Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները «խայտառակում են ռեսպուբլիկա»

Դեկտեմբեր 24,2002 00:00

Փորձագետները «խայտառակում են ռեսպուբլիկա» Ո՞վ է ճիշտ. դատախազությունը, թե փորձագետները Այս տարվա փետրվարի 6-ի «Առավոտում» («Գամված է անկողնուն») հրապարակմամբ անդրադարձանք 9-ամյա Տիգրան Օհանյանի ճակատագրի խնդրին եւ տեղեկացրինք մեր ընթերցողներին, որ ըստ ՌԴ Ֆիլատովի մանկական քաղաքային կլինիկայի մասնագետների (բժշկագիտության դոկտոր՝ Վ. Մ. Կրեստյաշին, գլխավոր բժիշկ՝ Գ. Ի. Լուկին), տղայի չափահաս դառնալուց հետո հնարավոր կլինի պրոթեզավորել նրա ծունկը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, կրկին տեղեկացնենք. 1997թ. մայիսին ավտոմեքենայի դուռը բացելիս վայր ընկավ Տիգրանը, ծնկի հատվածում ստանալով վնասվածք։ Տիգրանին վիրահատեցին թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում (վիրաբույժ՝ Հովհաննես Սարգսյան)։ Աջ ծնկահոդի բաց վիրահատությանը հետեւեց մեկ այլ՝ կրկնակի վիրահատություն, որն հանձն առավ Նորքի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության կենտրոնի վիրաբույժ Արմեն Այվազյանը։ Տիգրանը դարձավ հաշմանդամ, քանզի բժիշկների կողմից նրան պատճառվել էր ծանր մարմնական վնասվածք։ Առաջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել էր. «Տ. Օհանյանի մոտ կա աջ ծնկան հոդի կայուն անշարժություն, ինչը պայմանավորված է թիվ 1 համալսարանական մանկական կլինիկական հիվանդանոցում կատարած վիրահատությամբ»։ Ընդ որում, շարադրելով բժշկի թույլ տված սխալները, Կենտրոնի դատախազությունը նշել էր մի քանիսը. ա) չի կազմակերպվել լիարժեք հետազոտություն, բ) կատարել է ծնկան հոդի բաց վիրահատություն, ինչի պատճառով էլ երեխան ստացել է անշարժացում, գ) չի կազմակերպվել դեղորայքային եւ ֆիզիոթերապեւտիկ բուժում։ Թվում էր, հանգուցալուծում ստացած կլիներ փետրվարին բարձրացված մեր հրապարակման հարցը։ Սակայն՝ ոչ։ Դեկտեմբերի 9-ին, այս անգամ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության ավագ քննիչ Վահագն Մանուկյանի որոշման համաձայն, հանցակազմի բացակայության պատճառով կարճվեց քրեական գործի վարույթը։ Ինչպես որ կարճվել էր հուլիսի 3-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Լ. Մուսախանյանի կողմից։ Նույն պատճառաբանությամբ։ Մինչ այդ, ըստ նույն Լ. Մուսախանյանի (25.12.2001թ.) թիվ 274 գրության՝ «Տ. Օհանյանին անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել էր համաներման ակտի ընդունվելու պատճառով»։ Հավանաբար դա վրդովեցրել էր Օհանյան ընտանիքին, որոնք մայիսի 30-ին բողոք բերեցին դատախազի օգնական Լ. Մուսախանյանի գործողությունների դեմ։ Շտապեմ տեղեկացնել, որ Կենտրոնի դատավոր Մ. Մարտիրոսյանը մերժեց Կենտրոնի դատախազի օգնականի դեմ քաղաքացու՝ քրեական գործ հարուցելու պահանջը։ «Բողոքը ենթակա է մերժման, քանի որ դիմողի բողոքը չի ներկայացվել դատախազի քննարկմանը, որի պատճառով այն անհիմն է եւ ենթակա է մերժման»-ն անցավ։ Այս անգամ Տիգրանի մայրը՝ Նաիրա Արզումանյանը դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցից 15.900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի հատուցման պահանջով (մեր նախորդ զրույցի ժամանակ մասնագետներն ասել են, որ արհեստական ծունկ գնելու համար անհրաժեշտ կլինի 7000 դոլար)։ Սակայն քննություն ըստ էության չեղավ, որովհետեւ մինչ այդ բժիշկ Հ. Սարգսյանը բողոքարկել էր գլխավոր դատախազին իր նկատմամբ քրեական գործի հարուցումն համաներման ակտի հիմքով մերժելու որոշումը եւ պահանջում էր, որ որոշում կայացվի հանցակազմի բացակայության հիմքով։ Ինչպես որ եղավ։ Վերաքննիչ դատարանն էլ, չգիտես ինչու, դռնփակ դատական նիստում (3 հուլիսի) «եկավ այն համոզման, որ բերված բողոքը պետք է թողնել առանց բավարարման»։ Այդ ընթացքում Տիգրանի ոտքը կրկին, թող ներվի ինձ, քրքրեցին։ «Քրքրվեց» եւ սույն գործը։ «Պարզվեց» այս անգամ, որ «ներգրավված փորձագետները ոչ բավարար են տիրապետում լոկ մանկական հոդերի վնասվածքաբանությանը բնորոշ գիտելիքներին եւ դրանց գիտական մոտեցումներին, հետեւաբար, անընդունելի է համարել նրանց կողմից ներկայացված դիրքորոշման արդյունքները եւ եզրահանգումները»։ Ու սա հանգիստ խղճով ասացին աչքների առաջ ունենալով շարժունակությունը կորցրած երեխայի՞ն։ Չես կարող չհարցնել. ինչո՞ւ էիք այդ դեպքում նշանակում փորձագիտություն, եթե վստահ չէիք ձեր փորձագետների մասնագիտական գիտելիքներին։ Նրանց, որոնց իրավունքները եւ պարտականությունները նախատեսված են Քրդատօրի 85 հոդվածով։ «Ակնհայտ կեղծ եզրակացություն տալու», հրաժարվելու կամ եզրակացություն տալուց խուսափելու պատասխանատվության մասին դժվար թե չիմանային 35 տարվա ստաժով «բարձր կարգի փորձագետը», 44 եւ 23 տարվա ստաժներով բաժնի վարիչները, որոնք հայտնվել են կասկածելի, ոչ պատվաբեր պատճառաբանության մեջ։ Ովքե՞ր են ճիշտ. դատախազությո՞ւնը, թե՞ առողջապահության նախարարության հանրապետական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները։ Վերջիններս պնդել են, որ «ծնկան հոդի բաց վիրահատություն չի եղել ցուցված, քանի որ մինչ վիրահատություն կատարելը չի կազմակերպվել կոնսերվատիվ եւ ֆիզիոթերապեւտիկ բուժում, հիվանդության նկարագրում վիրահատության հիմնավորումը ճիշտ չի ձեւակերպված… Ինչ վերաբերում է կոնկրետ ծնկահոդի բաց վիրահատությանը, ապա այդպիսին որեւէ գիտական հիմք չունի եւ, նորից ենք նշում, եղել է հակացուցված»։ Առաջին փորձագետներն էլ սխալվել են (որոնց եզրակացությամբ տրվեց կարգ), որոնք Տիգրանի իրական վիճակը նկարագրել էին այսպես. «Աջ ծնկահոդի անշարժությունը՝ սրունքի եւ ոտնաթաթի թեքվածությամբ, վերջույթի մկանների արտահայտված հետաճով դասվում է մարմնական վնասվածքների շարքին՝ նկատի ունենալով դրանց հետ անմիջական կապի մեջ գտնվող ընդհանուր աշխատունակության կայուն կորուստը մեկ երրորդից ավելի չափով»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել