Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ապօրինությունների

Հոկտեմբեր 18,2002 00:00

Ընդդեմ ապօրինությունների Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսը մի քանի նպատակաուղղվածություն ուներ, որոնցից մեկն էլ նախընտրական էր՝ կապված հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, թե քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հզորության առջեւ մյուս մրցակիցները «խաղից դուրս» վիճակում են (ընդգծումը մերն է), եւ կոչ արեց լրատվամիջոցներին հիմնական ուշադրությունը կենտրոնացնել ավագանու ընտրությունների վրա: Ավելին: Նա նույնիսկ մրցակից չէր էլ տեսնում, այն դեպքում, երբ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, որի առաջադրվելու վերաբերյալ Կոմկուսն ավելի վաղ էր հայտարարել, սեպտեմբերի 24-ին պաշտոնապես գրանցվել էր Լոռու մարզի թիվ 31 ընտրական հանձնաժողովում՝ որպես քաղաքապետի թեկնածու։ (Այդպես էլ անհասկանալի մնաց «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթի սեպտեմբերի 25-ի այն տեղեկատվությունը, թե «Վանաձորում կընտրվի միայն ավագանի», այն դեպքում, երբ ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ քաղաքապետի երկու թեկնածու է առաջադրվել): Սա՝ ընտրությունների մասով: Մարդու իրավունքների խախտումների մասով էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, թե «Լոռու մարզում դատախազությունը հանդես է գալիս որպես օրինախախտումները կոծկող մարմին» եւ վկայակոչեց հետեւյալ փաստը: Մի քաղաքացի, որի անունը չհրապարակվեց, բռնության է ենթարկվել ՆԳ մարմինների կողմից, բողոքով դիմել է դատախազություն, դատախազությունն էլ բողոքին ընթացք չի տվել, որովհետեւ ՆԳ մարմինները (կամ էլ դատախազությունը) քաղաքացուն համոզել են, որ դիմումը հետ վերցնի: Քաղաքացին, որ իրեն բռնության ենթարկելու բողոքով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, այլեւս չի բողոքում (ինչը վերջինս բնորոշեց որպես ճնշման հետեւանք): ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարին «Առավոտի» լրագրողն ուղղեց հետեւյալ հարցերը. եթե այս պահին բողոքող կողմ չկա, քաղաքացու անունն էլ գաղտնի է պահվում՝ նրա անվտանգության համար, ո՞ւմ շահերն են պաշտպանելու ԶԼՄ-ները: Կարո՞ղ է, արդյոք, որեւէ մեկը երաշխավորել, որ ՆԳ մարմնից տուժած քաղաքացին գործարքի մեջ չի մտել՝ եթե բողոքը հետ է վերցրել: Արդյո՞ք այս դեպքում ԶԼՄ-ները չեն հայտնվի «Աբովյան» հեռուստատեսության տնօրենի (որն, ինչպես պարզվեց, իր քաղաքապետին արժանի «մուզիկանտ» դուրս եկավ) շահերը պաշտպանող կազմակերպությունների վիճակում: Հարցերին տրված պատասխանների առանցքում այն միտքն էր, թե այդ ամենը պետք է ֆիքսվի, որ հետագայում նման դեպքերը չբազմանան: Կարեւորվեց նաեւ հարցի հասարակական հնչեղության անհրաժեշտությունը: Ա. Սաքունցը նաեւ դժգոհություն հայտնեց, թե ՆԳ Լոռու Մարզային վարչության անձնագրային բաժինը հրաժարվել է իրենց կազմակերպությանը տեղեկություններ տրամադրել, պատճառաբանելով, թե վարչության պետից այդ առթիվ հրահանգ չի ստացել: Ի դեպ, ապօրինությունների ենթատեքստում տողերիս հեղինակը հիշեցրեց, որ ապօրինաշինությունն ու «ապօրինաքանդությունը» քաղաքում մեծ չափերի են հասել: Այդ առթիվ «Առավոտի» հրապարակումները մնում են անարձագանք, իսկ քաղաքացիների՝ համապատասխան մարմիններին հղած բողոքներն էլ՝ անպատասխան: Եվ լավ կլիներ, եթե քաղաքի բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունները իրենց ուշադրությունը կենտրոնացնեին նաեւ այդ ուղղությամբ: Առավել եւս մտահոգիչ է, երբ կանխարգելիչ միջոցառումները (լինի հոդված, թե բողոք՝ հասցեագրված համապատասխան մարմիններին) չեն կարողանում կանխել ապօրինությունը: Կարծում ենք, հենց սրանից էլ սկսվում է կոռուպցիան՝ համապատասխան պետական կառույցներում. «չտեսնելու» եւ «չլսելու» քաղաքականություն՝ համապատասխան «վերաբերմունքի» դիմաց: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031