Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԲԱԽՈՐՏԻԿ ՈՒՏԵԼԸ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է

Հունիս 14,2002 00:00

ՆՐԲԱԽՈՐՏԻԿ ՈՒՏԵԼԸ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է Չնայած նրան, որ հանրապետությունում գործում են լորաբուծական բազմաթիվ տնտեսություններ, այնուամենայնիվ ճյուղի զարգացումը դանդաղում է՝ լորի մսի իրացման դժվարությունների պատճառով։ Ինչ վերաբերում է ձվին, ապա Հայ լորաբույծների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Կառլեն Ղուլյանը նշեց, որ այն անհամեմատ հեշտ է իրացվում, քանի որ առկա են մշտական սպառողները՝ Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու բարձրակարգ խանութները։ Իսկ «Լորիկ» պատրաստուկը, որի հեղինակային իրավունքը պատկանում է ասոցիացիային, նպաստում է մի շարք հիվանդությունների (այդ թվում՝ սեռական անկարողություն) բուժմանը։ Ասոցիացիային անդամակցում են մի քանի տասնյակ անդամներ, նրանցից շատերն արդեն տնտեսական լուրջ գործունեություն են ծավալել։ Ասոցիացիայի նախագահի մոտավոր հաշվարկներով, փոքր տնտեսությունն ամսական ապահովում է 500-600 դոլար եկամուտ։ Ասոցիացիայի որոշ անդամներ մեկնել են արտերկիր (Ռուսաստան, Գերմանիա, Ֆինլանդիա, ԱՄՆ եւ այլուր), որտեղ հիմնել են լորաբուծական տնտեսություններ։ Նրանց տնտեսական եկամուտը մի քանի անգամ գերազանցում է տեղի արտադրողներին, քանի որ դրսում չկա լորի մսի իրացման դժվարություն։ Իսկ լորի միս գնելը մեզ համար, ինչ խոսք, շռայլություն կլիներ, չնայած մենք նույնպես գիտենք, որ այն դիետիկ է, բնապահպանորեն մաքուր, համարվում է որսի միս՝ նրբխորտիկ։ Ի դեպ, արտահանման խնդրի լուծման դեպքում ասոցիացիան ստացված միջոցները կտրամադրի տեղում պրեպարատների արտադրություն կազմակերպելուն, որն ավելի եկամտաբեր է, քան բուն լորաբուծությունը։ Զարգացման հայկական գործակալությունը լորի մսի արտահանման ուղղությամբ ուսումնասիրություններ է կատարում։ Ասոցիացիան նախատեսել է լորաբուծության զարգացման ծրագրեր ներդնել գաղութներում, որը կալանավայրերում գտնվողների համար հոգեբանական եւ դաստիարակչական նշանակություն կունենա։ ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել