Լրահոս
Օրվա լրահոսը

«Սորոսի» հիմնադրամի հերթական խաղերը

Փետրվար 06,2002 00:00

«Սորոսի» հիմնադրամի հերթական խաղերը 2001-ի մայիս ամսին ռուսական «Պերսպեկտիվա» հասարակական կազմակերպությունը վերցրեց ու որոշեց կովկասյան տարածաշրջանային ծրագիր իրականացնել՝ «ԶԼՄ-ները եւ հաշմանդամությունը» թեմայով։ Որոշումն իրականացնելու առաջին քայլը, բնականաբար, ոլորտի հասարակական կազմակերպությունների մեջ գործընկեր փնտրելն էր։ Ինչի համար էլ տարածաշրջանի հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ներին նամակներ են ուղարկվում։ Համագործակցության առաջարկին Հայաստանից արձագանքում է «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունը։ Արձագանքներ են ստացվում Ադրբեջանից ու Վրաստանից եւս։ Արվում են առաջին աշխատանքային քայլերը. 6 ամիս շարունակ մարդիկ աշխատում են ծրագրի վրա եւ վերջնական տեսքով այն ներկայացնում Բուդապեշտի բաց հասարակության ինստիտուտ (որի կողմից ծրագիրը պետք է ֆինանսավորվեր) եւ նախնական հավանության է արժանանում։ Այս ամենից հետո Բուդապեշտի բաց հասարակության ինստիտուտը, համաձայն ընդունված կարգի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի բաց հասարակության ինստիտուտներին հարցում է կատարում ծրագրին մասնակից ՀԿ-ների վերաբերյալ։ Համապատասխան ինֆորմացիա ստանալուց հետո Բուդապեշտի բաց հասարակության ինստիտուտը «Պերսպեկտիվա»-ից պահանջում է «հայաստանյան գործընկերոջ փոփոխություն», ինչի վերաբերյալ կազմակերպության նախագահ Օլգա Դրոզդովան 2001թ. հոկտեմբերի 17-ին «Աստղիկ» միությանն է ուղարկում մի նամակ, որում մասնավորապես ասվում է. «ԶԼՄ-ները եւ հաշմանդամությունը» ծրագրին ներկայացրած մեր հայտը մասնակիորեն ֆինանսավորվել է։ Բայց կա մի «բայց»… Բաց հասարակության ինստիտուտը պահանջում է, որ մենք Հայաստանում աշխատենք «Bridge of Hope» («Հույսի կամուրջ») կազմակերպության հետ։ Չգիտեմ դրա պատճառները, սակայն մենք պետք է ենթարկվենք»։ Այս ամենի առիթով «Աստղիկի» բողոքները եւ բացատրության պահանջները Բուդապեշտում անարձագանք մնացին։ Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի աջակցության հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանն էլ իր հերթին ամենայն մանրամասնորեն փորձեց համոզել, որ «որոշում կայացնելու իրավունքը վճարողինն է»։ Իրենց խնդիրը եղել է տեղեկատվություն տրամադրելը, իսկ «ինֆորմացիայի չարաշահում չի եղել»,- վստահեցրեց Լ. Մինասյանը, սակայն որեւէ կերպ չհստակեցրեց՝ ինչ է նշանակում «չարաշահում»։ Տարօրինակ էր, բայց հիմնադրամում «Աստղիկի» մասին ոչ մի թթու, կծու խոսք չասվեց։ «Աստղիկն», ի դեպ, որոշ ծրագրեր է իրականացրել հիմնադրամի հետ։ Փաստորեն, ըմբոստանալու առիթ, ինչպես տեսնում ենք, չկա։ Իսկ թե ինչու է գործընկերոջ փոփոխություն պահանջվում, որեւէ կերպ չի պարզաբանվում։ Միայն, իբրեւ մխիթարանքի ժեստ, Բուդապեշտի բաց հասարակության ինստիտուտը մի քանի գրոշ է տրամադրել այն առաքելությանը, որը կոչվում է «հասարակական դաշտի ուսումնասիրություն»։ Այդ շրջանակներում հունվար ամսին մեկ օրով Հայաստան ժամանեցին «Պերսպեկտիվա»-ի երկու անդամներ եւ «ուսումնասիրության» արդյունքում հանգեցին Բուդապեշտի պահանջին՝ ծրագրի իրականացմանը Հայաստանից կմասնակցի «Հույսի կամուրջը»։ Այս պատմության վերաբերյալ ակնկալում ենք պաշտոնական պատասխան այն մասին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ առաջացավ գործընկեր փոփոխելու պահանջ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728