Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու որոշում՝ երկուսն էլ մի բոյի

Մայիս 10,2002 00:00

Երկու որոշում՝ երկուսն էլ մի բոյի «Իմ զբաղեցրած տարածքի ողջ մայթն ասֆալտապատել եմ։ Դրանից զատ վերանորոգել եմ շենքի դիմացի սիզամարգային գոտին, եզրային շարվածքները եւ, կարծում եմ, որ ոչ մի թաղապետ կամ թաղապետարան, քաղաքապետ կամ քաղաքապետարան իրավունք չունի քաղաքն ավերելու»,- այս խոսքերով սկսեց իր բողոքը Փափազյան 22 շենքի բնակիչ, տեսողությունից առաջին կարգի հաշմանդամ Թելման Բոյաջյանը։ Օրերս նշյալ հասցեում ծագած վեճն իր նախապատմությունն ուներ։ Ըստ «Առավոտին» ահազանգած բնակիչների, դեռ մի քանի ամիս առաջ իրենց շենքի բնակիչ Սերիկ Մարկոսյանը կտրել էր բակի ծառը, ջարդել կանաչապատ տարածքի ցանկապատը՝ տեղում տաղավար տեղադրելու ակնկալիքով։ Սակայն ժամանակին տեղ հասած ոստիկանները կասեցրել էին «գործընթացը»։ Թեեւ որոշ ժամանակ կրքերը հանդարտվել էին, բայց տաղավար ունենալու միտքը չէր լքել Ս. Մարկոսյանին։ Եվ ապրիլի 29-ին նորից կրպակը տեղադրելու փորձը ծեծկռտուք էր առաջացրել կրպակատիրոջ եւ բնակիչների միջեւ։ Բնակիչների խոսքերով. «Մենք դեմ չենք, որ շենքի ցանկացած բնակիչ տաղավար ունենա։ Սակայն եթե դա օրենքով է եւ գտնվում է համապատասխան վայրում»։ Ի դեպ, նշենք, որ խմբագրություն այցելած նույն շենքի բնակիչ, «Խարիսխ» ՍՊԸ-ի տնօրեն Թ. Բոյաջյանը իր հետ բերել էր փաստաթուղթ, ըստ որի, ինքը հանդիսանալով «Խարիսխ» ընկերության տնօրեն, 2001թ. ապրիլի 2-ին քաղաքապետարանի «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի կողմից ստացել էր թույլտվություն՝ շենքի դիմացի մայթը սեփական միջոցներով բարեկարգելու, կանաչապատելու։ Հավելենք, որ «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի տնօրեն Ա. Ղազարյանի ստորագրությամբ փաստաթղթում նաեւ նշվում էր, որ «բացառվում է խնդրվող տարածքում շինարարական աշխատանքների կատարումը»։ Իսկ 2002թ. ապրիլի 19-ին քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ստորագրությամբ առկա փաստաթղթում նույնպես նշված էր, որ «Հատկացումով նշված տարածքի վրա որեւէ տաղավարի կամ այլ առեւտրային կառույցի տեղադրում նախատեսված չէ եւ չի թույլատրվում, քանի որ այն տրամադրվում է «Խարիսխ» ՍՊԸ-ին՝ իրենց միջոցներով բացառապես բարեկարգելու եւ կանաչապատելու նպատակով»։ Վերը նշյալ հասցեի մի խումբ բնակիչների խնդրանքով, հարցը լուսաբանելու համար «Առավոտը» դիմեց Արաբկիրի համայնքի թաղապետարան։ Առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Միհրան Եգանյանի խոսքերով. «Փափազյան 22 շենքի բնակիչ Ս. Մարկոսյանը դեռ 2001թ. օգոստոսին է ստացել կրպակ տեղադրելու թույլտվությունը եւ թաղապետարանում առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Կա հաստատված նախագիծ քաղաքապետարանի կողմից։ Վճարված են տուրքերն ու վճարները»։ Իհարկե, «Առավոտը» չի կասկածում, որոշումներ ընդունելու հարցում քաղաքապետարանի ոչ ճարպկությանը, ոչ «բեղունությանը»։ Սակայն նրա երկդիմի որոշումը այս հարցի վերաբերյալ գերազանցեց մեր բոլոր սպասելիքները։ Իսկ մեր այն հարցին, թե ինչպես են թույլտվություն ստանում ծառը հատելու կամ կանաչապատ տարածքը վերացնելու համար, այդպես էլ ոչ ոք չպատասխանեց։ Կարեւորը, որ նրանք «օրինական» են գործում։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել