Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎՈՒՄ»

Հունվար 17,2003 00:00

«ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎՈՒՄ» Հայաստանի բնապահպանական համակարգում անհաշվենկատ, տարերային ու գերծանրաբեռնված շահագործումից զատ, տեղի են ունենում նաեւ կենսառեսուրսների ու պետական ունեցվածքի խոշորամասշտաբ գողություններ։ Գոյաբնապահպանման այս վիճակի պատճառները բազմաթիվ են, «ըմբռնումով» մոտեցման դեպքում՝ մասամբ հանդուրժելի։ Իսկ գլխավորը՝ համակարգում վերջին տարիներին տարվող կադրային անլուրջ քաղաքականությունն է, անտարբերությունը։ Կադրերի ընտրության կամային արատավոր ձեւը մնում է գերադասելի։ Ամենապատասխանատու, մասնագիտական խոր գիտելիքներ պահանջվող պաշտոններում նշանակվում են միանգամայն պատահական մարդիկ, որոնք բնապահպանության, առավել եւս գիտական աշխատանքների հետ երբեւէ որեւէ կապ չեն ունեցել։ Որպես օրինակ կարող ենք բերել բնապահպանության նախարարության Արգելոցապարկային համալիրում տիրող դրությունը։ Այն բազմապրոֆիլ բնապահպանական գիտահետազոտական հիմնարկություն է, որի կազմում են համամարդկային նշանակություն ունեցող այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են վայրի ցորենների պետարգելոցը, Արարատյան որդան կարմիրի արգելավայրերը, հանրապետության տարածքի բնակլիմայական տարբեր գոտիներում սփռված մի շարք դենդրոպարկեր եւ այլն։ Համալիրի կազմում գործում է նաեւ գիտական կենտրոն՝ մեծ թվով գիտաշխատողներով։ Հանրապետության բնապահպանության ու կանաչ շինարարության զարգացման համար ստեղծված բացառիկ կարեւորության այս կառույցը վերջին տարիներին ոչ իրավասու ու պատահական մարդկանց ձեռքն է անցել։ Երեւույթը շարունակվում է՝ բնությանն ու ստեղծվածին պատճառելով անգնահատելի վնասներ։ Արգելոցապարկային համալիրին վերապահված է կենսառեսուրսների (մասնավորապես՝ բուսական) վերականգնման գիտական հիմունքների մշակման ու իրականացման բացառիկ կարեւոր դեր, սակայն չկա հիմնախնդրին պետականորեն մոտեցման մտածելակերպ։ Իրավիճակը խճճելու, անվերահսկելի դարձնելու նպատակով վարվում է փակ, գաղտնի գործելակերպ, չի տարվում որեւէ հաշվառում, արհեստականորեն վատացվում են աշխատանքային պայմանները։ Շատերը, նույնիսկ պաշտոնատար անձինք, աշխատատեղ չունեն, աշխատանքի չեն ներկայանում ընդհանրապես, «հեռակայում են»։ Արգելոցում, արգելավայրերում տարիներ շարունակ չեն կատարվում գիտահետազոտական աշխատանքներ՝ որեւէ դիտարկում։ Մեծ թվով գիտաշխատողներից ոչ մեկը չի մասնագիտացվում արգելոցային գործի, կենսառեսուրսների վերականգնման ուղղությամբ։ Այդպիսով, պետբյուջեից ուղղակիորեն ֆինանսավորվող հզոր գիտագործնական ներուժի ձեւական առկայության պայմաններում Արգելոցապարկային համալիրի հատուկ պահպանվող տարածքները բարձիթողի վիճակում են։ Նույն դրությունն է համալիրի մյուս հիմնարկներում՝ դենդրոպարկերում եւ դենդրարիներում։ Դրանք ստեղծվել են մեր գիտնականների էնտուզիազմի ու անձնվեր աշխատանքի շնորհիվ։ Վերջիններիս ստեղծողները կամ նրանց հետնորդները ոչ միայն չեն ստանում գիտագործնական աջակցություն, այլեւ հետապնդվում են ցանկացած լավ աշխատանքի նախաձեռնման, կողոպուտի ու վնասարարության կանխման համար, որոնք հսկայական չափերի են հասնում։ Միայն Ջրվեժի անտառպարկում 2002 թվին հասցված վնասը միլիոն դրամի կարգի է։ Գարնանը «խնամքով» արմատային համակարգով գողացվեցին 25-28 տարեկան ավելի քան 24 հատ արծաթափայլ եղեւնու լավագույն ծառեր, որոնց մեկ հատի գինը շուկայում 4-5 հարյուր ԱՄՆ դոլար է։ Օգոստոսին մեծ թվով անտառապահների, հերթապահների ու պատասխանատու այլ անձանց աչքի առաջ, օրը ցերեկով եռակցող սարքով կտոր-կտոր արվեց շուրջ 400 մետր ջրագծի խողովակաշարը, սակայն գողոնը տեղափոխելուն «խանգարեցին» նորից նույն աշխատակիցները (նշենք, որ տվյալ խողովակի մեկ մետրի շուկայական գինը 800- 1000 դրամ է)։ Թալանվեց եւ ապա հրկիզվեց վագոն-տնակը, որի արժեքը հիմնարկի հաշվեկշռում կազմում է 245000 դրամ։ Հրկիզումից օրեր անց տնօրեն Վ. Աբգարյանը փաստաթուղթ կորզելու ակնկալիքով հրշեջ խումբ է հրավիրում։ Հրշեջները կրակ չեն տեսել՝ փաստաթուղթ էլ չեն տվել, իսկ դեպքի մասին Աբովյանի ՆԳ բաժինը տնօրենից (ինչպես եւ նախորդ անգամ) հայտարարություն չի ստացել։ Այնուհետեւ նույն ճակատագրին արժանացրին բանվորական մեկ այլ տնակ եւս։ Վերջինի այրվելուն այս անգամ հրշեջներին ականատես են դարձրել։ Շարունակվում են ապօրինի ծառահատումները պատասխանատու անձանց կողմից, որոնց համար փոխնախարար Ս. Ամիրխանյանը «հանձնարարականներ է տվել վարչական տույժի ենթարկել անտառապետերին»։ Բերված փաստերով Ջրվեժի անտառպարկում չեն սահմանափակվում բացասական երեւույթները։ Ջրվեժի անտառպարկը սիրված հանգստավայր, զբոսայգի է, որի դռները ստեղծման օրվանից բաց են եղել այցելուների առջեւ, դրա համար նախատեսված են բոլոր պայմանները։ Ներկայումս մուտքը հասարակության համար փակ է եւ բացվում է «հատուկ» մարդկանց համար (հասկանալի է, դրամով)։ Ջրվեժի անտառպարկը դեռեւս մասնավոր սեփականություն չէ եւ նման ձեւով վարվելու իրավունք չունի ոչ ոք։ Ի թիվս այլ գործառույթների, այն նաեւ, եւ գլխավորապես, հանգստավայրի ֆունկցիա ունի եւ պետք է ծառայի իր բուն նպատակներին։ Վերջինը ամրագրված է ՀՀ կառավարության որոշմամբ՝ վավերացված ՀՀ նախագահի կողմից։ ՎՈԼՈԴՅԱ ՈՍԿԱՆՅԱՆ Կենսաբանական գիտությունների դոկտոր Նշված փաստերի մի մասին անդրադարձել է նաեւ «Առավոտը»՝ իր ավելի վաղ տպագրած հրապարակումներում, սակայն հարկ համարեցինք տպագրել նաեւ գիտությունների դոկտորի վկայություններն ու գնահատականները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել