Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում «Սայաթ-Նովայից» հետո

Մայիս 10,2002 00:00

Որոշում «Սայաթ-Նովայից» հետո Օրերս Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ երիտասարդ երգահան Արամ Ավագյանի անդրանիկ հեղինակային ստեղծագործական երեկոների վերջին՝ 20-րդ համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ ոչ միայն Երգի թատրոնի կազմի, այլ նաեւ սիրված այլ անհատ կատարողների։ Արամ Ավագյանի առաջին ստեղծագործությունը եղել է դաշնամուրի համար գրված պիես, իսկ առաջին երգը նա գրել է հինգերորդ դասարանում։ Ունի երաժշտական կրթություն, սովորել է նաեւ Ա. Բակունցի ջազային քոլեջում։ Հիմնականում ստեղծագործում է սոուլ ոճում։ Երաժշտությունից բացի, անչափ սիրում է սպորտը, մասնավորապես ֆուտբոլը։ Ունի շատ ընկերներ եւ ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել մտերիմների շրջապատում։ Գնահատում է ազնվությունը, ատում՝ սուտն ու կեղծիքը։ – Մուտքդ Երգի թատրոն։ – Զինծառայությունից հետո՝ 1998 թվականին, իմ առաջին պրոֆեսիոնալ ձայնագրությամբ՝ «Անձրեւ» երգով, մասնակցեցի Երգի թատրոնում անցկացվող «Այո» հեռուստամրցույթին եւ շահելով 3-րդ մրցանակը՝ ընդունվեցի Երգի թատրոն, որտեղ եւ աշխատում եմ մինչ օրս։ Շնորհակալ եմ Աստծուն, որ հանդիպեցի իմ գեղ. ղեկավար Ա. Գրիգորյանին, որն իսկապես հրաշալի մարդ է եւ ես վստահ եմ, որ ցանկացած պահի եւ ցանկացած իրավիճակում ունեմ նեցուկ եւ հենարան։ – Մի քանի տասնյակ երգերի հեղինակ ես։ Երգերդ ինչպե՞ս են գտնում իրենց հասցեատերերին։ – Սովորաբար երգը գրելուց հետո եմ ընտրում կատարողին, թեեւ լինում են նաեւ դեպքեր, երբ գրելիս արդեն զգում եմ, թե ով այն առավել լավ կմատուցի։ Լինում է եւ այնպես, երբ նախապես գիտեմ, թե ում համար եմ գրում կոնկրետ այս կամ այն երգը։ Ի դեպ, իմ երգերից շատերը ներկայացնում եմ նաեւ ինքս։ – Ո՞ր հեղինակների հետ ես համագործակցում։ – Տեքստային առումով համագործակցում եմ Արամայիս Սահակյանի, Սրբուհի Ստամբոլցյանի, Անիտա Հախվերդյանի հետ։ Ու թեեւ իմ երգերից մի քանիսն ինքս ես գործիքավորում, բայց եւ այնպես համագործակցում եմ նաեւ գործիքավորողներ Արա Թորոսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հետ։ – Իսկ կա՞ն այնպիսի երգեր, որոնց տեքստերն ինքդ ես գրել։ – Դրանք երկուսն են։ Սովորաբար ես տեքստեր չեմ գրում, բացառությամբ «Չգիտեմ ինչու» անվանումը կրող երգի, որի թե՛ երաժշտությունը եւ թե՛ բառերն ինձ են պատկանում։ Հանդիսատեսի կողմից մեծ սեր վայելող «Արի, արի» երգի տեքստի համահեղինակն եւս ես եմ։ – Ի՞նչ մրցույթների ես մասնակցել։ – Նախորդ տարի մասնակցելով «Սայա թ-Նովա-2001»-ին, հաստատապես որոշել եմ այլեւս չմասնակցել ոչ մի մրցույթի, քանզի չեմ ընդունում մրցակցությունն արվեստում։ Ըստ իս՝ ամենաբարձր մրցանակը հանդիսատեսի անաչառ գնահատականն է։ Իմ հեղինակային «Արի, արի» երգով երգչուհի Լիանան Բուլղարիայում անցկացված «Դիսքավըրի» միջազգային մրցույթում շահել է Գրան պրի մրցանակ, իսկ իմ վերջին «Լուսին» երգը ռադիո «Վանի» «Ոսկե քնար» նախագծի շրջանակում ճանաչվել է մարտ ամսվա լավագույն երգ։ – Վերջերս համերգային ծրագրով մեկնել էիր Վայք։ Պատմիր այդ մասին։ – Ապրիլի 6-ին Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ ինձ անչափ հաճելի նվեր մատուցեցին Երգի թատրոնի ողջ անձնակազմը, ինչպես նաեւ Սյուզան Մարգարյանը եւ Սիրուշոն, որոնք ինձ հետ միասին մեկնեցին իմ ծննդավայրը՝ Վայք եւ այնտեղ ունեցած մեր երկու համերգից գոյացած ողջ գումարը փոխանցեցին իմ հարազատ Վայքի մշակույթի տան վերանորոգմանը։ Օգտվելով առիթից, ես իմ երախտիքն եմ ուզում հայտնել բոլոր մասնակիցներին՝ այս բարի գործում ունեցած ներդրման համար։ – Խոսենք նաեւ առաջիկա ծրագրերիդ մասին։ – Շուտով իմ երկրպագուներին կուրախացնեմ մի քանի նոր երգերով, որոնք պատրաստվում եմ գրել Հայկոյի, Սյուզան Մարգարյանի եւ Նունե Եսայանի համար։ Մինչ տարեվերջ նրանց կնվիրեմ նաեւ իմ անդրանիկ ձայնասկավառակը, որն, ի դեպ, կկրի «Արի, արի» անվանումը եւ բաղկացած կլինի իմ հեղինակային 10-12 երգերից, որոնք կմատուցվեն ոչ միայն Երգի թատրոնի երգիչների, այլ նաեւ իմ եւ այլ անհատ կատարողների կողմից։ Նշեմ, որ իմ որոշ երգերի ձայնագրությունների գործում ժամանակ առ ժամանակ ինձ օգնում է «Դիադորա» ֆիրման։ Ի դեպ, տեղեկացնեմ նաեւ, որ շուտով հյուրախաղերով կմեկնեմ Գյումրի։ Ունեմ հյուրախաղերի արտերկրյա հրավերներ եւս։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել