Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԻՍԿԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է

Հունիս 05,2002 00:00

ՌԻՍԿԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է «Սիսիանի տպարան» ԲԲԸ-ն այսօր կանգնած է փակման վտանգի առջեւ… 30-ականներից Սիսիանում գործող տպարանը այսօր աշխատում է իր հզորության միայն 40-50%-ով։ Սա պատճառաբանվում է նրանով, որ Սիսիանում գործող խոշոր ձեռնարկությունները գերադասում են իրենց փաստաթղթերի բլանկների գերակշիռ մասը ստանալ իրենց վերադասից, ասել է թե՝ դրսից։ Եթե համեմատենք 1 էջի պատճենահանման արժեքի հետ, ապա ստացվում է, որ տպարանում 1 էջի արժեքը 50%-ով ցածր է, քան պատճենահանման դեպքում։ 1998-ին տպարանը սեփականաշնորհվեց, բաժնեմասերի 51%-ը պատկանում է 1995-ից Սիսիանի տպարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած, այսօր ԲԲԸ խորհրդի նախագահ, միաժամանակ գործադիր տնօրեն Նորայր Գուգանյանին։ Նա նշեց, որ 95-ին տպարանում աշխատում էր 16 մարդ, այսօր՝ 5-ը։ Նրա խոսքերով, տպարանում այսօր տպվում են հիմնականում հաշվապահական փաստաթղթեր։ Ժամանակին այս տպարանում կար բարի ավանդույթ՝ թերթերի տպագրություն, ինչն այսօր միայն հիշողություն է։ Սակայն Ն. Գուգանյանի խորին համոզմամբ, իրենք հնարավորություն ունեն թերթ տպելու նաեւ 500 տպաքանակի դեպքում։ 1 թերթի ինքնարժեքը կկազմի ընդամենը 40 դրամ։ Միակ խնդիրը թերթի նկարազարդումն է, ինչն առայժմ տպարանը չի կարող իրագործել։ Մտածելու տեղիք է տալիս նաեւ այն փաստը, որ այսօր արդեն Սիսիանում լույս տեսնող «Որոտան» եւ «Սիսիանի ձայն» թերթերից ոչ մեկը չի տպագրվում տեղի տպարանում։ Պատճառն ակնհայտ է, «Սիսիանի տպարան» ԲԲԸ-ում ժամանակակից սարքավորումներ չկան, տպարանն այսօր էլ շարունակում է աշխատել 30-ականներից ժառանգած տպագրական մեքենաներով: Այսօր տպարանը չի համալրվում ժամանակակից տեխնիկայով, քանզի վերազինումը, ըստ Գուգանյանի, Սիսիանի պայմաններում ձեռնտու չէ, ասել է թե՝ չի արդարացնի։ Այստեղ բախվում են շահերը. թերթի խմբագրակազմը ցանկանում է տպագրության վերջնական արդյունքում ունենալ որակյալ թերթ, սակայն դա հնարավոր է միայն նոր սարքավորումներով, մինչդեռ տպարանը չեն վերազինում այն մտավախությամբ, որ դրանից շահույթ ակնկալելը պարզապես անհեթեթություն է։ Մնում է միայն փաստել, որ Վայոց ձորում, ինչպես նաեւ Սյունիքի մարզում «Սիսիանի տպարան» ԲԲԸ-ն միակ գործող նմանօրինակ հիմնարկությունն է եւ ձեռնարկությունների գոնե մասնակի վերազինումը մեր օրերում անհրաժեշտություն է, ոչ թե շռայլություն։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել