Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ժամանակ ինձ համար առավել քան ակնհայտ դարձավ, թե որքան հեռու կարող է գնալ մարդը՝ ամեն գնով կալանքի որոշում կայացնելու նպատակով․ Գայանե Պապոյան

Նոյեմբեր 15,2026 18:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն է ներկայացվել դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Այս առնչությամբ մի դրվագ հիշեցի։

Երբ դատավոր Մասիս Մելքոնյանը քննում էր Լևոն Քոչարյանի նկատմամբ կալանք խափանման միջոցի հարցը, ես, ներգրավված լինելով որպես պաշտպան, նրան ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցի։

Հիմքը իմ և Մ. Մելքոնյանի միջև առկա ազգակցական կապն էր։

Ընդ որում, խոսքը ոչ թե հեռավոր ազգակցական կապի մասին էր, այլ Մ. Մելքոնյանի և իմ մայրական կողմի ազգականների միջև մշտապես եղել են բարեկամական շփումներ։ Ավելին՝ մենք ինքներս երկար տարիներ ճանաչել ենք միմյանց և շփվել՝ գիտակցելով նաև ազգակիցներ հանդիսանալու փաստը։

Իհարկե, նրա նկատմամբ իմ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել էր՝ պայմանավորված նրա կողմից կայացրած կալանավորման որոշումների նկատմամբ իմ մասնագիտական և սկզբունքային անհամաձայնությամբ, սակայն դա չէր կարող վերացնել մեր միջև գոյություն ունեցող ազգակցական կապը։

Եվ ահա, Լևոն Քոչարյանի դատական նիստի ընթացքում Մասիս Մելքոնյանը հայտարարեց, թե իրեն հայտնի չեն մեր ազգակցական կապի վերաբերյալ հանգամանքները։ Ավելին՝ մատնանշեց, որ ես այդ կապը հաստատող որևէ տեղեկանք չեմ ներկայացրել։

Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր։

Հենց դատական նիստի ընթացքում նա հասցրեց Ֆեյսբուքի իր ընկերների ցանկից հեռացնել ինձ և մեր այն ազգականներին, ովքեր ընդհանուր ՖԲ ընկերներ էին հանդիսանում:

Այդ ժամանակ ինձ համար առավել քան ակնհայտ դարձավ, թե որքան հեռու կարող է գնալ մարդը՝ ամեն գնով կալանքի որոշում կայացնելու նպատակով։

Այսօր, հետևելով նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պարզապես հիշեցի այդ դրվագը։

Կյանքը երբեմն զարմանալի ճշգրտությամբ է վերադարձնում մարդկանց իրենց իսկ վերաբերմունքն ու վարքագիծը։

Կյանքը բումերանգ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել