Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ՝ «ԿԱԼԱՆՔԻ» ՏԱԿ

Հունվար 15,2003 00:00

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ՝ «ԿԱԼԱՆՔԻ» ՏԱԿ Երեւի թե գյումրեցիներն այնքան չեն նեղսրտում գորշ, տեսքից ընկած տնակներից, որքան փոսերով լի, ծուռումուռ ու նմանը չունեցող փողոցներից: Բավական է ասել, որ հորդառատ անձրեւներից հետո փողոցները վերածվում են լճակների եւ գյումրեցիներին սպասվում է, այսպես ասած, «տնային կալանք». դուրս գալը դառնում է անհնար: Ճանապարհների վերանորոգման վերաբերյալ «Լինսի» ճանապարհաշինության ծրագրի իրականացման գրասենյակի խոստումն անսպասելի էր. հաջորդ տարվա սեպտեմբերին «Գյումրիով անցնելու է մի շքեղ ճանապարհ»: Գյումրեցիները հազիվ թե դիմանան նման անակնկալի. համենայնդեպս, հավաքված մի խումբ գյումրեցիների արձագանքն այդպիսին էր: Բայց նկատելի է, որ Գյումրին հետզհետե փոխվում է: Հատկապես վերջին մեկ տարում ակնառու է քաղաքի տեսքի փոքր-ինչ բարելավումը: Այստեղ առաջին հերթին անժխտելի է մասնավոր կառույցների դերը: Մնացածը պայմանավորված է ընթացող ակտիվ շինարարական աշխատանքներով: Գյումրիում տնակային կառույցներից ձերբազատվելու փորձերն առավել ակնառու են վերջին երկու-երեք տարվա ընթացքում: Իսկ նորակառույցների բացման եւ ժապավենների կտրման հանրահայտ արարողությունների ժամանակ պետական այրերը, որպես կանոն, հավաստում են. «Կգա ժամանակ եւ հինը կորցրածները կստանան նորը»: Պաշտոնյաներին նման վստահության առիթ է տալիս աղետի գոտում «Լինսի» հիմնադրամի ծավալած գործունեությունը: Բնակարանաշինության ծրագրի համաձայն, ամբողջ աղետի գոտում նախատեսված է կառուցել 148 շենք, որից «մոտ 90-ը՝ Գյումրիում»: Անցած տարեվերջը եւս նշանավորվեց 2 բնակելի կառույցների շահագործմամբ (մոտ մեկ ամիս առաջ հանձնվել էր եւս 4-ը), իսկ մինչեւ տարեվերջ պետք է ավարտվեին նաեւ 6 շենքերի շինարարական աշխատանքներ: ՈՒ չնայած արտաքուստ գեղեցիկ կառույցների սեյսմակայունության մասին հնչող այն կարծիքներին, թե «ինչ ուժգնությամբ երկրաշարժ էլ լինի, չեն փլվի», բնակիչները լավ են գիտակցում, որ միայն հիշյալ պայմանը բավարար չէ նոր տներ տեղափոխվելու համար: Կոմունալ տարրական հարմարություններից զրկված լինելը կամ անորակ նորակառույցները ամենեւին էլ նորություն չեն որոշ գյումրեցիների համար: «Լինսի» հիմնադրամի աղետի գոտու բնակարանաշինության ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը հավաստիացնում է, որ որոշ բնակելի շենքերում տեղադրում են անհատական ջեռուցիչ սարքեր՝ ամենաբարդ խնդիրներից մեկը լուծելով այս տարբերակով: Նա որպես օրինակ փաստում է Կոշտոյան փողոցի 5ա եւ 5գ շենքերը, որտեղ բոլոր սարքերը տեղադրված են, «միայն մնացել է գազի գրանցման խնդիրը, բնակիչներն իրենք պետք է լուծեն հաշվիչների հարցը՝ վճարելով 40000 դրամ»: «Լինսի» հիմնադրամի բնակարանաշինության ծրագիրը կավարտվի 2003 թ. հոկտեմբերին (սկսվել է 2001թ. նոյեմբերի 9-ից): Այս ժամանակահատվածում նախատեսվածի ամբողջական իրագործումը կասկածի տակ է. հանրապետությունում ակնառու է որակյալ աշխատուժի պակասը: Հրայր Սարգսյանի կանխատեսմամբ, «Մյուս տարի հիշյալ պրոբլեմն ավելի կսրվի, եւ եթե արտագնա աշխատանքի գնացողներին չկարողանանք ներգրավել սեփական երկրում ծավալվող շինարարության մեջ, ապա լուրջ խնդիրներ կունենանք ժամկետների առումով, իսկ ծրագիրը միանշանակ ավարտվելու է սահմանված ժամանակին»: Իսկ քաղաքաշինության հետ կապված հարցերը Գյումրիում բազմատեսակ են. դպրոցաշինությամբ կամ էլ բնակարանաշինությամբ դեռեւս քաղաքը քաղաքի չի նմանվում: Իսկ ե՞րբ կվերանա աղետի գոտի հասկացությունը կամ էլ բնակարան երազող գյումրեցիների սպասողական վիճակը, թերեւս անհայտ է, հատկապես որակյալ շինարարների մեծ պահանջարկի դեպքում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել