Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻՑ ՈՒԺԵՂ Է

Հունվար 24,2003 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻՑ ՈՒԺԵՂ Է Մինչ մյուս ժողովուրդներն ու երկրները տառապում են գլոբալիզացիայի երեսից, կորցնում իրենց մշակութային արժեքները, Հայաստանում հանգիստ են, քանի որ մշակույթը հուսալի ձեռքերում է։ Մոտավորապես նման բովանդակությամբ հայտարարություն արեց ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, երբ ԱԼՄ հեռուստատեսության հյուրն էր։ «Համաշխարհայնացման ճանապարհին կորուստներ են ունենում հեռավոր Կանադան, էթնիկ ցեղերը, նույնիսկ համաշխարհային մշակույթի կենտրոն Ֆրանսիան ու Ռուսաստանը, նրանք օր օրի կորցնում են իրենց մշակույթը»,- գուժեց մեր մշակույթի թիվ 1 պաշտպանը։ Իսկ այ, մենք՝ հայերս, նրա կարծիքով, նման խնդիր չունենք, քանի որ կարողանում ենք պահպանել ու զարգացնել մերը, դեռ մի բան էլ մշակութային ներթափանցումը Հայաստանում հակառակ ընթացքով տանել։ Ըստ նախարարության ունեցած «կոպիտ սոցիոլոգիայի, եթե մի 3 տարի առաջ Հայաստանը ողողված էր ռուսական էստրադայով, ապա այսօր հայկական էստրադայի մեծ ու փոքր աստղերն ավելի շատ հանդիսատես ունեն, քան ռուս աստղերը»։ Ըստ մշակույթի նախարարի ունեցած նույն տվյալների, Հայաստանի ազգաբնակչության 60%-ը լսում է միայն ազգային եւ դասական հայկական երաժշտություն, իսկ «մի 5 տարի առաջ այդ թիվը 1-2% էր կազմում՝ այնքան, որքան նախագահի մի անհայտ թեկնածուի վարկանիշի տոկոսները»։ Ու քանի որ գլոբալիզացիան վերահսկելի չէ, մեր նախարարին անչափ մտահոգում է նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքը ապահովելը եւ երկրում մշակութային բազմազանության պահպանումը։ Վերջիններիս մշակութային առանձնահատկություններով ոգեւորված՝ նախարարը համաձայնեց ԱԼՄ հոլդինգի նախագահի այն կարծիքի հետ, որ, օրինակ, եզդիների պահած ոչխարն ավելի համեղ է, քան հայինը, քանի որ եզդին դա ավելի լավ է անում։ Իսկ հայը, ի տարբերություն եզդու, ավելի լավ դուդուկ է նվագում։ Դրա համար էլ հայկական դուդուկը ավելի ճանաչված է իբրեւ ազգային նվագարան, քան մյուսները, ինչի շնորհիվ էլ մտցվել է շուրջ 30 երկրների օրկեստորների մեջ։ Ի դեպ, մշակույթի ասպարեզում գլոբալիզացիայի մասին խոսելիս, մշակույթի նախարարը առիթն օգտագործեց, որ Ռ. Քոչարյանի նախընտրական քարոզարշավի մեջ իր ներդրումն ունենա։ Նա քանիցս մեջբերումներ արեց նախագահի նախընտրական ծրագրից, որտեղ, իր կարծիքով, մեծ տեղ է տրված ազգային փոքրամասնություններին ու նրանց իրավունքներին. «Նրանք էլ, չէ՞, պիտի ունենան մեր մշակութային կյանքում իրենց ներկայությունը հաստատելու իրավունք»։ Ու իբր քիչ են Հայաստանում մշակութային խնդիրները, հիմա էլ Ռ. Շառոյանը որոշել է սփյուռքում ազգային մշակույթի հզորացման ու զարգացման «բեռն» իր ուսերին վերցնել. «Մենք ունենք հզոր, 7-10 միլիոնանոց սփյուռք, որի խնդիրը նույնպես մեզ վրա է դրված։ Մենք պիտի կարողանանք մեկ մշակույթի ճանապարհով ապահովել ազգային մշակույթի զարգացումն ու հզորացումը նաեւ արտերկրում»։ Ելույթի վերջում արձանագրելով գլոբալիզացիայի դրական ազդեցությունը մեր եւ բացասականը՝ մյուս երկրների վրա, մշակույթի նախարարը խոստացավ 2005-ին (երբ աշխարհի բոլոր երկրների իր կոլեգաներով կհավաքվեն) ամփոփել Հայաստանում մշակութային հեղափոխության բարձր արդյունքները ու զարմացնել բոլորին։ Ու չնայած, «եթե Համաշխարհային բանկի բոլոր փողերն էլ ներդրվեն մշակույթի զարգացման համար, դարձյալ քիչ կլինի», ինքն ամեն ինչ անում է, որ «դրական ընթացքի մեջ լինենք», եւ մեր երկիրը մյուսներից հետ չմնա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել