Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ»

Հունվար 25,2003 00:00

«Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ» Երեկ Պարույր Սեւակի ծննդյան օրն էր Սեւակը հասու էր մի կարեւոր ճշմարտության. «Պոեզիան երբեք մանր-մունր բաներից չի ծնվում… Բանաստեղծության կենդանության եւ հարատեւության գաղտնիքը ընդհանուրի համար «կարեւոր ասելիք ունենալու մեջ է»։ Ինչ-որ տեղ սա բնութագրում է նաեւ իր՝ Պարույր Սեւակի բանաստեղծության տիպարը։ «Հանուն եւ ընդդեմ «ռեալիզմի նախահիմքերի» հոդվածում, ինչպես նաեւ իր մյուս գրականագիտական ուսումնասիրությունների մեջ եւ զանազան առիթներով ունեցած հարցազրույցներում Սեւակը մեթոդաբար պահանջում է, որ պոեզիան թափանցի ժամանակակից մարդու էության մեջ եւ բացի նրա հոգու գաղտնիքները։ «Ես գիտեմ մարդուն։ Ինչ ասես չկա նրա փակ սրտում»։ Բացել 20-րդ դարի մարդու «փակ սրտի» գաղտնիքները, ամեն կերպ, ամեն գնով իրագործել այս գերխնդիրը, այստեղից էլ ի հայտ է գալիս նրա հայտնի ձեւակերպումը. «Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ»։ «Թեթեւության համար դարը մեզ չի ներում», իր այս արտահայտությունը դարձնելով իր ստեղծագործության կարգախոսը, միաժամանակ իր գրականագիտական աշխատություններում այդ կարգախոսով Պարույր Սեւակը նախ իրենից, ապա ժամանակակից բանաստեղծներից պահանջում էր վերջ դնել մանրաթեմայնությանը եւ մանրախոսությանը, իրականությունն արտացոլել իր լայնքով ու խորքով, ճշմարտացիությամբ, չմնալ մակերեսի վրա եւ բանաստեղծությունը չդարձնել օրացուցային չափածո փառաբանություն ու գովերգություն։ Սրանք վնասակար ախտանիշներ էին, որոնք մեր պոեզիայում գոյություն ունեին 50-60-ական թվականներին եւ դրանց դեմ անողոք պայքար էր մղում Պարույր Սեւակը իր գրականագիտական անդրադարձներով, ինչպես նաեւ իր ողջ ստեղծագործությամբ։ Պարույր Սեւակը դեռեւս 50-ական թվականներից իր գրական- տեսական հոդվածներով դրեց ժամանակակից պոեզիայի, ինտելեկտուալ պոեզիա ստեղծելու խնդիրը եւ առաջինն ինքը օրինակ ծառայեց իր բանաստեղծություններով։ Ահա ինչ է գրում Էդ. Մեժելայտիսը, որը տվյալ ժամանակի ինտելեկտուալ պոեզիայի ներկայացուցիչներից էր. «Սեւակը մոտենում է ժամանակակից պոեզիայի մեթոդին, որին հատուկ է լաբորատոր վերլուծումը։ Վերլուծական դարը պահանջում է եւ վերլուծական խոսք։ Պարույր Սեւակը նուրբ մտածող, փիլիսոփայող պոետ է։ Նրան կարելի կլիներ կոչել քնարական մտածող։ Սեւակը մտքի ազատության եւ մարդկայնության երգիչն է»։ «Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից. լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ»,- ընդամենը երկու տողանոց բանաստեղծությունը բանալի է իր բովանդակ ստեղծագործության դուռը բացելու համար։ «Մանրաքանդակ պաղ խոսքերը» չէին կարող ի դերեւ հանել այն հզոր շեփորական ձայնը, որ Պարույր Սեւակն իր հոգու խորքից ուղղում է իր ժամանակին։ ՆՈՒՆԵ ԴԱՎԹՅԱՆ Երեւանի պետհամալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել