«Կատարվածը պետք է օգտագործվի որպես ՀՀ իշխանությունների համար լծակ, բանակցային գործոն Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պայմանը կատարելու համար։ Մեր պահանջն է չարտահանձնել ադրբեջանցի զինծառայողին կամ Ադրբեջանի զինծառայողին առանց որևէ նախապայմանի։ Մենք այստեղ ենք, որ պահանջենք առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը»,-ԱԱԾ շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության նախաձեռնությամբ անցկացված բողոքի ցույցի ընթացքում հայտարարեցին ՀՅԴ երիտասարդները՝ անդրադառնալով Շաքի բնակավայրում տեղի ունեցածին, երբ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին։

An Armenian Revolutionary Federation (ARF) Youth protest calling for strict punishment of an armed Azerbaijani serviceman who crossed the Armenian border, outside the National Security Service (NSS) headquarters in Yerevan, Armenia
Ցույցի մասնակից երիտասարդներից մեկն էլ նշեց, որ Շաքիում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներն ինչքանով են ապահով, ինչքանով՝ վտանգված․ «Չենք խոսում հերթական սահմանային դեպքի մասին։ Կատարվածը կարելի է որակել որպես ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության և ՀՀ քաղաքացու անվտանգության դեմ»։
Ցույցի մասնակից մեկ այլ երիտասարդ ասաց՝ մեծ ամոթով են այսօր այստեղ կանգնած, քանի որ կանգնած են ԱԱԾ շենքի դիմաց, որ պահանջեն՝ մեր սահմանը խախտած ադրբեջանցուն, որն իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չարտահանձնեն Ադրբեջանին․ «Հայտնվել ենք մի իրավիճակում, որ ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացում հայ մոր վրա, և հնարավոր է արտահանձվի՝ որպես բարի կամքի դրսևորում, ինչպես տեսել ենք նախորդ անգամները։ Մեր պահանջը հետևյալն է՝ նա իրավունք չունի հանձնվել թշնամուն, միակ նախապայմանը նրա՝ Ադրբեջանին հանձնվելու փոխանակումն է մեր որևէ հայ զինծառայող գերու հետ։ Այլ պայման մեզ համար անընդունելի է»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին՝ ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության անդամ Ստելլա Հունանյանն ասաց․ «Խոսքս ուղղում եմ Հիքմեթ Հաջիևին․ եթե դուք հայ ժողովրդի հետ խաղաղություն կնքելու քայլեր եք անում, ապա բաց թողեք հայ գերիներին։ Հայ երիտասարդությունը դա կընկալի խաղաղություն կնքելու լավագույն փաստացի ապացույցը։ Հակառակ պարագայում ձեր բոլոր թեզերը պարզապես կեղծ են»։
Ցույցի մասնակից մի կին էլ, դիմելով ԱԱԾ շենքի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին, ասաց․ «Գնացեք տուն, քնելուց մտածեք, որ եթե դուք չլինեք, Նիկոլ Փաշինյանը կես ժամ չի մնա»։
ԱԱԾ շենքի դիմաց ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































