Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸ՛Հ, դիմացիր

Հունվար 17,2003 00:00

ԿԸ՛Հ, դիմացիր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածուների նիստը։ Նախագահի թեկնածուները «բեղմնավոր» աշխատանք էին կատարել, պատրաստել էին մեկ դիմում՝ ուղղված ԿԸՀ-ին եւ երեք հայտարարություն։ ԿԸՀ ուղղված դիմումը նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրանցման օրինականության վերաբերյալ էր։ Դիմումի տեքստը կհրապարակվի բոլոր ութ (գուցե ավելի) թեկնածուների ստորագրումից հետո։ Իսկ հայտարարություններից մեկը վերաբերում էր գործող վարչախմբի կողմից իրականացվող լրատվական մոնոպոլիզացմանը։ Սրանում մասնավորապես շեշտվում է. «Ազգային կոչվող հանձնաժողովը՝ անցյալ տարի եթերից զրկելով «Ա1+» եւ «Նոյյան Տապան» անկախ հեռուստաընկերություններին, կոպտորեն ոտնահարելով ՀՀ Հակամենաշնորհային օրենքի պահանջները, այսօր մյուս հեռուստաընկերություններին պարտադրում է ի սկզբանե արհեստականորեն սահմանել քաղաքական գովազդի եթերավճարի անընդունելի բարձր գնացուցակ, որը հնգապատիկ գերազանցում է շուկայական մրցակցության պայմաններում ձեւավորված գովազդային հեռուստաեթերաժամերի գները։ Նպատակն ակնհայտ է՝ զրկել ընդդիմությանն «Ընտրական օրենսգրքով» սահմանված գումարների շրջանակում հեռուստատեսության միջոցով հաղորդակցվել ընտրողների հետ»։ 16 կուսակցությունների միավորման հաջորդ հայտարարությունը վերաբերում է նախագահական ընտրարշավի ընթացքում կատարված խախտումներին։ Սրանում մասնավորապես շեշտվում է, որ Սերժ Սարգսյանի հրամանով դեռ ընտրարշավը չսկսված՝ հաշվառվել են բոլոր այն պետական հիմնարկները, ուր պետք է գործեն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբները։ Գյուղապետերը հաշվառում են երկրից արտագաղթած քաղաքացիների տվյալները, Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբների պետեր են նշանակվում տվյալ շրջանում ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է նաեւ հետեւյալը. «Մենք ունենք բնակչությունից ստացված բազմաթիվ բողոքներ, որ ստորագրահավաքի արդյունքները ստուգվել են ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից։ Ստուգումները կրել են բնակչությանն ակնհայտ ահաբեկման բնույթ»։ «16»-ը կոչ է անում «ժողովրդին՝ դատապարտել իշխանությունների սանձազերծած ապօրինությունները եւ փետրվարի 19-ին միահամուռ մասնակցել ընտրություններին»։ Հաջորդ հայտարարությունը վերաբերում էր Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո ստեղծված իրավիճակին եւ իշխանությունների պահվածքին. «Բռնությունների ընթացքում ապօրինաբար ձերբակալվեցին երեք տասնյակ ազատամարտիկներ. այս քայլը մեկ անգամ եւս վկայում է, որ Ռ. Քոչարյանի հակաժողովրդական ռեժիմը պատրաստ է անգամ վարկաբեկել Արցախյան ազատամարտում մեր հաղթանակի ոգին հանդիսացող կամավորական շարժումը՝ իր նենգ նպատակներն իրականացնելու ճանապարհին»։ Միավորումը, դատապարտելով ապօրինությունների եւ բռնության գործելակերպը, հայտարարում է. «վարչակարգի նման գործողությունները չեն կարող խաթարել ընդդիմադիր դաշտի միասնականությունը եւ միաբանման գործընթացները»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031