Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ ՇԻՆԾՈՒ ԳՈ՞ՐԾ

Հուլիս 25,2002 00:00

ԵՎՍ ՄԵԿ ՇԻՆԾՈՒ ԳՈ՞ՐԾ 2001-ի հոկտեմբերի 14-ին սպանվել էր «Շակալ» մականունով հայտնի ու նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Առաքելյանը: Հարուցվել էր քրգործ: Սպանվածի հայր Ստեփան Առաքելյանը, որը եւս դատված է եղել 3 անգամ եւ ավելի քան 10 տարի անցկացրել է բանտում, մեղադրեց «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության եւ ԱԿՎՄ հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանին: Նա հայտարարել էր նաեւ, թե որդուց տեղեկացել է, որ Մ.Մովսիսյանն առնչություն ունի «Հոկտեմբերի 27»-ի, նաեւ՝ ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունու, ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանի սպանությունների, գեներալներ Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ Մանվել Գրիգորյանի մահափորձերի եւ այլ ծանր հանցագործությունների կազմակերպմանը: Մ.Մովսիսյանին մեղադրանք էր ուղղել նաեւ նախկինում խարդախության համար դատապարտված Կարինե Գրիգորյանը՝ իր երեխաներին առեւանգելու փորձի համար: Մ. Մովսիսյանը այսօր էլ պնդում է, թե այդ մեղադրանքներին ինքն առնչություն չունի. «Դրանք, իհարկե, հասարակության մեջ բացասական վերաբերմունք են ձեւավորում իմ հանդեպ: Վարկաբեկվում եմ ես եւ իմ ընտանիքը: Ի վերջո, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների նախագահ եմ: Բայց քանի որ նախաքննություն էր ընթանում եւ ինձ անընդհատ զգուշացնում էին նախաքննական գաղտնիքներ չհրապարակելու մասին, ստիպված էի ձեռնպահ մնալ մեկնաբանությունից: Նախաքննությունը երկար տեւեց: Բազմաթիվ անգամ հրավիրվել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն եւ երբեմն 9-10 ժամ հարցաքննվել: Հարցաքննվել են նաեւ իմ հարազատները, խուզարկվել են իմ եւ հորս բնակարանները, ոչինչ չեն գտել, ինձ եւ կնոջս հրավիրել են ԱԱՆ մեկուսարան՝ Ս.Առաքելյանի սպանության գործով մեղադրյալ Մ.Աճեմյանի հետ առերեսման, որը չի կայացել՝ վերջինիս պատճառով: Ի վերջո, որոշում է կայացվել հանցակազմի բացակայության պատճառով իմ նկատմամբ վարույթը կարճելու մասին»: Այն հարցին, թե այդ դեպքում որտեղի՞ց էին ծնվել իր դեմ սահմռկեցուցիչ ցուցմունքները, Մ.Մովսիսյանը պատասխանեց, թե իր գլխավորած ԱԿՎՄ-ի հեռացված անդամները ՀՀ Գլխավոր դատախազության, Զինդատախազության կողմից «հավաքագրվել» են եւ կեղծ ցուցմունքներ տվել: «Իմ մասով վարույթը կարճելու որոշումից պարզ դարձավ, որ Գլխավոր դատախազությունը Ս.Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող անձանց նախկինում առաջադրած մեղադրանքը փոխարինել է ավելի մեղմ հոդվածով: Սրա հետ կապված. սպանվածի հորը հրավիրել են Աղվան Հովսեփյանի մոտ: Վերջինս իր աշխատասենյակում հայտարարել է, թե մեղադրանքի որակավորումը փոխվել է, որովհետեւ մեջտեղը կաշառք է եղել: Հայտարարվել է նաեւ չափը՝ 30 հազար դոլար»: Նա այդ առնչությամբ հայտարարեց, թե տեղի է ունեցել իշխանազանցություն. «եթե Ա.Հովսեփյանը գործին արդար մոտեցում էր ցուցաբերում՝ պարտավոր էր անմիջապես քրգործ հարուցել, ի հայտ բերել թե՛ կաշառք վերցնողներին, թե՛ տվողներին: Հակառակ դեպքում՝ նրա գործողություններում միտում եմ տեսնում. պատասխանատու պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի բամբասանքով զբաղվել»: Ըստ նրա, Գլխավոր դատախազության ՔՎ պետ Անդրանիկ Միրզոյանն էլ է ծերունուն հրավիրել իր մոտ եւ ցուցում տվել, թե ինչ դիմում-առարկություն ներկայացնի, որ ավարտված նախաքննությունը երկարաձգվի: «Ես համոզված եմ, որ այդ ամենն արվում է, որովհետեւ իմ դեմ հավաքած նյութերը դատախազությանը չի գոհացրել: Բազմիցս եմ արձագանքել իմ վերաբերյալ եղած հրապարակումներին՝ դիմել եմ ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ պահանջել պատասխանատվության ենթարկել ինձ զրպարտողներին. ապարդյուն: Գիտեմ, որ այդ ամենն ուղղորդում է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Համոզվել եմ, որ դա արվում է նաեւ Ա.Հովսեփյանի, Ա.Միրզոյանի եւ ավելի բարձր պաշտոնյաների կողմից, որոնց անունները չեմ ուզում հիմա տալ. ինձ համար պարզելու շատ բաներ կան»: Ըստ նրա, սպանության գործով մեղադրյալ Ա.