Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը որբանոց են կարծում

Ապրիլ 03,2002 00:00

Դպրոցը որբանոց են կարծում «Երբեմն շատ ծնողների թվում է, թե գիշերօթիկ դպրոցները որբանոցներ են, կամ՝ ավելի վատը»,- մի առիթով սրտնեղեց ՀՀ ԿԳ նախարարության տեսողական խանգարումներով երեխաների դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանը։ «Մինչդեռ մեզ մոտ ուսուցումը կատարվում է նորմալ ուսումնական պլանով, իսկ մեր դպրոցի սաները մասնակցում են դպրոցական շրջանային, քաղաքային եւ նույնիսկ հանրապետական օլիմպիադաների»,- շեշտեց նա։ Եվ, Ա. Ահարոնյանի կարծիքով, զուր են շատ ծնողներ ընդամենը «պրիստիժի» համար տեսողական խանգարում ունեցող իրենց երեխաներին թողնում սովորական դպրոցում՝ էլ ավելի նպաստելով նրանց հիվանդության խորացմանը։ Այն դեպքում, երբ համապատասխան դպրոցում «ուսուցման ծրագիրը նույնն է, պարզապես ավելի ձգված, որպեսզի երեխաները կարդալու համար ավելորդ ծանրաբեռնվածություն չունենան, քանի որ դա նրանց փոխարեն դասապատրաստման ժամանակ կատարում են դաստիարակները»։ Տեսողական խանգարումներով երեխաների դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանը համոզված է, որ նմանօրինակ դպրոցների խնդիրներն ավելի շատ են, քան սովորական դպրոցներինը, քանի որ վերջիններում, օժանդակ դպրոցների համեմատությամբ, հարցերն ավելի հեշտ լուծելի են։ «Մեր դպրոցի նման դպրոցներում (ուր սովորում են, ասենք, տեսողության կամ լսողության խանգարում ունեցող երեխաներ), իսկ ավելի ճիշտ՝ բոլոր օժանդակ դպրոցներում, լավ կլիներ ակադեմիական գիտելիքներից բացի, երեխային նաեւ մասնագիտական ուղղություն տալ»,- կարծում է Ա. Ահարոնյանը։ Քանի որ, ըստ Ա. Ահարոնյանի, «պետք է հասնել այն բանին, որ մերսման դասերը որպես դասաժամ պետականորեն մտցվեն նոր ուսումնական պլանի մեջ»։ Խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով էլ Ահարոնյանը մտադիր է առաջիկայում դիմել Կրթական բարեփոխումների կենտրոն եւ ԿԳ նախարարություն։ Նա գտնում է, որ մերսման դասընթացը անպայման, որպես առարկա, պետք է մտնի դպրոցական դասացուցակի մեջ եւ ոչ թե պարապվի ուրիշ առարկաներից վերցված դասաժամերի հաշվին՝ ունենալով երկրորդական նշանակություն։ Կարծում ենք, շատերը կհամաձայնեն այն մտքին, որ երեխաների ինչ-ինչ արատների առկայությունը չի նշանակում, թե պետք է նրանց ավելի պակաս ուշադրության արժանացնել, քան սովորական հանրակրթական դպրոցների սաներին։ Նրանք եւս մեծ հոգածության կարիք ունեն, որը ոչ միշտ են ստանում ի պաշտոնե նրանց հարցերով զբաղվող պետական այրերի կողմից։ Թեեւ ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջերս Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի արատաբանության ֆակուլտետի ուսանողները գոնե մանկավարժական պրակտիկա են անցնում այս դպրոցում։ «Երբ այս դպրոցի ուսուցիչները հեռանան, փոխարինող կազմ չի լինելու։ Ճիշտ է, տա Աստված, որ չլինեն կույր երեխաներ, բայց քանի որ նրանք կան, ուրեմն մասնագետների պրոբլեմը եւս կա»,- մտահոգված է Ա. Ահարոնյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930