Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինական մեկնեք, օրինական աշխատեք

Հոկտեմբեր 18,2002 00:00

Օրինական մեկնեք, օրինական աշխատեք Աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ֆիրմաները բնավ հետաքրքրված չեն՝ իմանալու, թե ինչպես են կարգավորվելու իրենց կողմից արտասահմաններ իբրեւ թե աշխատելու ուղարկված հայաստանցիների խնդիրները դրսում։ Օրենքով նրանք պարտավորված էլ չեն հետաքրքրվելու։ Այն օրից, երբ նման ծառայություններ մատուցելու համար կազմակերպություններին դադարեցին լիցենզավորել, համարելով, որ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, վերջիններիս գործունեությունը մնաց անվերահսկելի։ ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը գտնում է, որ այդ գործունեությունը պետք է լինի լիցենզավորման ենթակա, քանի որ սա գործունեության այն տեսակներից է, որոնց արդյունքում կարող են ոտնահարվել քաղաքացիների շահերն ու իրավունքները։ «Մեզ ծանոթ որեւէ այլ երկիր չկա, որտեղ սա լիցենզավորման ենթակա չէ»,- ասում է պրն Եգանյանը։ Բացի այդ, միջազգային կոնվենցիաներ կան, որոնք միացող երկրին պարտադրում են գործ ունենալ լիցենզավորված կազմակերպությունների հետ։ Վարչությունում մշակվել է «Արտագնա աշխատանքի մասին» օրենքի նախագիծ, որի փաթեթում նաեւ այս մասին առաջարկություններ կան։ Որ աշխատանքի տեղավորման ծառայությունները ուրախ են իրենց նկատմամբ վերահսկողության բացակայությունից, լավագույնս երեւաց երեկ։ Նրանցից եւ ոչ մեկը չէր ներկայացել «Եվրոպական երկրներում կիրառվող մոտեցումները աշխատանքային միգրացիայի հարցերում։ Զարգացման միտումները» սեմինարին, որը կազմակերպվել էր Միգրացիայի եւ փախստականների վարչությունում։ Գագիկ Եգանյանը հայտնեց, որ բացի լրատվամիջոցներով տարածած հայտարարություններից, այս մասին իրենք նաեւ անհատապես տեղյակ են պահել նախկին լիցենզավորված 27 կազմակերպություններին։ Եռամսյակը մեկ նրանց են ուղարկվում նաեւ վարչության տպագրած պարբերականները։ «Անլեգալ միգրացիայի դեմ պայքարի» քարոզարշավի շրջանակներում տարվող աշխատանքի ուղղություններից մեկը, ինչպես նկատեց Գ. Եգանյանը, արտագնա աշխատանքի լեգալ ճանապարհը ցույց տալն է։ Իսկ այդ ճանապարհները բազմազան են, եթե հաշվի առնենք, որ վերջերս հատկապես Եվրոպայում վերը նշված մոտեցումները փոփոխվել են։ Ի գիտություն Հայաստանում գործող ֆիրմաների եւ ի տարբերություն նրանց կատարած հավաքագրումների, հատկապես Եվրոպայում աճում է տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ու առողջապահական ծառայությունների (հիմնականում՝ բուժքույրական) բնագավառների մասնագետների կարիքը։ Առաջինի դեպքում՝ ոլորտի բուռն զարգացմամբ պայմանավորված, երկրորդի դեպքում՝ աշխատանքի ոչ գրավիչ լինելու պատճառով։ Գերմանիայում, օրինակ, 2001թ. օգոստոսի 1-ից կիրառվում է «կանաչ քարտը» բարձր որակավորում ունեցող մասնագետների համար։ Որոշ երկրներում օտարերկրացիների համար մեղմացվում են ուսանողական վիզաները աշխատանքայինի փոխելու պայմանները։ Կամ գրավիչ պայմաններ են ստեղծվում բարձրորակ միգրանտ մասնագետներ ներգրավելու համար։ Տասնյակներով նարինջ հավաքող բանվորներ հավաքագրող ֆիրմաներին տեղեկացնենք, որ Եվրամիության երկրները դժկամությամբ են բացում իրենց աշխատաշուկան ոչ որակյալ մասնագետների համար։ Լավագույն դեպքում նրանց ընդունում են՝ իրենց աշխատուժի կարճաժամկետ պահանջարկը բավարարելու համար։ Եվրոպայում աշխատանքային միգրացիայի հարցերում ընդհանուր քաղաքականության մաս են կազմում միգրանտների մուտքի եւ կացության պայմանների թափանցիկության եւ նպատակահարմարության ապահովումը, նրանց իրավունքների եւ պարտականությունների հստակ սահմանումը, վերադառնալ ցանկացողի իրավական հստակ կարգավիճակը եւ վերադարձի հասկանալի, պարզ գործընթացը։ Անօրինական աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի հարցում ուսանելի է, իհարկե, Նահանգների փորձը, որտեղ շեշտը դրված է ոչ թե միգրանտին, այլ նրա գործատուին հսկելու վրա։ Եվրոպայում որպես միջոց է դիտվում ծագման երկրի հետ պայմանագրի կնքումը, որտեղ ամրագրվում են աշխատուժի փոխանակումների իրավական հիմքերը։ Այս առումով Հայաստանը առաջին քայլերն է անում եւ նման պայմանագրեր ունի ԱՊՀ երկրներից Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Վրաստանի հետ։ Մշակված են նաեւ Թուրքմենստանի եւ Լիբանանի հետ համաձայնագրերի մոդելները։ Քանի որ մեզ համար դժվար կլինի համոզել օտարերկրյա պետություններին վերահսկելու հայ անօրինական միգրանտ աշխատող ունեցող գործատուներին, հետեւաբար անօրինական աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի եվրոպական մոդելը երեւի ավելի իրատեսական է Հայաստանի համար։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել