Լրահոս
Օրվա լրահոսը

«16»-ի հիմնախնդիրները շարունակ ճշտվում են

Հոկտեմբեր 18,2002 00:00

«16»-ի հիմնախնդիրները շարունակ ճշտվում են Երեկ «16»-ի միավորման քաղխորհրդի հերթական նիստը քննարկեց միավորման առաջիկա անելիքները։ Միակ նորությունը մինչ այժմ քննարկված հարցերից «Ֆիզիոթերապեւտիկի» մասնավորեցման եւ վերապրոֆիլավորման խնդիրն էր, որով հիմնարկի աշխատակիցները դիմել էին միավորմանը։ Քաղաքական խորհուրդը որոշեց հապճեպ որոշումներ չկայացնել եւ մարդկանց պատասխանել հարցը մանրամասն ուսումնասիրելուց հետո։ Հիմնական, քաղաքական ուշադրություն գրավող հարցերը կարծես թե կրկին մնացին չվճռված։ Եթե քաղխորհրդի նախորդ՝ արտահերթ նիստում, առաջիկա եռօրյայում ընդդիմության ծրագիրը չէր քննարկվել ժամանակի սղության պատճառով, երեկվա նիստում այն քննարկվել է։ Միավորման լրատվության համակարգող Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ՝ քաղխորհրդի նիստը քննարկել է միավորման պատգամավորական խմբի գործունեության հարցը, որոշվել է, որ պատգամավորական խումբն օրենսդրական աշխատանքներում, հանձնաժողովների հետ աշխատանքում պետք է հանդես գա միասնական թիմով։ Իսկ առաջիկա եռօրյայում միավորման պատգամավորական խումբը նախագահ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով կրկին կգրավի՞ ԱԺ ամբիոնը։ Լրագրողներին հետաքրքրող այս հարցերը հերթական անգամ մնացին օդից կախված կամ անպատասխան։ Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ՝ եղան առաջարկներ վերոհիշյալի մասին, եւ խորհուրդը որոշեց, որ հարցը կվճռի պատգամավորական խումբը՝ եռօրյայի առաջին օրվա առավոտյան։ Քիչ թե շատ կոնկրետացվեցին հանրահավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ հարցերը։ Ըստ ամենայնի, հանրահավաքը կանցկացվի հոկտեմբերի 25-ին, ժամը 16-ին, որից հետո կլինի երթ դեպի ԱԺ։ Ինչո՞ւ մինչեւ ԱԺ՝ որովհետեւ երթը լինելու է հիշատակի երթ, եւ ԱԺ-ի մոտ հավաքվելով՝ մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու «27»-ի զոհերին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել