Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակայությունների նոր պատճառ

Հունվար 24,2003 00:00

Բացակայությունների նոր պատճառ «Պատահում է, որ աշակերտը 2-րդ, 3-րդ դասաժամից հետո է դպրոց հասնում» Թեեւ խոսքն աշակերտների պարբերական ուշացումների ու բացակաների մեծ թվի մասին է, սակայն շատ դպրոցների տնօրեններ դրան ըմբռնումով են մոտենում։ Վերջին օրերին հանրապետությունում առաջացած գազի խնդիրն էլ նոր պատճառ է, որ աշակերտները «դպրոց չհասնեն»։ Մայակովսկու անվան դպրոցում, տնօրեն Գ. Մկրտչյանի ներկայացմամբ, աշակերտներ կան, որ հեռվից են գալիս եւ 2-րդ, 3-րդ ժամից հետո նոր դպրոց են հասնում, «կան դասարաններ, որտեղ 10-12 բացակա ենք ունենում»։ Փոխարենը, տիկին Մկրտչյանի խոսքերով, ուսուցիչները բարեխիղճ հաճախում են, քանի որ առավոտյան ժամը 7-ին են տնից դուրս գալիս եւ, թեկուզ ոտքով, տեղ են հասնում։ Տնօրենը մեզ հավաստիացրեց, թե կան դասարաններ, որ բացականեր չունեն, իսկ դասասենյակներում նորմալ ջերմաստիճանային պայմաններն ապահովված են։ Ղ. Աղայանի անվան դպրոցում, տնօրեն Գ. Ափրոյանի խոսքերով, երեկվա դրությամբ աշակերտների հաճախումները 65% են կազմում։ Ըստ նրա, բացակա աշակերտների ծնողներին պարբերաբար ահազանգում են, սակայն վերջիններս պատճառաբանում են, թե երեխաները հիվանդ են։ Թիվ 127 դպրոցում բացակաների թիվը հասնում է 192-ի (679-ից)։ Այս դպրոցում եւս աննախադեպ ցրտից վնասվել էին ջրամատակարարման խողովակները, սակայն տնօրենը հավաստիացնում է, որ մեծ վնասներ չեն եղել, քանի որ պահակը ժամանակին հայտնաբերել է վթարը։ Աշակերտների հաճախումների հետ կապված ամենաբարձր ցուցանիշը Ա. Շիրվանզադեի դպրոցում է՝ 96%։ Սեփական կաթսայատուն ունեցող դպրոցում, տնօրեն Վ. Սարգսյանի բառերով, «երեխաները նույնիսկ շոգից շշմում են եւ քնկոտություն են ունենում։ Այստեղ ոչ միայն դասասենյակներում, այլեւ միջանցքներում ու զուգարաններում էլ տաք է։ Մեզ թանկ հաճույք ենք թույլ տվել, սակայն այդպես փրկել ենք շենքը քայքայումից, դպրոցի բուսական աշխարհը՝ ցրտահարվելուց»։ Հանրապետությունում առաջացած խնդրի հետ կապված, այս դպրոցում գազի մուտքի նվազեցում չի արձանագրվել։ Հակառակ դեպքում, Վ. Սարգսյանը ստիպված կլիներ դասերը դադարեցնել. «Երեխաների առողջության հաշվին ես չեմ պատրաստվում դաս անել»։ Պարոն Սարգսյանը նաեւ անհանգստացած էր, որ թանկ հաճույքից օգտվելու համար հնարավոր է՝ իրենց պատասխանատվության կանչեն։ Սակայն. «Մենք պատասխան ունենք»։ Ինչպես նկատեցիք, ամբողջ նյութը լավատեսական ոգով էր գրված եւ կարծես խոսքն այնքան էլ Հայաստանի դպրոցների մասին չէր։ Իսկ այդ ոգին մեզ մշտապես ներշնչում են քաղաքապետարանի կրթության վարչությունը եւ մեր դպրոցների տնօրենները։ Այն դպրոցների, որոնց միայն 20%-ն է աշխատում «մարդկային պայմաններում»։ Կարծես թե մեզնից յուրաքանչյուրը դպրոցում երեխա, քույր կամ եղբայր չունի։ Ընդ որում, կրթության վարչությունը կարողանում է ոգեշնչել նաեւ այն դպրոցների տնօրեններին, որտեղ երեխաների ձեռքերը ցրտահարվում են, իսկ ուղեղները ցրտից դառնում անընկալունակ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել