Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Մայիս 09,2002 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Ուզունյանը երեկ հրապարակեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հերթական նամակը՝ ուղղված հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ամբաստանյալը գրում է. «Հարգելի նախագահ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո երկրում ստեղծվել է ահաբեկչական մթնոլորտ, որի հիմնական հեղինակն է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ նախաքննությունն իրականացնող մարմինը: Այսքան անօրինականությունների համար ինչո՞վ են հատուցել ահաբեկիչները, ոչնչով: Գագիկ Ջհանգիրյանը ոչ միայն բանտում չէ, այլեւ դեռ զինվորական դատախազությունում է: Ժամանակի հրամայականն է՝ այդ խաժամուժին դատելը: Գագիկ Ջհանգիրյանի տեղը բանտն է: Եթե դա չանեք, ապա Ձեր հետագա պաշտոնավարությունը անիմաստ է դառնում»: Այնուհետեւ ամբաստանյալն իր գրածի առնչությամբ բանավոր պարզաբանում տվեց: Նա հայտարարեց, որ նախագահից մի պահանջ ունի՝ որ վերջինս օրինականություն հաստատի երկրում. «Ես ժամանակ եմ տվել նախագահին, եթե չանի, ապա ես դուրս կգամ նրա դեմ: Ես կպահանջեմ նրա հրաժարականը, դա եւս պիտի անեմ»: Դատավորը զարմացավ, մի՞թե ամբաստանյալը սպառնում է նախագահին: Հունանյանը, պարզվեց, ոչ թե սպառնում, այլ զգուշացնում է Ռոբերտ Քոչարյանին: Դատավարության մասնակիցները նույնիսկ քննարկման առարկա դարձրին նամակը: Տիգրան Ջանոյանն առաջարկեց այն հանձնել գործից անջատված մասի քննությունն անցկացնող խմբին: Սակայն Ռուբեն Սահակյանն առարկեց: Ըստ Սահակյանի, եթե նամակում կան մեղադրանքներ ուղղված զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, անիմաստ է նամակն ուղարկել իրեն: Մեղադրողն առաջարկեց անուշադրության մատնել նամակը՝ որպես հերթական հերյուրանք: Այնուամենայնիվ, դատավորը որոշեց նամակն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն: «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել