Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐՈՏ ԿԱՄՈՒՐՋԸ

Մարտ 01,2002 00:00

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐՈՏ ԿԱՄՈՒՐՋԸ Յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման գործում խիստ կարեւոր են հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ երկաթուղին եւ ավտոճանապարհները, որոնք կենդանի օրգանիզմի արյունատար երակների պես իրար են կապում կենտրոնն ու ծայրամասերը, բնակավայրերն ու արդյունաբերական տեղամասերը։ Չնայած սոցիալական ծանր պայմաններին, արդյունաբերության ու շինարարության կաթվածահար վիճակին՝ լայն թափ է առել ավտոտրանսպորտը՝ հատկապես ուղեւորատար երթուղային տաքսիները։ Լուսակերտից Երեւան կարելի է գնալ Հրազդանի գողտրիկ կիրճով՝ Արզնիի հին ճանապարհով (որը խիստ վտանգավոր է հատկապես գարնանն ու անձրեւային օրերին, երբ բարձրադիր սարալանջերից մեծ ու փոքր քարեր են թափվում ճանապարհին ու վտանգ ստեղծում երթեւեկող մեքենաների ու մարդկանց համար) կամ երկհարկանի մեծ կամրջով, որն իրար է կապում Նոր Հաճըն եւ Աբովյան քաղաքները։ Կամուրջը քսան տարուց ավելի է, ինչ շահագործվում է, ամեն օր դղրդալով դրա վրայով անցել ու անցնում են գնացքներ ու հազարավոր ավտոմեքենաներ, փոխադրում մարդկանց ու բեռներ։ Մի ժամանակ այս կամուրջը հատուկ պահպանվում էր, երեւի նաեւ նորոգվում, բայց այժմ, ինձ թվում է, անտերության է մատնված, ինչպես շատ գործարաններ ու հիմնարկներ։ Արեւն ու անձրեւը, ձյունն ու սառույցը քանդել են ասֆալտե ծածկույթն ու առաջացած փոսերում երեւում է ժանգոտող մետաղյա իրանը, քայքայվում են հանգույցները։ Անտարակույս, եթե այժմվանից պատկան մարմինները, ճանապարհաշինարարական կազմակերպությունները չսկսեն հիմնական նորոգումը կամ գոնե ասֆալտի շերտի կապիտալ վերանորոգումը, հետո ավելի կբարդանա վիճակը։ Առաջացած փոսերը շրջանցելիս հաճախ քիչ է մնում մեքենաները բախվեն հանդիպակաց տրանսպորտային միջոցին։ Լավ է, որ Նաիրիի պետավտոտեսուչները միշտ հսկում են։ Անվտանգ երթեւեկության համար անհրաժեշտ է անվտանգ ճանապարհ։ ԱՐԱՄ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել