Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՔԱՆ ՀԻՇՈՒՄ ԵՄ՝ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ»

Հունվար 11,2003 00:00

«ԻՆՉՔԱՆ ՀԻՇՈՒՄ ԵՄ՝ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ» «Հոկտեմբերի 27» քրեական գործով այս տարվա դատաքննությունը սկսվեց արտադատարանական մի տեղեկատվությամբ. սպանվել էր ճանաչված լրագրող Տիգրան Նաղդալյանը։ Ինչպես նախորդ մեր հրապարակման մեջ էինք նշել, շրջիկ վարկածների մեջ շեշտվում էր այն միտքը, որ սպանությունը ինչ-որ ձեւով կապ ունի «Հոկտեմբերի 27» քրգործի հետ։ Լրագրող Նաղդալյանը դատակոչվելիք 129 վկաներից մեկն էր։ Թե որքանով էր առանցքային նրա դերը այս քրգործով, մեր նախորդ զրույցի ժամանակ փորձել էինք պատասխաններ ստանալ մեղադրող Գագիկ Ավետիսյանից, փաստաբաններ Մարուսյա Չիլինգարյանից, Արարատ Բագրատունուց եւ Աշոտ Սարգսյանից։ Երեկ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան, Փաստաբանների միջազգային միության անդամ Էդիկ Աղաջանյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ կատարվածը իսկապես սարսափելի եւ անընդունելի էր, առավել եւս, որ մեր հանրապետությունում նման դեպքերը հաճախակի են դառնում։ Բայց, ամեն դեպքում, խիստ զարմանք եմ ապրում, որ այդ սպանությանը տվեցին տեռորիստական ակտի երանգ, որովհետեւ մինչեւ նախաքննություն չկատարեին, մինչեւ որոշակի ապացույցներ ձեռք չբերեին, նրանք իրավունք չունեին նման երանգով հայտարարություն անել։ Առաջին հայացքից դա ուղղակի դիտավորյալ սպանություն է։ Իսկ եթե հետագայում նախաքննությամբ պարզվեր եւ էական ապացույցներ ձեռք բերվեին, որ տեռորիստական ակտ էր, ապա դա ուրիշ հարց է։ Այդ ամենի հիման վրա գալիս եմ այն եզրակացության, որ մեր հանրապետությունում գոյություն ունեն այսօր արդեն գործող ուժեր, որոնք ամեն մի միջադեպի, ամեն մի հանցագործության փորձում են քաղաքական երանգ տալ։ Ինչ վերաբերում է Տ. Նաղդալյանի՝ որպես վկա լինելուն, ինքը մեծ նշանակություն ուներ այս դատավարությունում, ցուցմունքներ պիտի տար, բայց վերջնականապես համոզված լինել, որ սպանությունը կապ ուներ տրվելիք ցուցմունքների հետ՝ չեմ կարող վստահորեն ասել։ Կասկածանքներ, իհարկե, կան»։ Երեկ շարունակեց ցուցմունքներ տալ ԱԺ ՆԳ ծառայության տեսուչ Խաչատուր Մարտիրոսյանը։ Նրա հիշողությունը, ինչպես գնահատեց հարցաքննող մեղադրողներից Գագիկ Ավետիսյանը, վատացել էր. տեղի էր տալիս շատ հաճախ։ Ինչպես որ վատացել էր ոստիկան վկաների հիշողությունը եւս։ Այս վկան չէր հիշում պատգամավորների, որոնք դահլիճի գրավումից հետո դուրս էին եկել ԱԺ տարածքից։ Չնայած շեշտեց, որ կոնկրետ բոլոր պատգամավորներին հիշել է «այն ժամանակ», սակայն չհիշեց, թե Մանուկ Գասպարյանը ինչպես է դուրս եկել դահլիճից։ Ի դեպ, վերջինս հայտնել էր, որ իր դուրս գալուց հետո նիստերի դահլիճից դուրս է եկել ահաբեկիչը եւ փորձել է իր վրա կրակել։ Մեղադրող Անահիտ Եղիազարյանի «Տեսե՞լ եք այդ պահը» հարցին վկա Մարտիրոսյանը պատասխանեց, որ ահաբեկիչներից տեսել է ընդամենը մեկին, «ավտոմատը ներքեւ պահած, երեւում էր պլաշի մասը»։ Վկան պնդեց, որ դեմքը չէր երեւում, եւ չի տեսել, հետագայում է իմացել, որ ահաբեկիչը Ն. Հունանյանի եղբայրն է։ Ի դեպ, այս վկան 1997-ից ԱԺ-ում է, միակ սպան է, որ ՆԳ նախարարի հրամանագրով հեռացվել է համակարգից դեպքերից հետո եւ ունեցել է զենք կրելու իրավունք։ Վկան մի տարօրինակ բան ասաց. որ կրակոցներից հետո գնացել է դեպի տնտեսական մուտք, քանի որ վաշտի հրամանատարն էր իրեն հանձնարարական տվել։ Խ. Մարտիրոսյանը չկարողացավ պատասխանել, թե ով էր այդ պահին կոորդինացնում իրենց գործողությունները։ Ընդհակառակը, մեղադրող Գ. Ավետիսյանի հարցին պատասխանելով, թե փորձ արե՞լ են դահլիճն ազատագրելու համար, ասաց, որ պլան չի եղել, խոսակցություն չի եղել այդ ուղղությամբ եւ ոչինչ չի ձեռնարկվել։ «Ինքներդ վտանգե՞լ եք ձեր կյանքը, վնասազերծել ահաբեկիչներին, ազատել պատանդ պատգամավորներին»։ ՆԳՆ հերթական փառապանծ սպան պատասխանեց. «Փորձ չի արվել»։ «Դուք միլիցիոնե՞ր եք եղել, թե՞ հսկիչ»,- տեղի տվեց մեղադրողը։ Մեր տպավորությամբ, այսօրինակ կեցվածքով եւ հիշողությամբ ոստիկանը չէր կարող անգամ հսկիչ լինել։ Արձանագրենք, որ ոչ ոստիկան էր եւ ոչ էլ հսկիչ. եղել է պարզ թյուրիմացություն։ Դատաքննության մասնակիցներին հետաքրքրում էր, թե արդյոք ոստիկանները զգո՞ւմ են, որ իրենց հանցավոր թողտվությամբ է տեղի ունեցել այդ ոճրագործությունը։ Խ. Մարտիրոսյանը պատմության համար թողեց հետեւյալ տեքստը. «Որոշ մասով հավանաբար մենք էլ ենք մեղավոր»։ Այս վկան նախաքննության ժամանակ ասել էր, թե առաջին հարկում տեսել էր մի շարք զինված մարդկանց, որոնք թիկնապահներ էին։ Հիշողության դառը քամին երեկ նրան չշրջանցեց, եւ նա միամտաբար հայտնեց. «Թիկնապահները վերեւ չէին բարձրանում, որ ես ճանաչեի։ Մանրամասները չեմ մտաբերում»։ Երեկվա հարցաքննության ամենահետաքրքիր դրվագը թերեւս նռնակի պայթյունից հետո դեպքերի զարգացումն է եղել։ Վկան հայտնեց, որ իջել է ծառայողական սենյակ, որտեղ տեսել է Գագիկ Հակոբյանին։ Այսինքն, անցել է մի ճանապարհ, որով ամբաստանյալներ Դերենիկ Բեջանովն ու Էդիկ Գրիգորյանն են անցել, բնականաբար, կա՛մ ինքը, կա՛մ Գ. Հակոբյանը, կա՛մ էլ առաջին հարկում հերթապահող ոստիկան Ավետիք Մինասյանը տեսած պետք է լինեին ահաբեկիչներին։ Վկան ասաց, որ չեն տեսել։ Հետեւաբար մեղադրող Անահիտ Եղիազարյանի հետեւությունը դառնում է իրական՝ երեք ոստիկաններն էլ փախուստի են դիմել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031