Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է

Հունվար 24,2003 00:00

«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է Իսկ գլխավոր մարզիչն առայժմ քչախոս է Անցած մրցաշրջանն Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբի համար հաջողվածներից չէր։ Հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող այս ակումբը մրցաշարի միջնամասում ներակումբային խնդիրներ ունեցավ ու քիչ էր մնում առաջնության կեսից դադարեցներ պայքարը։ Բարեբախտաբար, բանը դրան չհասավ։ Ակումբի հովանավորը եւ ղեկավարությունը վերջին պահին որոշեցին շարունակել մասնակցությունն ուժեղագույն թիմերի մրցաշարում եւ 2002 թվականը եզրափակեցին մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Դա հնարավոր դարձավ առաջնության վերջնամասում մարզչական կազմում փոփոխություններ կատարելու շնորհիվ, երբ գլխավոր մարզչի ղեկը վստահվեց ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանին, որը վերջին տարիներին աշխատել է արեւելյան երկրների ակումբներում։ Ս. Բարսեղյանի ղեկավարությամբ «Միկան» դեռ դեկտեմբերի 9-ից սկսել է ձեռնամուխ լինել 2003թ. առաջնության նախապատրաստությանը։ Մինչեւ տարեվերջ առաջին ուսումնամարզական հավաքը թիմն անցկացրել է Երեւանում, իսկ այս տարվա սկզբից մեկնել Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիր։ Օրական երկու անգամ մարզվելու ընթացքում ֆուտբոլիստները բարձրացնում են իրենց ֆիզպատրաստականության աստիճանը եւ աշխատում գնդակներով։ Մենք օրերս այցելեցինք «Միկային» եւ զրուցեցինք Սուրեն Բարսեղյանի հետ։ – Հավաքի հրավիրել ենք 20 ֆուտբոլիստի, որոնք ֆուտբոլի հայկական դպրոցի ներկայացուցիչներ են։ Տղաները մարզվում են նվիրումով։ Թե առաջնության շեմին նրանցից ո՞վ կգրանցվի թիմում, առայժմ չեմ կարող ասել։ Ամեն բան կախված է իրենցից։ – Այսինքն, հիմա «Միկայում» լեգեոներականներ ընդհանրապե՞ս չկան։ – Այո։ Բայց հիմա մեզ մոտ փորձաշրջան են անցնում հանրապետության այլ ակումբների խաղացողներ։ Օրինակ, «Բանանցից», «Դինամոյից», «Զվարթնոցից», «Կոտայքից», 1-ին խմբի «Լոկոմոտիվից»։ Թերեւս միակ բացառությունը կարող էր կազմել Անդրեյ Բուլանովը։ Նա վնասվածք ուներ, որը բուժելու համար մեկնել է տուն։ Պայմանավորվել էինք, որպեսզի կապ պահեր մեզ հետ ու ապաքինվելուց հետո վերադառնար։ Սակայն մինչեւ այժմ նրանից ոչ մի տեղեկություն չկա։ – Հիմա ֆուտբոլային աշխարհում դժվար է առանց լեգեոներականների բարձր արդյունքների հասնել։ Համենայնդեպս, այդպես են վարվում ամբողջ աշխարհում, նաեւ մեր ակումբների մի մասը, որոնք ունեն այդ հնարավորությունը։ Դուք, ստացվում է, գնում եք հակառակ ուղղությամբ։ Ինչո՞ւ։ – Երբ ստանձնեցի թիմի ղեկը, ակումբի հովանավորների, ղեկավարության հետ էլ այդ թեմայով զրույց եղավ։ Ես հստակ արտահայտեցի իմ տեսակետը։ Քանի դեռ թիմը թիմ չի դարձել տեղական կադրերի օգնությամբ, որոնք պետք է կազմեն «Միկայի» հիմքը, կորիզը, արտասահմանցի ֆուտբոլիստ հրավիրելու մասին չեմ մտածելու։ Այ, երբ կկազմավորվեն խաղային օղակները, թիմը կգործի ներդաշնակ ու ցույց կտա բարձրակարգ ֆուտբոլ, այն ժամանակ օղակներն ավելի ուժեղացնելու նպատակով կարելի է դրսից խաղացող հրավիրել։ Իմ համոզմունքը հետեւյալն է. նախ պետք է զարկ տալ տեղական կադրեր աճեցնելուն եւ միայն դրանից հետո դրսում ֆուտբոլիստ փնտրել։ Առանց առաջինն անելու հայկական ֆուտբոլը չի զարգանա, արտերկրում մեզ չեն գնահատի ու հարգի։ Իսկ այստեղ՝ Հայաստանում, անելիքները շատ-շատ են։ – Յուրաքանչյուր մասնագետ ունի իր տեսակետը ու առաջնորդվում է սեփական համոզմունքով։ Ուզում եմ տալ վերջին հարցը. մրցաշրջան-2003-ում դուք ձեր եւ թիմի առջեւ ի՞նչ խնդիրներ եք դրել լուծելու, ի՞նչ ծրագրեր եք կազմել։ – Առայժմ դրանց մասին խոսելը վաղ եմ համարում մի քանի պատճառներով։ Նախ, հիմա թիմը դեռ կազմավորման փուլի մեջ է։ Ուսումնամարզական հավաքները դեռ շարունակվում են։ Այս փուլն ավարտելուց հետո նախատեսում ենք մարզումները շարունակել արտասահմանյան որեւէ երկրում, ավելի հավանական են Լիբանանը կամ Կիպրոսը։ Ուր էլ մեկնելու լինենք, մարզումներից զատ նաեւ ընկերական հանդիպումներ ենք նախատեսում տեղի ակումբների հետ, որոնց ընթացքում ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնելու հնարավորություն կունենանք։ Միայն այդ ժամանակ վերջնականապես կորոշենք, թե ում ենք թողնում թիմում։ Հավաքներից, մարզումներից, խաղերից հետո ստացված արդյունքը ցույց կտա, թե «Միկան» այս տարվա առաջնությունում ինչ ծրագրեր կարող է իրականացնել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել