Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԾՆՎԵՑ ՖԻԼՄԸ՝ «ԱՐԱՐԱՏ»

Սեպտեմբեր 24,2002 00:00

ԵՎ ԾՆՎԵՑ ՖԻԼՄԸ՝ «ԱՐԱՐԱՏ» Խոր Վիրապ կատարած այցելությունից անմիջապես հետո կինոռեժիսոր Ատոմ Եղոյանը հանդիպեց լրագրողների հետ։ Նա նկատեց, որ ամեն անգամ Արարատին նայելիս իրեն նորից է համակում հայ ժողովրդի հավերժության զգացումը։ Իսկ Արսինե Խանջյանը զարմացած էր մի բանից. «Մենք պատկանում ենք Արարատին, Արարատն էլ՝ մեզ, բայց այդպես էլ չենք կարողանում տիրել նրան»։ Ա. Եղոյանը լրագրողների առջեւ մի փոքրիկ գաղտնիք բացեց. ինքը հղացել է նկարել «Արարատն» այն ժամանակ, երբ որդին հետաքրքրվել է ցեղասպանությամբ, հետո էլ հարցրել. «Իսկ թուրքերը ներողություն խնդրե՞լ են դրա համար»։ Եվ ծնվել է ֆիլմը, որն, ըստ ռեժիսորի, սոսկ ֆիլմ չէ ցեղասպանության մասին։ Այն ներկայացնում է, թե ինչպես են ապրում հայերն այսօր։ Եղոյանը խոստովանեց, որ իր համար անակնկալ էին ֆիլմի կապակցությամբ ստացված արձագանքները։ Նա, իր խոսքով՝ հպարտ էր, որ կինոնկարը Կաննի փառատոնում ջերմ ծափահարություններով է ընդունվել։ Սակայն իր հաղթանակի գագաթը Եղոյանը համարում է ֆիլմը Հայաստան բերելը։ Ի դեպ, ֆիլմի վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան ցանկացած հոլիվուդյան ֆիլմի, սակայն այնտեղ այնքան տաղանդավոր մարդիկ են նկարահանվել, որ «դա գերազանցել է ծախսված միջոցների քանակը»։ Եղոյանի կարծիքով, «Արարատը» համապատասխանում է մեծ ֆիլմերի բոլոր չափանիշներին, ինչի շնորհիվ այն հնարավորություն է ստացել աշխարհով մեկ բաշխվելու եւ բոլոր խոշոր կինոփառատոներում ցուցադրվելու։ «Արարատի» հաջողության գրավականներից մեկն էլ Եղոյանը համարում է իր եւ Արսինեի հոգեւոր մեծ կապը, որը հնարավորություն է տվել հաղթահարելու այդքան կարեւոր փորձությունը։ Ռեժիսորը «Արարատում» փորձել է հաղթահարել զոհ լինելու գիտակցությունը, ինչի արտահայտությունը ֆիլմում առաջինը հայերի կողմից կրակ բացելն է։ «Ես գիտեի, որ թուրքերը շատ ուշադիր են դիտելու ֆիլմը, հղում անելով այն հանգամանքին, որ իբր պատմականորեն հայերն են նախահարձակ եղել։ Ցանկացել եմ ասել, որ եթե անգամ դա այդպես է եղել, միեւնույն է, կատարվածը չի արդարացվում»,- բացատրեց ռեժիսորը։ Եղոյանը կարեւորում է նաեւ ականատեսների, վկաների, երրորդ կողմի դիրքորոշումը, որն, ըստ նրա, ֆիլմում ներկայացված է մաքսավորի կերպարով։ Իսկ Շառլ Ազնավուրը, Եղոյանի կարծիքով, արտացոլում է իր սերնդի պատմությունը՝ իբրեւ վերապրողի զավակ։ «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է մարդ արարածը իր նմանին ատել այն աստիճան, որ հետապնդի ու ցավ պատճառի»,- զարմանում է Եղոյանը։ Նա նաեւ համոզված է, որ ժխտումն ու մերժումը միայն թուրքերի մենաշնորհը չէ. նրանց օժանդակում են այլ երկրներ, դրա համար էլ թուրքերը ջրից միշտ չոր են դուրս գալիս։ Ի դեպ, հայ մշակույթը բարձր եւ արժանվույնս ներկայացնելու համար, արտերկրում ապրող 5 արվեստագետներից մեկն էլ Ատոմ Եղոյանն է, որն արժանացավ «Վահագն» համահայկական մրցանակաբաշխության բարձրագույն պարգեւին։ Եղոյանը «Վահագն» մրցանակն ընդունեց իբրեւ օրհնություն իր կատարած գործի համար եւ օրհնություն իր եւ Արսինեի ամուսնությանը՝ հոգեւոր իմաստով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել