Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավորին ստիպելու իրավունք չունեք»

Հունվար 10,2003 00:00

«Մասնավորին ստիպելու իրավունք չունեք» Ոչ պետական բուհերին ձեռնտու չէ հավասարվել պետականներին «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Բարձրագույն ուսումնական հաստատությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է»: Այս դրույթը խուճապ է առաջացրել ոչ պետական բուհերի շրջանում, եւ տարեվերջյան խորհրդաժողովներից մեկի ժամանակ այս առնչությամբ դժգոհություններ են հնչել եւ հասել այնտեղ, որ ոչ պետական բուհերը չեն հանդուրժում իրենց նկատմամբ որեւէ պարտադրանք: Մինչդեռ օրենքը շարադրված է ոչ թե պետականների եւ ոչ պետականների համար առանձին, այլ բոլորի համար հավասար: «Ասում ենք բուհ, հետո ասում, որ մեկի հիմնադիրը կարող է լինել պետությունը, մյուսինը՝ մասնավոր անձ կամ կազմակերպություն, բայց դաշտը, պայմանները պիտի լինեն հավասար: Բուհական համակարգը կամ կրթությունը Հայաստանում պիտի շահույթի նպատակ չհետապնդի, եթե դու շահույթ ունես, ունեցիր, բայց շահույթդ պիտի դնես կրթական նպատակի համար»,- ասում է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը,- «մենք ասում ենք, որ կրթությունից առաջացած գումարը պիտի դնենք միայն կրթության մեջ, մյուսներն ասում են, որ դա լիբերալ սկզբունքների խախտում է, եւ մասնավորին ստիպելու իրավունք չունեք»: Սակայն եվրոպական շատ երկրներ այդ սկզբունքը կիրառում են, եւ դա բուհական կրթությունը շուկայականից պահպանելու խնդիր ունի իր մեջ: Այլապես այսօր գործող համարյա բոլոր ոչ պետական բուհերը չունեն իրենց կանոնադրությունը, ասել է թե՝ չունեն իրենց նպատակը, խնդիրները, այլ գրանցված են որպես ՍՊԸ կամ ՓԲԸ, որտեղ գործունեության տեսակներն են՝ շինարարություն, առեւտուր… եւ կրթություն: Այսինքն՝ ինչպես կոշիկ է արտադրում, նույն ձեւով էլ՝ ուսանող է «արտադրում»: Ընդ որում մեկի գումարը կարող է տանել մյուսի մեջ դնել, եւ այդպես շարունակ: Միակ հարցը, որի լուծման հարցում դեռեւս որոնումների մեջ ենք, ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացն է: Լուծման բանալին գտել ենք նորից «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, որտեղ ընդհանրապես հրաժարվում ենք պետական նմուշի վկայական հասկացությունից, ինչպես աշխարհի բոլոր զարգացած երկրներում է: Եվ խնդիրն ինքնին կարգավորվում է. հավատարմագրումը դառնում է բոլորովին այլ բարոյական կատեգորիայի հարց, ոչ թե թղթի կտոր ունենալուն ուղղված քայլ: Սրա հետ միասին հավատարմագրման կարգում լուրջ բացթողումներ կային, որ պատճառ դարձավ, որ հսկայական թվով բուհեր մտնեն հավատարմագրման գործընթաց: Նախարարությունը մի քանիսին մերժում տվեց, որին հետեւեց մյուս շարքը (որ նախարարության պարտությունն էր), երբ նրանք մերժում ստանալով՝ դատարաններում ստացան իրենց հավատարմագրումը: Դա նախադեպ է ստեղծել, եւ հիմա ամեն երրորդ բառին ասում են՝ կդիմենք դատարան: Օրենքը դնում է հետեւյալ խնդիրը, որին մենք ստիպված հարմարվեցինք. այն է՝ եթե հավատարմագրման գործընթացի առաջին փուլն սկսվել է, ապա մեխանիկորեն պետք է գնա նաեւ երկրորդ փուլը: Իսկ ինքը՝ հավատարմագրման կարգն այնպիսին էր, որ բուհը կարող է 6 ուսանողով մասնագիտության հավատարմագրում սկսել, եւ նրանց դրական թվանշան ապահովելու տոկոսը որեւէ դժվարություն չի ներկայացնում: Բացի այդ, ըստ մեզ մոտ մշակված մի ձեւի, հավատարմագրումը մշտական է՝ մի անգամ հավատարմագրվեց, մեկ էլ կարող ես նրան զրկել հավատարմագրումից, իսկ աշխարհի օրինակն էլ ցույց է տալիս, որ հավատարմագրումը պետք է լինի ժամկետային, որից հետո բուհը նորից պիտի ճշտի իր հավատարմագրումը: Մեզ մոտ հավատարմագրումն ըստ մասնագիտության է եւ ըստ բուհի: Օրինակ՝ Հր. Աճառյան համալսարանը մի նոր մասնագիտություն է բացել, լիցենզավորել է եւ չի ուզում հավատարմագրել, բայց այդ մասնագիտության ավելացման պատճառով նա ընկնում է հավատարմագրումից՝ տոկոս չապահովելու պատճառով: Ստիպված պետք է ինչ-որ ձեւերով սա էլ հավատարմագրի, կամ էլ պիտի ընդհանրապես հրաժարվի հավատարմագրված բուհի կարգավիճակից: Այս հարցերը լուծելով՝ ուսանողության թվի աճը վճարովի համակարգում կնվազի, բուհի միակ շանսը կլինի այն, որ տոկոսներն իրենց ուժերով ձեռք բերեն, որպեսզի մրցակցությանը դիմանան, նույնը վերաբերելու է պետական բուհերին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել