դասական պարտիան կայանալու է այսօր։ Սպիտակներով խաղալու է Չժու Չենը։ Սուր ու հետաքրքիր պայքար է ընթանում նաեւ տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ փուլում։ ՖԻԴԵ-ի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի միջեւ կայացած երեք պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի։ Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ մրցակիցները տրամադրված չեն պայքարելու։ Խաղաղասիրության առումով, թերեւս, մեծ վերապահումով, առանձնացավ երրորդ պարտիան։ Այն էլ, գուցե նրա համար, որ այդ օրը Անանդը նշում էր ծննդյան 32-ամյակը։ 27-րդ քայլում բացարձակ հավասար դիրքի պայմաններում Անանդն ու Իվանչուկը միմյանց խաղաղության ձեռք մեկնեցին։ Եզրափակիչ փուլ անցնելու իր ճանապարհը զգալիորեն դժվարացրեց Ռուսաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը, որը Ուկրաինայի տաղանդավոր երիտասարդ շախմատիստ Ռուսլան Պոնոմարյովի հետ երկու անգամ միավորը բաժանելուց հետո, երրորդ պարտիայում 44-րդ քայլից հետո ստիպված եղավ կանգնեցնել ժամացույցը։ Չորրորդ, բացառված չէ՝ վերջին պարտիայից առաջ, որ նույնպես կայանալու է այսօր, 2։1 հաշվով առջեւում է Պոնոմարյովը, որը խաղալու է սպիտակներով։ Հիշեցնենք, որ չորս դասական պարտիաներում հաղթողն ի հայտ չգալու դեպքում, գրոսմայստերները պետք է մրցեն «արագ», անհրաժեշտության դեպքում, այնուհետեւ «բլից» մրցաձեւերում։ Դա կլինի դեկտեմբերի 14-ին։ Իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունվարին, նույնպես Մոսկվայում։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել