Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունվար 10,2003 00:00

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը մտահոգված է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման իրական նախադրյալների բացակայությամբ եւ այնքան էլ մտահոգված չէ, որ իր «տիտանական» աշխատանքի համար դրամաշնորհ չի «հաջողացրել»։ «Ոչինչ, ծանոթները կօգնեն-կհոգան անհրաժեշտ ծախսերը»,- «հանգստացրեց» հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թորոսյանը, չբացելով արդար ընտրությունների անցկացմամբ մտահոգ «ծանոթների» ցանկը։ Երեկ հրավիրված ասուլիսը նպատակ ուներ լրագրողների միջոցով տարածել երկու հայտարարություն. առաջինը հրավեր էր՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին, երկրորդը կապված էր Տիգրան Նաղդալյանի սպանության հետ։ Երկու հայտարարությունն էլ նպատակաուղղված էին նախընտրական շրջանում արդեն առկա օրինախախտումների կանխմանը (ավելի շուտ՝ արձանագրմանը)։ Ռ. Թորոսյանի հայտարարությամբ, Տ. Նաղդալյանի սպանությունը որոշ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ չհիմնավորված մեկնաբանություններով վերածել են նախընտրական քարոզարշավի։ Տպագիր հայտարարությանը կից ներկայացված էին Ռազմիկ Դավոյանի, Վարդան Օսկանյանի, Աղվան Վարդանյանի, Վահե Գաբրիելյանի եւ Արթուր Բախտամյանի հեռուստատեսային ելույթներից կտորներ, որտեղ ուղղակի կամ անուղղակի «վրաերթ» կար ընդդիմությանը, եւ նույնիսկ նրա հավանական մասնակցությանը սպանության գործին։ Ռ. Դավոյանն ուղղակիորեն նշել է, որ «այն քաղաքական ուժերը, որոնք ուզում են երկրում իշխանական դիրք զբաղեցնել, պետք է իմանան, որ գլխավորագույն արժեքը մարդու կյանքն ա… եւ սրանք ձեռք են բարձրացնում էտ բարձրագույն արժեքի վրա, ուրեմը ամբողջովին բովանդակազրկվում եւ սուտ է դառնում ե՛ւ իրենց հայտարարությունները, ե՛ւ իրենց ձգտումները»։ Աղասի Արշակյանը (հանձնաժողովի անդամ) առաջարկեց պատասխանատվության կանչել բոլոր հիշյալ, նաեւ՝ չհիշյալ «մեղադրողներին» ու «թող նրանք բացարձակ ասեն՝ ում ինչում են մեղադրում»։ Նախընտրական փուլում մինչ այդ արձանագրված իրավախախտումները նորություն չէին լրագրողների համար՝ ԿԸՀ-ի կողմից թեկնածու առաջադրած կուսակցություններին ու նախաձեռնող խմբերին չգրանցելը, ՀՀ պաշտպանության նախարարին ՀՀ նախագահի նախընտրական շտաբի պետ նշանակելը եւ այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության եւ ԿԸՀ-ի դրսեւորած անգործությունը եւ այլն։ Հատուկ քննարկման արժանացավ նախընտրական փուլում «առաջադրել» բառի փոխարեն «պաշտպանել» բառի օգտագործումը, ինչը նույնպես համարվում է քարոզարշավային արտահայտություն եւ անթույլատրելի։ Թույլատրելի ժամկետից շուտ (այն է՝ հունվարի 20) քարոզարշավի դեպքեր են արձանագրվել զանազան լրատվամիջոցներում։ Օրինակ՝ դեկտեմբերի 22-ին «ԱԼՄ» հեռուստաընկերությունը ցուցադրել է նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հետ հարցազրույց։ «Դա իր նախադեպը չունեցող երեւույթ էր, երբ դեռ 2 ամիս առաջ տրվող հաղորդման տակ տիտրերով գրվում է «նախընտրական քարոզչական հաղորդում»,- ապշել էր Ռուբեն Թորոսյանը «ԱԼՄ»-ի տնօրեն Տիգրան Կարապետյանի համարձակության, թե՝ իրավական «գրագիտության» վրա։ Հաջորդ իրավախախտումը համարվեց «Արմենիա» հեռուստատեսությամբ դեկտեմբերի 31-ին ցուցադրված «Էքսկլյուզիվ» հաղորդումը կամ՝ հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ, որը հարմար առիթ էր մի մեծ պլյուս դնելու նախագահի թեկնածուի հաշվին։ Այս եւ այլ արձանագրված խախտումների մասին հանձնաժողովը գրավոր տեղեկացրել է արդարադատության նախարարությանը, դեռեւս՝ անպատասխան։ Ովքե՞ր են ընդգրկված հանձնաժողովի կազմում. ըստ ներկայացված ցանկի՝ հիմնականում ընդդիմադիր կուսակցություններից։ «Բայց մենք մեր կանոնադրությունն ուղարկել ենք նաեւ իշխանամետներին, ու՝ ոչ մի դրական արձագանք»,- ասաց Ռ. Թորոսանը: Իսկ Արամազդ Զաքարյանն ավելացրեց. որովհետեւ հիմնական խախտողներն իրենք են»։ Հանձնաժողովի նախագահն, իհարկե, շատ է ուզում, որ իրենք շատ լինեն, որ ընտրություններին վերահսկողներն ինչքան շատ լինեն, այնքան լավ։ Բայց, օրինակ, Տիգրան Թորոսյանն իր կուսակցության անունից կտրուկ հրաժարվել է ընդգրկվել հասարակական վերահսկողությունում՝ «մենք նպատակահարմար չենք գտնում դա» պատճառաբանությամբ։ ԿԸՀ-ի հետ նույնպես համագործակցության սերտ եզրեր չեն գտնում, իրենք ընտրություններին կմասնակցեն դիտորդական խմբի հետ միասին։ Հարց հնչեց, թե՝ վերջերս Արշակ Սադոյանն անընդհատ առաջարկում էր ստեղծել այլընտրանքային կենտրոն՝ ընտրությունների վերահսկողության համար, սա՞ էր այդ հանձնաժողովը։ «Արշակ Սադոյանը մեր հայրը չի, որ ինչ ասի՝ անենք, մենք չենք էլ հասկանում, թե նա ինչ է ուզում ասի»,- պատասխանեց Ռ. Թորոսյանը։ Իսկ Արամազդ Զաքարյանն էլ հավելեց՝ «դե, նա մտքերի գեներատոր է»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել