Լրահոս
Օրվա լրահոսը

Որ կանայք կարող են առավել մեծ օգուտ ստանալ հորմոնալ թերապիայից և ում է խորհուրդ տրվում խուսափել դրանից․ նոր ուղեցույցները շեշտը դնում են անհատականացված մոտեցման վրա

Նոյեմբեր 16,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Դաշտանադադարի (մենոպաուզայի) շրջանում բազմաթիվ կանանց և բուժաշխատողներին հուզում են հորմոնալ թերապիայի վերաբերյալ հարցերը, քանի որ որոշ հետազոտությունների արդյունքներ անհանգստացնող են և կասկածներ են հարուցում այդպիսի թերապիայի արդյունավետության հետ կապված։ Այդ պատճառով կանայք հաճախ հրաժարվում են հորմոնալ թերապիայից։ Ավելի վաղ հրապարակված ուղեցույցները, կարծես, ավելի են խորացնում այդ անորոշությունը՝ դժվարացնելով թե՛ բժիշկների, թե՛ պացիենտների համար բուժման վերաբերյալ որոշումների կայացումը։

Սակայն Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG) հրապարակած նոր ուղեցույցները որոշակի հստակություն են բերում այս հարցում։

Այժմ ACOG-ը փորձում է վերացնել այդ խառնաշփոթը և կանանց ու բժշկական անձնակազմին տրամադրել ավելի հավաստի տեղեկատվություն՝ հիմնավորված որոշումներ կայացնելու համար։ Նոր առաջարկությունները դաշտանադադարի ավելի հավասարակշռված և գիտահեն վարման ճանապարհին կարևոր քայլ են։

Թարմացված ուղեցույցների կարևոր առավելություններից մեկը անհատականացված մոտեցման շեշտադրումն է։ Յուրաքանչյուր կնոջ՝ դաշտանադադարի անցման փորձառությունը տարբեր է։ ACOG-ն ընդունում է, որ ախտանշաններն ու առողջական պատմությունը տարբեր են, ուստի բուժումը պետք է համապատասխանեցվի յուրաքանչյուր կնոջ անհատական կարիքներին։

Ուղեցույցները կանանց հորդորում են խորհրդակցել իրենց բժիշկների հետ և բուժման վերաբերյալ որոշումները կայացնել համատեղ՝ հաշվի առնելով անձնական կարիքներն ու նախասիրությունները։ Բոլորի համար նույն մոտեցումը կիրառելու սկզբունքից հրաժարվելը հնարավորություն է տալիս բուժումն ավելի անհատականացնել և բարձրացնել դրա արդյունավետությունը։

Նոր ուղեցույցներում ավելի հստակ խորհուրդներ են տրվում նաև հորմոնալ թերապիայի վերաբերյալ։ Շատ կանանց դեպքում այն կարող է անվտանգ կերպով մեղմել շոգի առլեցումները, գիշերային քրտնարտադրությունը և դաշտանադադարի այլ ախտանշանները։

ACOG-ը ներկայացնում է, թե որ կանայք կարող են առավել մեծ օգուտ ստանալ հորմոնալ թերապիայից և ում է խորհուրդ տրվում խուսափել դրանից։ Սա բժիշկների և պացիենտների համար հեշտացնում է բուժման ամենահարմար տարբերակի ընտրությունը։

Կազմակերպությունը խորհուրդ է տալիս առողջ կանանց սկսել հորմոնալ թերապիան մինչև 60 տարեկանը կամ դաշտանադադարի սկսվելուց հետո առաջին 10 տարվա ընթացքում, քանի որ այդ ժամանակահատվածում դրա հնարավոր օգուտները, ըստ առկա տվյալների, գերազանցում են ռիսկերը։ Այս տեղեկատվությունը կարող է մեղմել այն մտահոգությունները, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են հորմոնալ թերապիայի վերաբերյալ քննարկումներին։

Նոր ուղեցույցները չեն սահմանափակվում միայն հորմոնալ բուժմամբ։ Դրանք ներառում են նաև ոչ հորմոնալ բուժման մեթոդների և առողջ ապրելակերպի փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանց թվում են կոգնիտիվ-վարքային թերապիան, այլ դեղամիջոցների կիրառումը, ինչպես նաև ոսկրերի և սրտանոթային համակարգի առողջության պահպանմանը միտված միջոցները։

Միաժամանակ մասնագետները զգուշացնում են ֆիտոէստրոգենների, այդ թվում՝ սոյայի իզոֆլավոնների, և բուսական հավելումների կիրառման հարցում։ Առկա գիտական տվյալները բավարար չեն դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար։ Բացի այդ, նման հավելումները չեն անցնում դեղամիջոցների համար նախատեսված նույն կարգավորիչ վերահսկողությունը, ինչի հետևանքով դրանց բաղադրությունը, մաքրությունն ու ազդեցությունը կարող են լիարժեք ուսումնասիրված չլինել։

Նոր ուղեցույցների կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դաշտանադադարի շրջանում քնի և ցիրկադային ռիթմի խանգարումներն ու տրամադրության փոփոխությունները դիտարկվում են կնոջ ընդհանուր առողջության և կյանքի որակի համատեքստում։

ACOG-ը հիշեցնում է, որ դաշտանադադարի շրջանում բուժօգնությունը պետք է միտված լինի կնոջ ընդհանուր առողջության և բարեկեցության պահպանմանը, այլ ոչ միայն առանձին ախտանշանների մեղմացմանը։

Թեև այս ուղեցույցները նպաստում են շփոթության հաղթահարմանը, սակայն դեռ շատ հարցեր կան, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն, հատկապես առողջական բարդ պատմություն ունեցող կամ տարբեր կենսակերպ ունեցող ու սոցիալական միջավայրերում ապրող կանանց դեպքում։

Դաշտանադադարը կյանքի բնական փուլ է, ոչ թե հիվանդություն։ Համապատասխան աջակցության և հավաստի տեղեկատվության շնորհիվ կանայք կարող են կյանքի այս փուլն անցնել վստահորեն և պահպանել իրենց առողջությունը։ իսկ թարմացված ուղեցույցները օգտակար տեղեկատվական աղբյուր են ինչպես պացիենտների, այնպես էլ բուժաշխատողների համար։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ 1,2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել