Վարչական վերաքննիչ դատարանում է գտնվում Դավիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ պատասխանողներ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի 20.02.2026 թվականի՝ «Դավիթ Հմայակի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու (կիրառելու) մասին» N 45-Ա որոշումը եւ ՀՀ ԱՆ «Գորիս» Քրեակատարողական հիմնարկի պետի՝ 23.02.2026 թվականի «Դավիթ Հովհաննիսյանին քրեակատարողական ծառայությունից ազատելու մասին» N 29-Ա հրամանը անվավեր ճանաչելու, Դավիթ Հովհաննիսյանին նախկին պաշտոնում վերականգնելու եւ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու պահանջների մասին գործը։
Վարչական դատարանը հուլիսի 31-ին այն բավարարել էր մասնակի. անվավեր էր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 20.02.2026 թ. «Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու (կիրառելու) մասին» N 45-Ա որոշումը, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի 23.02.2026 թվականի «Դավիթ Հովհաննիսյանին քրեակատարողական ծառայությունից ազատելու մասին» N 29-Ա հրամանը, պարտավորեցրել «Գորիս» քրեակատարողական հիմնարկին՝ իրավասու պաշտոնատար անձի միջոցով, Դավիթ Հովհաննիսյանին վերականգնել քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնում։
Դատարանը պարտավորեցրել էր «Գորիս» քրեակատարողական հիմնարկին Դավիթ Հովհաննիսյանին վճարել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական փոխհատուցումը՝ նրան չվճարված աշխատավարձի չափով՝ 2026 թ. փետրվարի 23-ից մինչեւ նրա փաստացի վերականգնումը, սակայն ոչ ավելի, քան մինչեւ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ հաշվարկը կատարելով օրենքով սահմանված կարգով։
Ինչու էր ՔԿՀ աշխատակիցը հայտնվել վերադասի «թիրախում»։
ՀՀ ԱՆ «Գորիս» Քրեակատարողական Հիմնարկի ԿԱՀՏԱԽ-ի ղեկավար Շահանե Շահնազարյանի կողմից 09.01.2026 թ. ՀՀ ԱՆ «Գորիս» Քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ՝ Գեւորգ Բաղդասարյանին ուղղված զեկուցագրի համաձայն՝ հայցվորը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ 2026 թ. հունվարի 9-ին չի ներկայացել «Գորիս» ՔԿՀ, քանի որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի 07.01.2026 թվականի հրամանը բողոքարկել է ՀՀ Արդարադատության նախարարին։ Շ. Շահնազարյանը 12.01.2026 թ. «Գորիս» ՔԿՀ պետ, արդարադատության փոխգնդապետ՝ Գեւորգ Բաղդասարյանին ուղղված զեկուցագրով վերջինին հայտնել է, որ հունվարի 12-ին իր հետ կապի է դուրս եկել Դավիթ Հովհաննիսյանը եւ տեղեկացրել, որ ունի առողջական խնդիրներ եւ չի կարող ներկայանալ հիմնարկ։ Հայցվորի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն հունվարի 9-ին ՔԿՀ չներկայանալու հիմքով։
Կարդացեք նաև
Ըստ գործի նյութերում առկա հայցվորի բացատրության, պարզվել է, որ հայցվորը հունվարի 19-ին անաշխատունակության թերթիկը վերցրել է «Փանիկի» առողջության կենտրոն ՊՈԱԿ-ից եւ նույն օրը Արթիկից մեկնել է Գորիս՝ այն «Գորիս» քրեակատարողական հիմնարկին ներկայացնելու համար։ Եղանակային պայմանների պատճառով ճանապարհները եղել են դժվար անցանելի եւ հայցվորը հասել է Գորիս հունվարի 19-ին, արդեն աշխատանքային ժամի ավարտից հետո։ Հայցվորը հունվարի 20-ին ներկայացել Է «Գորիս» ՔԿՀ, ներկայացրել Արթիկի բժշկական կենտրոնի 12.01.2026 թ. խորհրդատվական թերթիկը, որի համաձայն՝ նշանակվել է դեղորայքային բուժում, կար նաեւ ախտորոշումը։ Ծառայողական քննության ընթացքում փաստել են, որ անհարգելի պատճառներով հայցվորը չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Ծառայողական քննությունը ավարտվել է 10.02.2026 թվականին։ Հայցվորն ասել էր, թե չի իմացել, երբ պետք է ներկայացներ անաշխատունակության թերթիկը։ Քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ՝ Գեւորգ Բաղդասարյանը իր 10.02.2026 թ. որոշմամբ միջնորդել է ԱՆ Քրեակատարողական ծառայության պետին՝ հայցվորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու/կիրառելու հարցը քննարկել։ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի 20.02.2026 թ. «Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու (կիրառելու) մասին» N 45-Ա որոշմամբ նախատեսվել է առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները չկատարելու համար «Գորիս» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել (կիրառել) «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ։ Նույն իրավական հիմքերով հայցվորը այժմ ենթարկվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժի։
«Տվյալ պարագայում, հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի կանոնը՝ Հայցվորի առաջին աշխատանքային օրը պետք է լիներ ոչ թե հունվարի 9-ը, այլ հունվարի 16-ը։ Ուստի, գտնում ենք, որ հայցվորի կողմից հունվարի 9-ին աշխատանքի չներկայանալու համար ծառայողական քննություն նշանակելը իրավաչափ չի եղել։ Տվյալ պարագայում, գործատուն չի կատարել իր աշխատանքային պարտականությունը, այն է Աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցի փոփոխման մասին աշխատողին ծանուցումը։ Հետեւաբար, հայցվորը տեղյակ չլինելով եւ ծանոթացած չլինելով իր աշխատանքի ժամանակացույցին՝ չէր կարող կանխորոշել իր աշխատանքի առաջին օրը եւ իր աշխատանքային հերթափոխի օրերն ու հանգստի օրերը։ Վերոնշյալի հաշվառմամբ գտնում ենք, որ հայցվորի կողմից հունվարի 9-ից 12-ը եւ 18-19-ը աշխատանքի չներկայանալը եղել է հարգելի, քանի որ հայցվորը տեղյակ չի եղել իր աշխատանքի ժամանակացույցի մասին։ Հետեւաբար, հայցվորի նկատմամբ «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժի կիրառումը իրավաչափ չէ»,-նշել էր հայցվորի ներկայացուցիչը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2026



















































