Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԻ

Մարտ 26,2002 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԻ Եթե Մուշեղ Սաղաթելյանը հրապարակավ չկասկածեր Ռոբերտ Քոչարյանին «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպելու մեջ, այսօր չէր դատվի: Ոչ ոք չէր հիշի, որ 96-ի ընտրություններից հետո նա, պաշտոնատար անձ լինելով, ընդդիմությունը ներկայացնող մարդկանց ծեծի է ենթարկել: Եթե նա շարունակեր սուսուփուս ծառայել իշխանությանը, ապա կստանար գեներալի կոչում, կպտտվեր Սերժ Սարգսյանի կամ որեւէ այլ նախարարի շքախմբում, «տանիք» կկանգներ որեւէ շահավետ բիզնեսի: Այնպես՝ ինչպես մնացած գնդապետներն ու գեներալները, ովքեր մտավոր ու բարոյական տեսակետից պրն Սաղաթելյանից ոչնչով լավը չեն եւ մարդկանց նկատմամբ էլ առանձին գթասրտությամբ աչքի չեն ընկել: Ի դեպ, բոլորին պարզ է նաեւ, որ Մուշեղ Սաղաթելյանը մարդ ծեծելուց մենակ չէր, բայց մնացած ծեծողները, քանի որ Քոչարյանի եւ Սարգսյանի խաթրին չեն դիպչում, շարունակում են վայելել իրենց բարձր պաշտոնները: Այո, պրն Սաղաթելյանը պատժվում է երկրի ղեկավարներին հրապարակավ կասկածելու համար: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա ընդհանրապես չպիտի պատժվի: Կանցնի որոշ ժամանակ, կլինի իշխանափոխություն, եւ, շատ հնարավոր է, Կուկուն ու նրա ընկերները կկանգնեն դատարանի առաջ՝ դատվելով առնվազն իշխանազանցության եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Իհարկե, կարելի է ասել, որ արդարադատությունն, այդպիսով, ուշացած կլինի, եւ նրա գինն ու նշանակությունը դրանով զգալիորեն կկորսվի: Իհարկե, մարդկանց հավատը մեր իրավական համակարգի նկատմամբ էապես ավելի մեծ կլիներ, եթե «Առագաստում» մարդ սպանածները պատժվեին այսօր, երբ նրանք «ձիու վրա են»՝ նախագահի թիկնապահներ են: Բայց արդյոք, թեեւ՝ ուշացած եւ «գինը գցած», այն կդադարի՞ արդարադատություն լինելուց: Նույնը՝ Մուշեղ Սաղաթելյանի խնդիրը: Եթե նա իսկապես 96 թվականի սեպտեմբերի 25-ին ծեծի է ենթարկել քաղաքացիներին /նրա դեմ առաջ քաշած մնացած մեղադրանքները լուրջ չեն թվում/, ապա, անկախ նրանից, թե ում եւ ինչում է նա այսօր կասկածում, նա պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար: Օրենքը կիրառողները պետք է ղեկավարվեն միայն ֆորմալ չափանիշներով: Հակառակ դեպքում դա օրենք չի լինի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել