Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբերություն չկա

Հոկտեմբեր 18,2002 00:00

Տարբերություն չկա Թվում է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցինիկ հայտարարությունը՝ ՀՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, անցած փուլ է։ Համենայն դեպս, այսօր դրա վրա կենտրոնացած չենք, ինչպես հայտարարության առաջին օրերին էր։ Բայց ո՞վ իմանա՝ Ն. Հունանյանի հավակնություններն ի՞նչ զարգացում կունենան արդեն թեկնածությունների առաջադրման փուլում։ Այդ է, թերեւս, պատճառը, որ հայտարարության առնչությամբ շարունակում են դատողություններ արվել։ Օրինակ, վերջերս ՀՀ շարքային քաղաքացիներից մեկը կարծիք էր հայտնում, թե Ն. Հունանյանի առաջադրումը չի բացառվում եւ դա բխում է «27»-ի մեջ կասկածվող Ռ. Քոչարյանի շահերից եւս։ Ինչո՞ւ. ըստ ՀՀ քաղաքացու՝ 1. այն պատճառով, որ Նաիրի Հունանյանը Ռոբերտ Քոչարյանի ամենաիսկական հետեւորդն է։ Ոճրագործը տեսնում է, որ Ռ. Քոչարյանի դիրքերն ընտրություններից առաջ անխուսափելիորեն թուլանում են, եւ նա կարող է չվերընտրվել։ Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի՝ Նաիրի Հունանյանին տրված անվտանգության երաշխիքներն այլեւս չեն գործի։ Ն. Հունանյանն անվտանգության երաշխիք կարող է ունենալ երկու դեպքում. երբ նախագահի պաշտոնում վերընտրվի Ռ. Քոչարյանը եւ երբ ինքը՝ Հունանյանը, դառնա նախագահ։ Դա ձեռնտու է նաեւ Ռ. Քոչարյանին, որովհետեւ չընտրվելու դեպքում նրան էլ անվտանգության նույնպիսի երաշխիք կարող է տալ միայն Ն. Հունանյանը։ 2. Ռ. Քոչարյանի եւ Ն. Հունանյանի ծրագրերը դեռ «27»-ից առաջ էլ նույնն են եղել՝ չեզոքացնել Վազգեն Սարգսյանին։ 3. Ն. Հունանյանի առաջադրման դեպքում Ռ. Քոչարյանի համար ընտրություններում իր հաջորդին մատուցելն անհամեմատ էժան կնստի, որովհետեւ Հունանյանի համար կաշխատի նաեւ այն նույն՝ «սկաուտական» շրջանից վերջինիս հարազատ մնացած, թիմը, որն առաջիկայում Ռ. Քոչարյանի PR-ն է իրականացնելու։ Եվ, ի վերջո, ըստ ՀՀ քաղաքացու՝ ե՛ւ Ռ. Քոչարյանը, ե՛ւ Ն. Հունանյանը նույն ինտելեկտն ունեն, երկուսն էլ մերձեցված են ՀՅԴ եւ սկաուտական շրջանակների հետ, եւ վերջիններս, թերեւս, պատրաստ են պաշտպանել այդ երկուսի ծրագրերն ու գործողությունները եւս։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել