Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉՈՐՍԸ ՉԵՆ

Հունվար 17,2003 00:00

ՏՈՒԺՈՂՆԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉՈՐՍԸ ՉԵՆ «Շատ անբարո է, որ մանկահասակ երեխաների նկատմամբ այդպիսի զազրելի ու քստմնելի արարքներ թույլ տված անձի նկատմամբ օբյեկտիվ քննություն չի տարվել»,- մեր զրույցն այսպես սկսեց տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում կատարված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հետ կապված (տուժողի անունը չենք նշում հայտնի պատճառով) քրեական գործի դռնփակ առաջին դատական նիստը տեղի ունեցավ անցյալ շաբաթ։ Նիստն ընթացավ առանց կողմերի շահերի ներկայացուցիչների եւ պաշտպանների (երկու կողմերն էլ չունեին իրենց ներկայացուցիչները)։ Մի քանի օր առաջ «Ծովինար» («Կանայք ընդդեմ բռնության») ՀԿ-ի միջնորդությամբ, տուժող կողմի շահերի պաշտպանությունն իր վրա է վերցրել փաստաբան Հովիկ Արսենյանը։ «Ծանոթանալով գործի նախաքննական արդյունքներին, պարզ դարձավ, որ տեղի են ունեցել Քրեադատավարական օրենսգրքի կոպիտ խախտումներ եւ ճիշտ չի տրվել հանցագործության քրեաիրավական գնահատականը»,- ասաց Հ. Արսենյանը։ Ըստ այդմ՝ ամենագլխավորը. ամբաստանյալ Ռուբեն Ղլիջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 112/1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ սեքսուալ բնույթի հանցագործություն փոքրահասակի նկատմամբ։ Այնինչ, նույն քրգործով նույն մեղադրող կողմը մեղադրանք է առաջադրել՝ առ այն, որ Ռ. Ղլիջյանը 2002թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սեքսուալ բնույթի բռնություններ է գործադրել 4 փոքրահասակների նկատմամբ, տարբեր ժամանակաընթացքում ու բազմիցս։ Ինչն արդեն դատապարտվում է ոչ թե 112/1 հոդվածի 1-ին, այլ՝ 2-րդ մասով, որի դրույթով հայտարարվում է. «Նույն արարքը, որը կատարվել է նախկինում նման հանցագործություն կամ բռնաբարություն կատարած անձի, …, …, կամ առաջացրել է ծանր հետեւանքներ» որակումը։ Ընդ որում, «նախկինում նման հանցագործություն կատարած լինելը» չի ենթադրում դատավճռի պարտադիր առկայություն։ Հետեւություն՝ նախաքննական մարմինը պարտավոր էր Ռ. Ղլիջյանին մեղադրանք առաջադրել ոտնձգության առաջին դեպքի համար՝ 112/1 հոդվածի 1-ին, իսկ մնացած դեպքերի համար՝ 2-րդ մասով։ Այս դեպքում արդեն նախատեսվում է ազատազրկում 5-10 տարով։ «Բացի այդ, տուժող ճանաչել են փոքրահասակ երեխային, այն դեպքում, երբ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու՝ ունա՞կ են փոքրիկներն իրենց կամքն արտահայտելու, կատարվածը վերարտադրելու եւ վերաբերմունք ցույց տալու։ Եթե ոչ, ապա տուժողի մերձավոր ազգականին պետք է ճանաչեին որպես տուժողի իրավահաջորդ»,- լրացրեց Հ. Արսենյանը։ Չի նշանակվել նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն, որով ի հայտ կգային տուժողների հոգեբանության վրա անդրադարձած ծանր հետեւանքները։ Քրեական հետապնդում իրականացրած մարմինը, ակնհայտորեն կոպիտ կերպով խախտելով Քրդատօրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, չի ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար։ «Ես երկու օր եմ զբաղվում գործով, եւ արդեն ինֆորմացիայի այնպիսի հեղեղ է թափվել վրաս, այնպիսի տեղեկություններ, որոնք ակնհայտ են եղել, բայց դուրս են մնացել իրավապահների ուշադրությունից»,- ասում է փաստաբանը։ Ասել է թե՝ տուժողների քանակն ամենեւին էլ չորսը չէ եւ այդ շարքը պետք է լրացնել՝ համապատասխան հետեւություններով։ Նախաքննական մարմինը (Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն) մատնանշել է իրեղեն ապացույցներ, որոնք տարօրինակորեն հետո դուրս են մնացել իրավապահ մարմինների ուշադրությունից։ «Կարծում եք՝ չհասկանալով կամ անգրագիտությունի՞ց են այս իրավախախտումները թույլ տրվել։ Ոչ, մենք լավ իրավաբաններ ունենք, խախտումներն էլ պահանջում են տարրական գիտելիքներ։ Ակնհայտ է, որ շահագրգռություն կա, կոռուպցիա։ Բայց այս գործում դա ներելի՞ է»,- զայրացած ու զարմացած էր փաստաբանը։ Նրա կարծիքով, նախաքննական մարմինները օգտվել են այն հանգամանքից, որ գործ ունեն «կիսագրագետ, անզոր մարդկանց հետ, եւ գործը կանեն՝ կվերջանա-կգնա»։ Փաստաբան Հովիկ Արսենյանը մտադիր է գործի քննության առաջիկա նիստում ներկայացնել վերը նշված իրավախախտումներն ու միջնորդել դատարանին՝ քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Հաջորդ նիստը նախանշված է անցկացնել հունվարի 20-ին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել