Խոր վշտով տեղեկացանք մեր ընկեր, ազատամարտիկ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մահվան մասին։
Մյասնիկ Մալխասյանը 1988 թվականին Ապարանի տարածաշրջանում Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից էր։ Նա կանգնած էր Ապարանի կամավորական ջոկատների կազմավորման ակունքներում և մասնակցեց Արցախյան ազատամարտին։ Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար Մյասնիկ Մալխասյանն արժանացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանի։
Նույն խիզախությունն ու սկզբունքայնությունը նա դրսևորեց քաղաքական կյանքում։ 2007 թվականից, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, Մյասնիկ Մալխասյանը միացավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը և հրապարակավ պաշտպանեց քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ 2008 թվականի Մարտի 1-ից հետո կալանավորվեց «Յոթի գործով»։ Անազատությունն ու քաղաքական հետապնդումը չշեղեցին Մյասնիկ Մալխասյանին իր ընտրած ճանապարհից։ Նա շարունակեց իր պայքարը Հայ ազգային կոնգրեսի շարքերում։
Մենք երախտագիտությամբ կհիշենք Մյասնիկ Մալխասյանի ծառայությունը հայրենիքին և այն քաղաքական խիզախությունը, որով նա վճռական օրերին կանգնեց ժողովրդի կողքին։
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում Մյասնիկ Մալխասյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին և բոլոր համախոհներին։
ՀԱԿ


















































