Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները մատը մատին չեն տվել: Անձամբ ահազանգել եմ 112 հեռախոսահամարին. Սաքունց

Հոկտեմբեր 25,2026 16:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր մի շարք համայնքներում անցկացվող Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից դիտարկված 380 տեղամասերից 87-ում արձանագրվել է ընդհանուր առմամբ 128 խախտում, իսկ 18 տեղամասում՝ կրկնակի խախտումներ։

«Ընթացակարգային խախտման 14 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկման 4 դեպք, գտնվելու իրավունքի կամ լիազորության խախտման 19 դեպք, քվեարկության գաղտնիության խախտման 22 դեպք, քվեարկության օրը քարոզչության 5 դեպք, կոնֆլիկտային իրավիճակի 4 դեպք։ Տարբեր բնույթի այլ խախտումներ, որոնք դեռ ուսումնասիրման կամ նույնականացման փուլում են՝ 56 դեպք»,- խախտումները թվարկեց Սաքունցը՝ շեշտելով, որ դիտորդների բարձրաձայնած խախտումների 60 տոկոսը շտկվում է։

Սաքունցը նկատեց, որ Գյուլագարակում դիտորդներն արձանագրել են նաև տեղամասերի մոտ կուտակումներ, մինչդեռ ծառայություն իրականացնող ոստիկանները, նրա խոսքով, որևէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ։

«Ոստիկանները մատը մատին չեն տվել: Անձամբ ահազանգել եմ 112 հեռախոսահամարով, քանի որ, ըստ էության, ոստիկանությունը պետք է ոչ միայն գործողություններ իրականացնի հնարավոր հասարակական կարգի խախտումները կանխելու համար, այլև կանխի նման բնույթի երևույթները՝ մեքենաների կուտակումն ու նույն մարդկանց շարունակական ներկայությունը տեղամասերի շուրջ»,- ասաց նա։

Սաքունցի խոսքով՝ իրենց արձանագրած կուտակումները վերաբերել են ՔՊ-ին, և միայն հինգ դեպքով են դիտորդները խախտումը կապել այլ կուսակցության հետ։

«Կուտակումներ եղել են 19/7 և 21/7 տեղամասերում։ Մեծ թիվ են կազմել դրոշմանիշների հետ կապված խախտումները»,- նշեց Սաքունցը։

Նա նաև ասաց, որ դիտարկված տեղամասերի 10 տոկոսում հանձնաժողովների ընդհանուր կարգապահությունն ու պատրաստվածությունը ցածր են գնահատվել։

Հիշեցնենք, որ, ըստ Արթուր Սաքունցի, ժամը 13։30-ի դրությամբ դիտորդական առաքելությունն իրականացվում էր 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031