Այվազյանին ձերբակալել են 2001-ի հոկտեմբերի 24-ին եւ ազատ արձակել դեկտեմբերի 6-ին: «Նա, իբր, վարչական կալանքի տակ է եղել, բայց քրգործում դա արձանագրված չէ: Ավելի ուշ նրան նորից են ձերբակալել, բայց մինչ այդ նա պատմել էր, որ դատախազության եւ ՆԳ աշխատակիցները ստիպել են իմ դեմ ցուցմունքներ տալ՝ խոստանալով գումար տալ եւ ազատ արձակել: Գլխավոր դատախազին գրություն էի ներկայացրել. ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»: Թե Գ.Ջհանգիրյանն ինչո՞ւ է շահագրգիռ իրեն մեղադրանքներ առաջադրելու՝ Մ.Մովսիսյանը պարզաբանեց. «Արդեն 3 տարի պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել զինդատախազին՝ 99-ի նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ը ինձ ԱԱՆ մեկուսարանի մենախցում պատանդի կարգավիճակում պահելու համար»: Պարզվեց, որ Մ.Մովսիսյանը պահանջ-բողոքով դիմել էր նաեւ Ռ.Քոչարյանին կից Մարդու իրավունքների հանձնաժողովին եւ գլխավոր դատախազի ավագ օգնականից գրություն ստացել, թե Մ.Մովսիսյանը ԱԱՆ մեկուսարանում է պահվել ԱԱ նախարարի՝ «կարգապահական կալանքի» ենթարկելու հրամանով, իսկ Զինդատախազության քննչական խմբի կողմից չի հարցաքննվել, չի ձերբակալվել եւ չի կալանավորվել: Մ.Մովսիսյանի պնդմամբ, նույնիսկ դա օրինական չէ, որովհետեւ 99-ի հուլիսի 30-ից այլեւս ԱԱՆ համակարգում չէր աշխատում, իսկ վարչական կալանքի ենթարկվելու պարագայում էլ պատիժը պետք է կրեր ոչ թե ԱԱՆ, այլ՝ ՆԳՆ մեկուսարանում: Նա հայտարարեց. «Դատախազությունը հովանավորում է հանցագործներին, քանի որ իմ բազմաթիվ դիմումներում ես նշել եմ, որ այն ժամանակ առանց արձանագրություն կազմելու ինձ խուզարկել են Զինդատախազության աշխատակիցները, եւ ես ԱԱՆ մեկուսարանում եմ հայտնվել Գ.Ջհանգիրյանի, Մ.Գրիգորյանի, Ս.Սարոյանի գլխավորությամբ»: Նա ընդգծեց, որ ոչ այդ 30 օրերին, ոչ էլ հետագայում Զինդատախազությունն իրեն այդպես էլ «27»-ի առնչությամբ չի հարցաքննել: Ըստ Մ.Մովսիսյանի, Գ.Ջհանգիրյանի հայտարարությունը, թե Ստ.Առաքելյանն է գնացել Զինդատախազություն եւ հայտարարություն արել, ճիշտ չէ. այդ Գ.Ջհանգիրյանն է իր աշխատակիցներին մեքենայով ուղարկել նրա տուն եւ «բերման ենթարկել»: Հայտնի է սակայն, որ բացի Ստ.Առաքելյանից, Մ.Մովսիսյանի դեմ ցուցմունքներ են տվել նաեւ այլք: Այդ առնչությամբ ս.թ. հուլիսի 4-ին «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթի մասը կարճելու վերաբերյալ» որոշման մեջ մասնավորապես ասված է, թե տուժողի իրավահաջորդի եւ նրա հարազատների ցուցմունքները հիմնված են եղել միայն հանգուցյալ որդուց լսածների վրա եւ չեն հիմնավորվել գործով ձեռք բերված որեւէ ապացույցով: Ընդ որում, արձանագրվել է, որ հիշյալ հանցագործություններում Ստ.Առաքելյանի՝ Մ.Մովսիսյանին դեմ Գ.Պողոսյանի սպանության դրվագով տված ցուցմունքները հերքվել են տուժողների ցուցմունքներում որպես վկա մատնանշված անձանց ցուցմունքներով: Կ.Գրիգորյանն էլ Մ.Մովսիսյանի հետ առերեսման ժամանակ եւ դրանից հետո հայտնել է, որ դատապարտվելուց հետո վրդովված է եղել Մ.Մովսիսյանի վրա: Ստ.Առաքելյանն ինքն էլ է հրաժարվել նախկին ցուցմունքներից եւ ՀՀ նախագահին, պաշտպանության եւ ԱԱ նախարարներին, գլխավոր դատախազին ուղղված իր նամակում իր տված «ոչ իրական հայտարարությունները» պատճառաբանել, թե «ինչպես բուն ընդդիմադիր, այնպես էլ՝ իրավապահ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ ինձ համար անհայտ նպատակների հասնելու համար ինձ եւ քրոջս ստիպեցին գրել այդ բազմաթիվ դիմումները եւ տալ ոչ ճիշտ ցուցմունքներ»: Եթե Գլխավոր դատախազությունն այդ, նաեւ՝ 30 հազար դոլարի մասին, հայտարարությունները չճշտի եւ քրգործեր չհարուցի, կմնա ենթադրել՝ կամ դատախազությունը հովանավորում է նրանց, կամ՝ այդ ցուցմունքները, որ վերածվել են «սուտ մատնության» զանգվածային երեւույթի, իրոք շինծու են եւ հրահրված բարձրաստիճան, այդ թվում՝ դատախազության պաշտոնյաների կողմից: Իսկ Մ.Մովսիսյանը հայտարարեց, թե իր նկատմամբ կատարվածը քաղաքական հետապնդում է եւ ինքնատիպ է օրվա իշխանություններին՝ պառակտել, իրար դեմ հանել ոչ միայն քաղաքական ուժերին, այլեւ՝ մարդկանց: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել