Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ՏՈՆԸ

Մայիս 09,2002 00:00

ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ՏՈՆԸ Տոնակատարությունների օրերին ընդունված է միայն լավ բաներ ասել։ Եվ «Երկրապահի օրը» պաշտոնապես առաջին անգամ տոնելուն նվիրված երեկվա հանդիսավոր նիստի մասնակիցներն աշխատեցին պահպանել այդ կանոնը։ «Ես երկրապահ եմ։ Չգնահատված լինելու փաստն իմ մեջ չարության չի վերածվում։ Իշխանավորների եւ ընդդիմադիրների ունեցվածքին աչք չունեմ։ Ես իմ ապրելու ձեւն ունեմ, դուք՝ ձերը։ Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում էին հաղթանակների մասին։ Իմ որդին կծնվի մի երկրում, ուր հաղթում եւ պահպանում են այդ հաղթանակները»,- այս ոգեշունչ տողերը հանդիսավոր նիստի սկզբում ասաց «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը, լրագրողների համար բացահայտելով ասմունքողի իր տաղանդը։ Ի դեպ ասած, նկատի առնելով Կինոյի տան առջեւ (որտեղ տեղի էր ունենում հանդիսավոր նիստը) «Ջիփ»-երի առատությունը, կարելի էր եզրակացնել, որ գոնե երկրապահական վերնախավը բոլորովին կարիք չունի աչք տնկելու իշխանավորների կամ ընդդիմադիրների ունեցվածքին։ Պարզվեց նաեւ, որ առանց գրավոր տեքստի շատ ավելի հարթ ու սահուն է խոսում պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը։ Բավական գրագետ հայերենով նա ասաց. «Հազարավոր մարդկանց ոգին մեզ թելադրում է միշտ միասին լինել եւ գաղափարը ճիշտ ուղով տանել։ (…) Շնորհավորում եմ ձեզ ձեր միասնության համար։ (…) Ոչ մեկից չի կարելի նեղանալ՝ միայն ինքներս մեզանից։ Եթե մենք բոլորով միասին լինենք՝ մենք կարող ենք շատ հարցեր լուծել, մեր թերությունները շտկել, այն, ինչ որ ժամանակին հասկանալով-չհասկանալով ենք արել՝ այսօր ճիշտ անել։ Եվ ցանկանում եմ բոլորիդ՝ մեր ապագային ուղիղ նայել։ Մենք դեռ անելու շատ բան ունենք»։ Ե՛վ ԵԿՄ համագումարին, ե՛ւ «Երկրապահի օրվան» նվիրված հանդիսավոր նիստին հրավիրյալ մասնակիցների ցանկում իր մշտական տեղն ուներ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Այս անգամ նաեւ ողջույնի խոսք ասաց. «Մենք պարտավոր ենք կյանքի կոչել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գաղափարները, միասնության գաղափարը՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»։ Միայն կռահելի քաղաքական ենթատեքստ ունեին նաեւ այս նիստում ընդդիմադիր այլ գործիչների ելույթները եւս։ Թեեւ ԵԿՄ վարչության անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը դեռ համագումարում էր նշել, որ պետական ծառայության մեջ գտնվող իր ընկերներին անհարմար վիճակի մեջ չգցելու համար նախընտրում է այս հավաքներին խոսել ոչ իբրեւ քաղաքական գործիչ, այլ իբրեւ երկրապահ. «Համոզված եմ, որ բոլոր վետերանները, անկախ նրանց կրթական մակարդակից, անկախ այն հանգամանքից՝ նրանք այսօր աշխատանք ունե՞ն, թե՞ ոչ, անկախ նրանից, թե ինչպես են այսօր վերաբերվում իշխանությանը՝ պետք է գործեն մեկ գաղափարով ու սկզբունքով՝ ամեն ինչ պետք է անել Հայրենիքի համար։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանանք ապրել այս հողի վրա եւ ամրապնդենք մեր պետականությունը։ Եվ դրանով իսկ մենք կարող ենք երաշխավորված տեսնել մեր ժողովրդի եւ երեխաների ապագան»։ Ելույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Ինչպես եւ Մանվել Գրիգորյանը, նա եւս սկսեց իրարից չնեղանալու եւ թերությունները շտկելու կոչեր անել։ Բայց ոչ միայն. «Շնորհավորում եմ իմ եղբորը՝ Վազգենին, իր ստեղծած կառույցի համար, որն, ինչքան էլ ուզեն, թե չուզեն՝ այս երկրի ամենակուռ եւ ամենաուժեղ կառույցն է։ Եվ ոչ ոք թող չփորձի դա խփել իր ատամին, որովհետեւ դա կոտրվող ձու չի (մեծ էր գայթակղությունն այս ռեպորտաժը վերնագրելու «ԵԿՄ-ն՝ չկոտրվող ձու» կամ «Երկրապահները՝ չկոտրվող ձվեր».- Ա. Ի.)։ Խորհուրդ կտայի բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են ինչ-որ կերպ վարկաբեկել «Երկրապահին»՝ փորձեք հիշել երկրապահներին 10-12 տարի առաջ։ Նրանք նման էին խաչակիրների։ Նրանք սրբեր էին։ Իհարկե, սուրբ լինելը դժվար է։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը 33 տարի դիմացավ։ Բայց նրանք մնացին սուրբ՝ իրենց տված արյամբ։ Եվ բազմաթիվ հարցերում «Երկրապահին» ներել է պետք. նրանք վաստակել են ներվելու այդ իրավունքը»։ Եթե ԵԿՄ-ում շարունակվի համընդհանուր ներման եւ միասնականության նման մթնոլորտ տիրել, ամենայն հավանականությամբ՝ շատ շուտով իշխանություններն ի մի կբերեն ԱՎՄ-ի տրոհված բեկորները՝ երկրապահներին դարձյալ հակակշիռ ձեւավորելու համար։ Եվ այդժամ նորից կփորձարկվի չկոտրվող ԵԿՄ-ի ամրությունը։ Սակայն հարկ չկա տխուր բաների մասին խոսել։ Մանավանդ որ, նիստի ավարտն իրոք հանդիսավոր էր։ Եղան բազմաթիվ պարգեւատրումներ։ ԵԿՄ-ի «Վազգեն Սպարապետ» շքանշան էր հիմնվել, որին առաջինն արժանացավ Վազգեն Սարգսյանը։ Հետմահու այդ շքանշանին արժանացան նաեւ Վահան Զատիկյանը, Արմենակ Արմենակյանը եւ այլք։ ԵԿՄ վարչության ներկա անդամներից այդ շքանշանը ստացան Մանվել Գրիգորյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալբերտ Բազեյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հայկազ Բաղմանյանը, Արշալույս Փայտյանը, Սեյրան Սարոյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլք։ «Իսկական շքերթի շքանշան է»,- եղբոր դիմաքանդակով շքանշանին նայելով՝ ասաց Արամ Սարգսյանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել