Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԻ»

Հունիս 25,2002 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԻ» Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները վկայում են միայն խիստ կասկածելի վարք ու բնավորություն ունեցող անձնավորության մասին: Ուստի մենք որոշեցինք զրուցել նրա նախկին գաղափարակից ու զինակից, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի հետ՝ պարզելու համար, թե էլ ինչպիսի անակնկալներ կարելի է սպասել Ռոբերտ Քոչարյանից: -Անշուշտ, ճանաչում եմ նրան եւ շատ երկար տարիներ: Երեւի ես այն սակավաթիվ մարդկանցից եմ, որոնք շատ մոտիկից շփվել, ծանոթ են եղել ու համատեղ աշխատել են Քոչարյանի հետ: Բնավորության նմանատիպ դրսեւորումներ՝ «ականջ քաշելու, բաժին տանելու», իհարկե եղել են նաեւ այն ժամանակ, երբ Ղարաբաղը պատերազմի մեջ էր: Նա աչքի էր ընկնում համառությամբ, պատժելու, իր ասածն անելու, սեփական եսը, որքան էլ այն սխալ լինի, առաջ տանելու առումով: Բնավորության այդ հատկանիշները միշտ բնորոշ են եղել Ռոբերտ Քոչարյանին: Այն տարիներին սակայն, երբ Ղարաբաղում պատերազմ էր՝ պետք էր բռունցք, համառություն, հաստատակամություն, ինչն անհրաժեշտ էր պարզապես պատերազմը ղեկավարողին: Այն ժամանակ դա նաեւ ՀՀՇ-ի հավանության դաշտում էր, քանի որ բազմակուսակցականությունն ու այլախոհությունը պատերազմող փոքր երկրի համար այնքան էլ ընդունելի չէր: Եվ այդ մոդելն այնտեղ իրեն արդարացրեց: Քոչարյանը միանձնյա ղեկավար էր Ղարաբաղում: Ցավոք, Քոչարյանի սխալն այն էր, որ արդարացված այդ մոդելը որոշեց նաեւ կիրառել Հայաստանում՝ մտածելով, թե այն կարող է իրեն արդարացնել նաեւ այստեղ: Եվ այդ մոդելով Հայաստանում շարունակեց իր գործունեությունը: Այլախոհության, այլակարծության, բազմակուսակցականության մերժումը դարձավ նրա գործելակերպը: Եվ նրա վերջին դրսեւորումներն, անշուշտ, դրա արտահայտությունն են: Արդեն մի քանի անգամ դրանք արտահայտվել են տարբեր դատավարություններով, սպանություններով: Վնասելով երկրի շահերը՝ նա խնդիր ունի պահպանել սեփական իշխանությունը, մենատիրական ղեկավարումը՝ մերժելով քաղաքական դաշտի գոյությունը: Փաստորեն իր ասած «ուչաստկովիի» քաղաքականությունն անձամբ ինքն է ստանձնել, եւ ցանկացած մարդ, որը կմեղադրի իրեն, կամ կհամարձակվի այլ կարծիք հայտնել, կուսակցություն, որն իրեն կհամարի Քոչարյանին ընդդիմություն, կամ որեւիցե մի լրատվամիջոց, որը համաձայն չի լինի «վերին Աստծո» կարծիքին, նա պետք է պատժվի: Սա բնորոշ է նրան: – Այսինքն, նա չի՞ հանդուրժում իրենից ուժեղների գոյությունը: – Ոչ միայն չի սիրում ու չի հանդուրժում, այլեւ ինքը լուծումը տեսնում է, որ իրենից ուժեղը կամ իր հետ չհամաձայնողը պետք է դաշտում չլինի: Եվ դա իրագործում է տարբեր մեթոդներով: – Օրինակ: – Դա անում է տարբեր ձեւերով. կան դատական, ֆինանսական, քաղաքական լծակներ եւ, ցավոք, գտնվում են վախկոտներ, պաշտոնյաներ, դատավորներ, դատախազներ, թուլամորթներ, որոնք աջակցում են նրան այդ խնդիրները լուծելու գործում: Հայաստանում այսօր որեւէ խոշոր դատական գործընթաց առանց Քոչարյանի չի կատարվում, ինչպես նաեւ չի լուծվում որեւէ կուսակցության քաղաքական խնդիր: Դա բռնատիրության նշան է արդեն: – Ի՞նչ դեպքեր եք հիշում, երբ նա իր անհանդուրժողականությամբ դաշտից հեռացրել է իրեն անհաճո մարդկանց: – Ես դրանց ներկա, վկա չեմ եղել: Լսել եմ՝ Արթուր Մկրտչյան եւ այլն, բայց վկա չեմ եղել: Անշուշտ, փաստերը շատ են: – Ռոբերտ Քոչարյանին մոտիկից ճանաչելով՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նրա վերջին սպառնալիքները: – Դրանք վախի, հիսթերիայի արտահայտություններ էին: Վախն, իհարկե, ավելի ակնհայտ է, քանի որ իշխանափոխության համար նրա դեմ փաստերը գնալով ավելի հիմնավոր են դառնում՝ եւ քանակի, եւ որակի առումով: Այս պարագայում Քոչարյանն ունի երկու ճանապարհ. կամ պետք է ընտրվի, որովհետեւ հակառակ դեպքում բազմաթիվ խախտումների համար ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի ու հայտնվի բավական տհաճ իրավիճակում, կամ պիտի Հայաստանը թողնի ու հեռանա: Նահանջելու տեղ չունի նա, ուստի իր համար ընդունելի են դառնում իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ջարդելու բոլոր տարբերակները՝ անօրինական, ուժային միջոցառումները: – Իսկ նա ընդունա՞կ է դրան: – Այո: Այս պահին նա այլեւս նահանջելու տեղ չունի: Հնարավոր բոլոր քայլերը նա պիտի օգտագործի առաջիկա ընտրություններում կամ նախընտրական պայքարում՝ ոչնչացնելու քաղաքական իր բոլոր հակառակորդներին, անհատներին, որոնք կարող են լինել պոտենցիալ թեկնածուներ կամ ունենալ թեկնածու: Այլընտրանք նա այլեւս չունի: Անգամ եթե ցանկանա էլ, այլ բան անել նա այսօր չի կարող: Իշխանությունը պահելու նրա վախը գումարվում է իր բնավորության վերոնշյալ դրսեւորումներին, եւ արդեն շատ տրամաբանական են դառնում կատարվող քայլերը: – Ճի՞շտ են այն լուրերը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը չէր խոսում: – Ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ էր այդ վերաբերմունքը, այլեւ բոլորիս: Գոնե 5 տարի մենք միասին ենք եղել եւ ընկերություն ենք արել, եւ իմ թվարկած՝ նրա բնավորության գծերի հետ մեկտեղ նա Հայաստանում շատ համեստ է եղել: Անգամ երբեմն՝ կոմպլեքսավորված: Երբ նրան հրավիրում էինք ելույթ ունենալու՝ ամաչում էր: Նա շատ ակնածանքով էր վերաբերվում բոլորիս: Բայց նրա բնավորության մեջ, այնուամենայնիվ, ներկայիս պահվածքի հիմքը կար: Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930