Լրահոս
Օրվա լրահոսը

Սովետական ավանդույթո՞վ, թե՞…

Մայիս 02,2002 00:00

Սովետական ավանդույթո՞վ, թե՞… Թմբուկ-ծնծղաներով ուղեկցվող կոմունիստական շատ տոներ պատմության գիրկն անցան։ Դրանցից, սակայն, լենինյան շաբաթօրյակները կարծես հարություն առնելու միտում ունեն։ Տա Աստված, որ խոսքը գործից չտարբերվի, փողոցները մաքրվեն տարիների կեղտից, ճյուղակոտոր ծառերի տեղ նոր շիվեր աճեն, զբոսայգիները շնչեն գարնանային բույրով։ Անցյալում էլ ամեն տարի տասնյակ հազարավոր ծառեր էին տնկվում Էրեբունի թաղամասից Նուբարաշեն ձգվող անհրապույր տարածքներում, Քանաքեռի մերձակա քարքարուտներում, Նորքի ու Եռաբլուրի նոսրացող թփուտներում։ Շաբաթօրյակի օրերին նորատունկերը քիչ ու միչ ջրվում էին, տղամարդիկ հենց տեղում քեֆի սուփրաներ էին բացում, ապա իրենց հետ տուն էին տանում ձեռնարկություններից բերած բահ ու քլունգները եւ… Ամեն ինչ դառնում էր ի շրջանս յուր։ Արեւն էլի նույն այրող արեւն է, շաբաթներ անց խանձվում էր անխնամ մնացած շուրջբոլորը, ջահել տնկիներից մնում էին սվսվան ճիպոտներ։ Եվ ահա վերջերս Երեւանում նորից շաբաթօրյակ էր։ Մի խումբ բարի մարդիկ հիշել էին մոռացության մատնված Սովետական Հայաստանի 30-ամյակի հուշարձանը, եկել էին ու ջանասիրաբար բարեկարգում էին շրջակայքը, այլ քաղաքացիներ սանիտարական ծառահատում էին կատարում զբոսայգիներում եւ մայրուղիների շրջակայքում, դպրոցական երեխաները սարյակների բներ ամրացնում պուրակների ծառերին։ Կարելի է էլի օրինակներ բերել։ Անշուշտ՝ ուրախալի է, խրախուսելի, սակայն նկատենք, որ դա ջրի կաթիլ է ծովում։ Այսօրվա Երեւանը, մեղմ ասած, հեռու է մաքուր քաղաք համարվելուց. աղբակույտեր Սարյանի ու Լեոյի փողոցների աջակողմյան հատվածներում, Սայաթ-Նովայի պողոտայի հարակից պուրակներում դեռ փտում են աշնանային տերեւները, իսկական աղբանոցներ են հիշեցնում Սիլիկյան թաղամաս տանող խճուղիները, գարշահոտություն Արմավիրի ու Արտաշատի ջրանցքների շատ հատվածներում, ոչ մի սրբություն չճանաչող մարդիկ իրենց կենցաղային ու շինարարական թափոնները անարգել տանում են Եռաբլրի մատույցներ։ Այս տգեղ երեւույթի դեմ շաբաթօրյակները լոկ զավեշտական պատնեշ են՝ կռիվ հողմաղացների դեմ։ Եվ կռիվն այդ արժանի չէ անգամ ներողամիտ ժպիտի։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել