Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հունվար 17,2003 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ Բրազիլիայի խաղերը միլիոններ արժեն Այն բանից հետո, երբ ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում հինգերորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, պենտակամպեոնների խաղերը միլիոններ արժեն։ Փետրվարի 12-ին Գուանչժոում կայանալիք Չինաստան-Բրազիլիա ընկերական հանդիպման համար հարավամերիկյան այս երկրի ֆուտբոլային միությունը կստանա 1,2 մլն եվրո։ Ճիշտ է, պայմանագրի գլխավոր պայմանն այն է, որպեսզի այդ օրը խաղադաշտ մտնեն համաշխարհային առաջին մեծության աստղեր Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Ռոբերտո Կառլոսը եւ Կաֆուն։ Տեղեկացնենք, որ դեռ մինչեւ աշխարհի վերջին առաջնությունը բրազիլացիների մեկ ընկերական հանդիպումն արժեր ընդամենը 400 հազար։ Դել Բոսկեն՝ տարվա մարզիչ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ճանաչվել է 2002 թվականի տարվա լավագույն մարզիչ։ Դա հայտնի է դարձել Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմակերպած հարցման արդյունքներն ամփոփելուց հետո։ Անցած տարի «Արքայական ակումբը» 52-ամյա դել Բոսկեի ղեկավարությամբ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, այնուհետեւ տիրեց նաեւ միջմայրցամաքային գավաթին։ Հարցման մասնակիցներից 244-ը ձայնը տվել են Վիսենտե դել Բոսկեին։ Երկրորդ տեղում է Անգլիայի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ 166 ձայն։ Երրորդ տեղը բաժանել են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը եւ Կլաուս Տոպմելլերը («Բայեր», Լեւերկուզեն, Գերմանիա)։ Հնգյակը եզրափակում է արգենտինացի մարզիչ Ների Ալբերտո Պումպիդոն, որը ներկայումս աշխատում է Պարագվայի «Օլիմպիայում»։ Քիչ էր մնում կազինոն կործաներ «Չելսիի» հարձակվողին Պրոֆեսիոնալ մարզիկներն ինչո՞վ են զբաղվում ոչ աշխատանքային ժամերին։ Յուրաքանչյուրն իր համար ինչ-որ հետաքրքրություն է գտնում. մեկը գործում է, մյուսը՝ բանաստեղծություն գրում, մեկ ուրիշն էլ այցելում է խաղատուն։ Վերջիններից է «Չելսիի» հարձակվող Էյդուր Գուդյոնսենը։ Իսլանդացի այս ֆուտբոլիստը, ինչպես ինքն է խոստովանում, անպաշտպան էր մնացել մոլախաղերի առջեւ։ Վերջին կես տարուց էլ քիչ ժամանակում Գուդյոնսենի դրամապանակը «նիհարել» է 400 հազար ֆունտ ստեռլինգով։ «Դա սկսվեց այն ժամանակ, երբ վնասվածքի պատճառով անգործության էի մատնվել։ Մոլախաղը ինձ հնարավորություն տվեց որոշ ժամանակ ինքնամոռացության տրվել, չմտածել վնասվածքի, առանց ինձ մնացած թիմակիցներիս մասին։ Բայց, ի վերջո, ես հայտնվեցի պարտքերի մեջ ու որոշեցի դրանք վերադարձնել»,- խոստովանում է ֆուտբոլիստը։ Բարեբախտաբար, Գուդյոնսենի համար մոլախաղերի ժամանակը ետեւում է մնացել։ «Այլեւս երբեք ոտք չեմ դնի կազինո»,- ասում է նա։ «Փլեյբոյը» կարող է մնալ առանց աշխատանքի Անգլիայի «Բլեքբեռն» ակումբի եւ Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դամիան Դաֆֆը ամենամոտ ապագայում կարող է հարկադրված լինել հեռանալ իր ակումբից։ Տեղի ԶԼՄ-ները դրա գլխավոր պատճառը համարում են ֆուտբոլիստի՝ կանանց սեռով չափից ավելի հրապուրված լինելը։ Նրա այս շեղվածությունն Անգլիայում վաղուց է խոսակցությունների թեմա դարձել։ Պապարացիներն անթիվ անգամներ են նրան «բռնացրել» այս կամ այն մոդելի կամ դերասանուհու հետ։ Եվ որպես կանոն, Դաֆֆի յուրաքանչյուր սիրավեպ ավարտվել է մեծ սկանդալով։ Մասնավորապես, անցած տարի Դաֆֆի եւ նրա վերջին ընկերուհու միջեւ կապերի խզման պատմությունն ընդգրկել էր գործնականում ամբողջ Անգլիան։ Եվ ահա, ըստ ամենայնի, «Բլեքբեռնի» մարզիչ Գրեմ Սունեսի համբերությունը հատնել է։ Հերթական սկանդալից հետո նա Դաֆֆին, որին արդեն ժողովուրդը տվել է «Փլեյբոյ» մականունը, հայտնել է, թե նա կարող է իր համար նոր թիմ փնտրել։ Իռլանդացու ծառայություններով, ըստ տարածված լուրերի, անմիջապես հետաքրքրվել է Իտալիայի «Ինտերը»։ Սակայն որոշ տվյալներով, անգլիացիների ղեկավարությունը նրանց առջեւ որոշել է «կարմիր լույս» վառել։ Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել